ՖՈՏՈ. Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այլընտրանքային էներգիա» նախագծի ձեռքբերումները շարունակվում են: Մեկ տարվա ընթացքում, երկու փուլով իրականացված ծրագրի շնորհիվ, Լոռու մարզում լուսավորվել է ևս մեկ գյուղ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում:

Դեռևս 2016-ի աշնանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում տեղակայվել էր արտաքին լուսավորության լուսադիոդային համակարգ՝ 54 LED լուսարձակով: Ծրագրի առաջին փուլով համայնքում լուսավորվել էր երկու հիմնական փողոցը։ Ընթացիկ տարվա աշնանն արդեն, ծրագրի երկրորդ փուլով, համայնքում տեղակայվել է 56 LED լուսարձակ՝ լուսավորելով ևս 2կմ տարածք։ Երկու փուլի արդյունքում՝ Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է։

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ամրակից գյուղի վարչական ղեկավար Արթուր Ներկարարյանը և գյուղի բնակիչները:

«Ամեն անգամ որևէ համայնք այցելության ժամանակ, առաջինը տպավորվում եմ մարդկանց լուսավոր ժպիտից: Դա ոգեշնչում է ինձ՝ ցույց տալով, որ քայլ առ քայլ իրականացվող ծրագրերը ճիշտ են ընտրված: Եթե մենք ուզում ենք փոխել մեր հայրենակիցների կյանքը, այն դարձնել ավելի լավը, ապա պետք է սահմանենք կարևոր նպատակներ և առանց տրտնջալու, համառ աշխատանքով լուծենք եղած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որ լուսավորված փողոցներն այս գյուղում ոչ միայն արտաքին, այլև ներքին՝ մարդկանց հոգեբանության փոփոխության առիթ կդառնան: Լավատեսությունն անչափ կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:




Լրահոս