Դամբարանադաշտի տարածքում իրականացվում են հանքափորման ու հորատման աշխատանքներ. ո՞վ է պայթեցնում Վանաշենի հնավայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 30 տարի առաջ Արարատի մարզի Վանաշեն գյուղի տարածքում հնագետների կողմից հայտնաբերվեցին հին բնակատեղի եւ ընդարձակ դամբարանադաշտ։ Դամբարանադաշտը փռված է Վեդիից 3,5 կմ. հարավ-արեւելք, Ուրծի լեռների հյուսիսարեւելյան վերջավորության ոչ մեծ սարահարթի վրա, իսկ բնակատեղին` սարահարթի ստորոտում, մոտ 1 կմ երկարությամբ։

Վեդի գետի ձախափնյա ցածրավայրում պահպանվել են նաեւ 36 մետր եկարությամբ պարիսպի մնացորդներ։ Մասնագետներն այն կարծիքն են հայտնել, որ այս գոտում գտնվում են շուրջ 800 գետնափոսային տիպի դամբարաններ, որոնցից հետազոտվել են միայն 23-ը։ Առաջին իսկ պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնավայրը չափազանց հարուստ էր, իսկ հայտնաբերված ուշագրավ նյութերը վերաբերում էին ուշ բրոնզի եւ երկաթի դարերին` Արարատյան հայոց թագավորության ժամանակաշրջանին։

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, ով ծնունդով Վանաշենից է, դիմել է խորհրդարան, Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանման գործակալություն։ Նրա պնդմամբ՝ կասկածից վեր է, որ նյութերը կարող են մեծապես նպաստել այդ մշակույթի կերտողների ծագումնաբանության հարցերի պարզաբանմանը։

«Հետագա տարիների ընթացքում հնավայրը մատնվեց անուշադրության։ Իսկ այժմ այն հայտնվել է լիովին ոչնչացվելու վտանգի առաջ։ Բանն այն է, որ ներկայումս դամբարանադաշտի մերձակայքում եւ բուն տարածքում իրականացվում են հանքափորման ու հորատման աշխատանքներ, որոնք պարպերաբար ուղեկցվում են այդ նպատակի համար կիրառվող պայթեցումներով։ Այս ցավալի փաստը հարուցել է տեղի բնակչության եւ նախանձախնդիր կազմակերպությունների արդար վրդովմունքը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պարոն Չարխչյանը։

Թե ինչու եւ ինչպես է հնավայրի տարածքը տրամադրվել արդյունահանման ձեռնարկության շահագործման, ինչպե՞ս է դա օրինականացվել առանց գործակալության թույլտվության, այլ հարց է։ Առաջնային խնդիրն այժմ կայանում է շուտափույթ կերպով դամբարանադաշտը վերջնական ոչնչացումից փրկելու քայլերի մեջ։ «Կարծում ենք, որ իբրեւ այդպիսիք կարող են համարվել տարածքի նվազագույն պաշտպանությունը, այդ գոտու ցանկապատումը, հատուկ ցուցանակի ամրացումը, մինչեւ այն ժամանակը, երբ հնարավորություն կստեղծվի վերստին ավելի լրջորեն զբաղվել դամբարանադաշտի հետազոտմամբ եւ վերսկսելու պեղումները»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նա վկայում է՝ հենց դամբարանադաշտի տարածքում արդեն տարիներ շարունակ քարհանք է: «Ժամանակին տարբեր եղանակներով ահազանգել ենք պատկան մարմիններին, բայց նրանք կամ մեր դիմումներն անպատասխան են թողել, կամ բանավոր կարգով տեղեկացրել են, որ ոչինչ անել չեն կարող:

Այսօր դժվար է հստակ ասել, թե վնասի ծավալներն ինչքան են, արդյո՞ք գոնե մի չնչին հետք մնացել է պատմական արժեքներից: Բայց խնդիրը բարձրաձայնելու համար երբեք ուշ չէ: Մեկ էլ տեսար` ինչ-որ մեկը վերջապես կբարեհաճի լսել»,-եզրափակեց պարոն Չարխչյանը:

Պատկան մարմինների մեկնաբանությունը կներկայացնենք ավելի ուշ։

Աննա Բաբաջանյան




Լրահոս