Մնում է` ինքնամեդալ ստանան. ինչ է կատարվում Երևանի քաղաքապետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեվերջին պետական հիմնարկների աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգեւավճարներ են ստանում, ինչը ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ:

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անցած տարվա պարգեւատրումների կարգադրությունից տեղեկացավ, որ քաղաքապետի եւ նրա տեղակալների գլխավորությամբ այդ հիմնարկի 1 հազար 220 աշխատակիցներ պարգեւավճարներ են ստացել:

Երեւանի քաղաքապետը համապատասխան կարգադրությունն անցած տարի ստորագրել է դեկտեմբերի 23-ին: Ըստ այդմ, փաստաթղթից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի աշխատակազմը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը, աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգեւատրմամբ մեկամսյա աշխատավարձի չափով:

Սա իրականացվել է Երեւանի 2016 թվականի բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցները խրախուսվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ ոչ ավել, քան մեկամսյա աշխատավարձի չափով Երեւանի 2016թ. բյուջեով բաժինների համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին:

Ցուցակից պարզ է դառնում, որ պարգեւատրվողների ցանկում տեղ են գտել ինչպես քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այնպես էլ նրա չորս տեղակալները: Քաղաքապետարանի ղեկավար կազմի այդ ցուցակում ընդգրկվելը ուշագրավ է, որովհետեւ այդ նույն մարդիկ իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են հսկայական կարողություն կուտակել, եւ նրանց ընտանիքների մեկ օրվա ծախսը վաղուց գերազանցում է իրենց աշխատավարձը:

Չնայած, մյուս կողմից էլ ով գիտի, մի գուցե նրանց ունեցվածքի մասին լեգենդները սուտ են, եւ Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունն աշխատավարձով է ապրում, եւ եթե այդ գումարները չստանան, միգուցե չկարողանան Ամանորը նշել: Ինչեւէ: Ըստ այդ փաստաթղթի` Երեւանի քաղաքապետարանի 1220 աշխատողի որպես պարգեւատրում նախորդ տարեվերջին վճարվել է ընդհանուր 271 մլն 777 հազար 300 դրամ: Ինչպես արդեն նշեցինք՝ ցուցակը գլխավորում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ասել է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինքն իրեն պարգեւատրել է 575 հազար դրամով` «ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»: Հետաքրքիր կլիներ, եթե նա որոշեր, որ իր պարտականությունները բարեխիղճ չի կատարել:

Իհարկե, Տարոն Մարգարյանը կարող էր համեստորեն տեղ չգտնել այդ ցուցակում՝ իր տեղակալներին էլ կոչ անելով իր օրինակին հետեւել, բայց, դե, փաստը մնում է փաստ, մարդիկ ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են ծախսում՝ իրենց ճոխ կենցաղը վարելու համար, բայց չեն խորշում համայնքի բյուջեից պարգեւավճար ստանալ:

«ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ստացել է 478 հազար դրամ, իսկ Արամ Սուքիասյանը` 443 հազար դրամ: Մյուս տեղակալները նույնպես ստացել են 443 հազար դրամ պարգեւատրում: Աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը ստացել է 346 հազար դրամ, խորհրդականները` 358 հազար դրամ, իսկ գլխավոր խորհրդականը` 370 հազար դրամ: Քաղաքապետի օգնականները ստացել են 298 հազար դրամ:

Պարգեւատրվել են նաեւ տեղակալների օգնականները` 250 հազար դրամի չափով: Վարչության պետերը եւս պարգեւատրվել են` 346 հազար դրամի չափով: Ի դեպ, պարգեւատրվողների ցանկում տեղ է գտել նաեւ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում տրվել է 346 հազար դրամ: Հավանաբար Նավասարդյանը պարգեւատրվել է Երեւանի հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները «կարգավորելու» համար:

Իսկ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը 346 հազար դրամով պարգեւատրվել է հավանաբար քաղաքը «մաքուր» պահելու համար: Նշենք, որ բաժնի պետերը պարգեւատրվել են 291 հազար դրամով, առաջատար մասնագետները` 219 հազար դրամով, գլխավոր մասնագետները` 225 հազար դրամով:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել, թե Տարոն Մարգարյանը պատրաստվո՞ւմ է այս տարի իրեն եւ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգեւատրել: Սակայն մեր հարցման պատասխանը երեկվա դրությամբ դեռ չէինք ստացել:

Նատալյա Պողոսյան




Լրահոս