Այդքան հեռու, բայց և մոտ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին ակտիվություն է նկատվում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին ակտիվություն է նկատվում, սակայն սա դեռ չի խոսում կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին: Դեռ ավելին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասների մասին, տեղեկացրել է, որ իրենք անդրադարձել են նաեւ ԼՂ խնդրին: Ու Էրդողանն ասել է, թե ՌԴ-ի համար եւս լավ կլինի այդ հարցին ավելի շատ ուշադրություն դարձնելը. «Բայց իմ կարծիքով, Պուտինը մեծ հույսեր չունի կողմերի դիրքորոշումների պատճառով»: Ռուսական կողմը երեկ չէր հերքել Էրդողանի խոսքերը:

Մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր գոհունակությունն էր հայտնել Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից, եւ երեկ հայտարարել է. «Բանակցությունները կոնստրուկտիվ էին, առարկայական, կոնկրետ հարցեր են քննարկվել, որ վերաբերում են ԼՂ խնդրի կարգավորմանը։ Դետալներից չեմ խոսի, քանի որ որոշել ենք քննարկումները շարունակել Վիեննայում, դեկտեմբերին»,- ասել է նա` հավելելով, որ կան գաղափարներ, որոնց շուրջ համանախագահները պետք է մի քիչ աշխատեն՝ առաջ գնալու համար։ Ըստ նրա, դրանք այն գաղափարներն են, որոնք համանախագահները առաջ են քաշել դեռեւս 2004 թվականին, այդ թվում նաեւ այն 6 առաջարկներն են, որոնք միջնորդները ներկայացրել են։

Մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ պնդել է, որ ԼՂ բանակցություններում արդյունքի հնարավոր է հասնել, եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի եռանախագահների մոտեցումներին: «Հեծանիվ հնարելը այս կարգավորման գործընթացում դժվար է: Այս բոլոր տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց իրականության մեջ հենքը՝ այս բանակցային գործընթացի, նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եվ եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որը եռանախագահող երկրները միջազգային հանրության կողմից ներկայացնում են որպես հիմնախնդրի կարգավորում, ապա առավել հնարավորություններ կբացվեն այս գործընթացը առաջ տանել եւ արդյունքներ ունենալ»,- ասել է նա:

Նկատենք, սակայն, կողմերի դիրքորոշումների այս տարբերությունը, որի մասին խոսել է նաեւ Պուտինը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, դեռ չի նշանակում, որ հնարավոր չէ հասնել հիմնահարցի լուծման: Պարզապես դեռ չի եկել միջազգային հանրության, այդ թվում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու եւ խնդիրը լուծել հարկադրելուն ուղղված գործողությունների ժամանակը:




Լրահոս