ԱԺ լրատվականի խայտառակ խոստովանությունը. Նաղդալյանի ծախսերն իր վրա թողնելը հերոսություն համարելը սիրուն չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանի հանրային կապերի վարչությունը երեկ մանրամասն պարզաբանել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսի՝ այս տարվա մայիս ամսվա վարձավճարի հետ կապված աղմուկ հանած պատմությունը:

Ըստ այդմ, այլեւս պաշտոնապես տեղեկանում ենք, որ Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի՝ 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1 միլիոն 382 հազար 470 դրամ, որից շուրջ 1 միլիոն 170 հազար դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայությունից օգտվելու արդյունքում: Նշված գումարը ՀՀ ԱԺ աշխատակազմը պետբյուջեի հաշվին ամբողջությամբ մարել է:

Շուրջ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ լրատվականից գրավոր հետաքրքրվել էր, թե Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի՝ այս տարվա մայիս ամսվա վարձը որքա՞ն է կազմել: Սակայն խորհրդարանից պատասխանել էին, թե իբր չեն կարող առանձին պատգամավորների հեռախոսահամարների անհատականացված ծախսն ասել: Բայց ինչպես տեսնում ենք, երբ ցանկանում են, լավ էլ կարողանում են այդ տվյալը պարզել եւ հրապարակել:

Ի դեպ, ըստ ԱԺ լրատվականի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը համաձայնել է իր բջջային հեռախոսահամարի ծախսերն այսուհետ անձամբ հոգալ: Այս պարբերությունն ուղղակի խայտառակ խոստովանություն է ԱԺ-ի կողմից, քանի որ Հերմինե Նաղդալյանն այլեւս շարքային պատգամավոր է, այլ ոչ թե ԱԺ փոխխոսնակ կամ հանձնաժողովի նախագահ եւ պարատավոր է իր հեռախոսային խոսակցությունների ծախսերն անձամբ հոգալ:

ԱԺ-ն վճարում է միայն ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ 9 հանձնաժողովների նախագահների հեռախոսավճարները: Եւ մայիսից արդեն ԱԺ-ն պետք է Նաղդալյանի պարտքերը չմարեր, բայց չի արել, ու հետաքրքիր է՝ ինչու: Եւ այսօր Նաղդալյանի ծախսերն իր վրա թողնելը հերոսություն մատուցելը, մեղմ ասած, սիրուն չէ:

Ինչպես հայտնի է՝ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկն է, մինչեւ 6-7 տարի առաջ նա իր հայտարարագրերում միլիարդավոր դրամներ եւ միլիոնավոր դոլարներ էր հայտարարագրում, սակայն վերջին տարիներին ավելի համեստ ունեցվածքով է ներկայանում:

Ու շատերի մոտ կարող է հարց ծագել, թե Հերմինե Նաղդալյանը ինչպես է կարողացել 1 միլիոն 170 հազարի ինտերնետ օգտագործել: Որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, տեղեկացնենք, որ եվրոպական երկրներում ռոումինգում ինտերնետ 1 մեգաբայթի արժեքը նվազագույնը 1 եվրո է: Ասել է, թե 2 հազար 100 եվրոյի ինտերնետը մոտ 2 գեգաբայթ է կազմում: Բջջայինով մոտ 3-4 ժամ տեւողությամբ տեսագրութուններ դիտելիս մոտավորապես հենց այդքան ինտերնետ է ծախսվում:

Իսկ թե Եվրոպայում գտնվելիս ինչ տեսանյութեր է դիտել Հերմինե Նաղդալյանը, իրեն է հայտնի: Պաշտոնապես նա արդեն մի քանի անգամ հավաստիացրել է, թե իբր իր հեռախոսը տեխնիկական խնդիրներ է ունեցել, եւ ինքը չի իմացել, որ ռոումինգով ինտերնետ է սպառում:

Վ.Հ.




Լրահոս