Բավարարվել է արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվողին ավելի խիստ պատժի ենթարկելուն ուղղված մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը:

2017 թվականի ապրիլի 26-ին հարուցված քրեական գործով քաղաքացի Մ.Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, շորթմամբ Ա. է,-ից զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս գաղտնի իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և վարկաբեկող տեսանյութերն Ա. է.-ի կնոջը և այլ անձանց տրամադրելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար: 300 ԱՄՆ դոլար գումարը տալուց հետո Ա.Է.-ն հրաժարվել էր հեռախոսկապի միջոցով պահանջված ևս 500 ԱՄՆ դոլար գումարը տալուց և դիմել էր իրավապահ մարմիններին:

2017 թվականի մայիսի 29-ին քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Արագացված կարգով իրականացված դատական քննության արդյունքում դատարանի դատավճռով Մ. Գ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազը նշված դատավճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի սահմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել արդարացի համաչափ պատիժ ազատազրկման ձևով՝ առանց պատժի պայմանականորեն կիրառման։

Վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է մի քանի պատճառաբանություն: Նախ՝ առաջին ատյանի դատարանը, պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի չի առել և անտեսել է ինչպես շորթում հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, այնպես էլ կատարված հանցագործության հանգամանքներն ու եղանակը: Մասնավորապես այն. որ հանցավոր մտադրություններն իրականացնելու համար ամբաստանյալը նկարահանումն իրականացրել է գաղտնի, առանց տուժողի համաձայնության, ավելին, գումարը ստանալուց հետո հետագա հանցավոր գործունեությունից հրաժարվելու փոխարեն նա շարունակել է տուժողից շորթմամբ գումար կորզելուն ուղղված գործողությունները։

Երկրորդ՝ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի մոտ առկա է ռեցիդիվ: Դեռևս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն կատարելու համար, մինչդեռ նոր հանցանք կատարելու պահին դատվածությունը մարված չի եղել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալ Մ. Գ.-ի նկատմամբ նշանակելով պատիժ 2 տարի ժամկետով ազատազրկման ձևով՝ առանց պատիժը պայմանականորեն կիրառելու։




Լրահոս