Ավելի քան 34 միլիոնի հեռախոսներ են ներկրել Հայաստան. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ֆիզիկական անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Գ. Հ.-ն 2014-2017թթ. ընթացքում իր և ևս երկու այլ անձանց անվամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ընդհանուր 34 758 100 ՀՀ դրամ մաքսային արժեքով բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ և պլանշետներ, որոնք առանց պետական գրանցման և օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառվելու, շահույթ ստանալու նպատակով, վաճառել է՝ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրություն:

Նախնական հաշվարկով նշված ամբողջ խմբաքանակն իրացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Հաշվի առնելով, որ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ առերևույթ առկա են պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը։




Լրահոս