Տրանսպորտի նախարարության շենքը գնել ցանկացողը պետք է 1 մլն դրամից ավել կանխավճար մուծի

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախօրեին հրապարակել է մի հայտարարություն, որով ցանկացողներին հրավիրում է մասնակցել իր հաշվեկշռում գտնվող Հանրապետության հրապարակում տեղակայված շենքի աճուրդին: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նալբանդյան 28 հասցեում գտնվող այդ շենքը, որի մակերեսը կազմում է 7 հազար 809,9 մետր քառակուսի, գնահատվել է 13 միլիարդ 223 միլիոն 400 հազար դրամ: Իսկ շենքի սպասարկման տարածքը, որը նույնպես նույն աճուրդով նախատեսվում է վաճառել, 2 հազար 520,65 քառակուսի մետր մակերես ունի եւ գնահատվել է 151 միլիոն 240 հազար դրամ: Այսինքն՝ ընդհանուր անշարժ գույքը՝ շենքը եւ դրա սպասարկման հողամասը, գնահատվել են 13 միլիարդ 374 միլիոն 640 հազար դրամ կամ մոտ 27 միլիոն 300 հազար դոլար:

Հարկ է նշել, որ աճուրդը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին, իսկ դրան մասնակցել ցանկացողները մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է 661 միլիոն 170 հազար դրամի չափով աճուրդի մասնակցության նախավճար մուծեն: Այլ կերպ ասած՝ վերը նշված շենքը գնել ցանկացող անձը կամ կազմակերպությունը ի սկզբանե պետք է 1 միլիոն 350 հազար դոլարին համարժեք գումարի կանխավճար մուծի:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վարչական շենքը վաճառելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է դեռեւս այս տարվա օգոստոսին: Ինչեւէ, մեկ ամսից պարզ կլինի, թե արդյո՞ք նշված շենքի գնորդ գտնվել է, թե՞ ոչ: Նշենք միայն, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շարունակում է զբաղեցնել այդ տարածքը, չնայած վաղուց այդ գերատեսչության համար Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության շենքի համալիրում տեղ է նախատեսված:

Վ.Հ.