Հայաստանի միջազգային նոր իմիջը. փորձում է դառնալ ամենառազմականացված պետություններից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները շրջանառության մեջ դրեցին «Ազգ-բանակ» ծրագիրը: Այդ գաղափարախոսության շրջանակներում էր նաեւ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագիծը, որն, ինչպես հայտնի է, էապես սահմանափակում է ուսումնառության նպատակով տարկետում ստանալու իրավունքը:

Ու հիմա իշխանությունների այս գործողությունների արդյունքում վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանն աշխարհին կամաց-կամաց ներկայանում է նոր իմիջով` հանդես գալով որպես ամենառազմականացված պետություններից մեկը՝ ըստ էության լուրջ ձեռնոց նետելով միլիտարիզացված պետությունների ցանկը գլխավորող Իսրայելին: Պատահական չէ, որ «Ազգ-բանակ» ծրագրի մասին խոսելիս իշխանությունները համեմատական եզրեր էին անցկացնում հենց Իսրայելի հետ՝ փորձելով իրենց պատկերացումների սահմաններում նմանվել վերջինիս:

Գերմանական Bonn International Center for Conversion կենտրոնը դեռ 2016թ. տարեվերջին հրապարակել էր իր ամենամյա «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Դասակարգման մեջ հաշվի էին առնված ռազմական ծախսերի համար հատկացվող գումարի չափը ՀՆԱ-ի համեմատ, զինված ուժերի թվակազմը եւ պետության ունեցած ծանր սպառազինության քանակը: Ընդ որում, վերջին տասը տարիների զեկույցներում ՀՀ-ն մշտապես գտնվել է ամենառազմականացված պետությունների առաջին տասնյակում:

2005-2006թթ Հայաստանն ամենառազմականացված պետությունների մեջ 8-րդն էր, 2007-2009թթ. ՀՀ-ն զբաղեցրել է 6-րդ, 2010-2011թթ.` 4-րդ, իսկ 2012թ. սկսած` 3-րդ հորիզոնականը: Նշենք նաեւ, որ ամենառազմականացված պետությունների ցանկը գլխավորում է Իսրայելը, որից հետո Սինգապուրն է: Հարեւաններից Ադրբեջանը 9-րդ տեղում է, Թուրքիան՝ 20-րդ, Իրանը՝ 26-րդ, Վրաստանը՝ 48-րդ տեղում, իսկ ՌԴ-ն այս ցանկում 5-րդն է:

Հասկանալի է` ստեղծված իրավիճակի պատճառը Ղարաբաղյան հակամարտության գոյությունն է` պատերազմի վերսկսման հավանականությունը հատկապես 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո:

Բայց հիմա իշխանությունների վերջին գործողությունների հետեւանքով Հայաստանում է՛լ ավելի կխորանա ռազմականացվածության մակարդակը: Մանավանդ, երբ օրենսդրական փոփոխություններից բացի՝ իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում կտրուկ ավելացրել են պաշտպանության ոլորտի ծախսերը՝ կազմելով բյուջեի մոտ 20 տոկոսը: Ըստ 2018թ. պետական բյուջեի նախագծի՝ պաշտպանության բնագավառի ծախսերը 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 243 մլրդ 743.7 մլն դրամ, որից միայն ռազմական կարիքների բավարարման համար ուղղվելու է 225 մլրդ 630.2 մլն դրամ:

Մինչդեռ այս տարվա բյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվել է 209,8 մլրդ դրամ: Հասկանալի է` քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը, քանի դեռ կա պատերազմի վերսկսման հավանականությունը, ՀՀ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել այս ոլորտն ուժեղացնելու ուղղությամբ: Մանավանդ, երբ հակամարտության մյուս կողմը` Ադրբեջանը, իր հերթին սպառազինությունների մրցավազք է սկսել:

Բայց մյուս կողմից այս ամենն այնքան էլ դրական ազդեցություն չի ունենում Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացման վրա: Պատահական չէ, որ «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017»-ի մեջ նշված է. «Ռազմականացման բարձր մակարդակը մի կողմից սահմանափակում է տնտեսության զարգացումը` սպառելով սուղ տնտեսական ռեսուրսները, մյուս կողմից՝ ուղղակի պահանջարկի եւ տեխնոլոգիաների ու կարողությունների տարածման միջոցով ռազմականացմանն առնչվող զարգացումները կարող են նպաստել տնտեսության մի շարք ոլորտների աճին, ինչպիսին են մեքենաշինությունն ու ՏՏ-ն»:

Մի փաստ էլ, որքան Հայաստանը «բարելավել է» իր դիրքերն ամենառազմականացված պետությունների շարքում, այնքան ավելի է մեծացել արտագաղթը: Բավական է միայն նշել, որ վերջին հինգ տարում, միայն պաշտոնական տվյալներով, երկրի բնակչությունը պակասել է ավելի քան 300 հազարով, եւ ՀՀ-ից շատ շատերը հեռացել են ոչ այնքան երկրի սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով, որքան պատերազմի վերսկսման վտանգից զգուշացած:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս