Ամեն ինչ պատրաստ է. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Անխոս, այս համաձայնագրի ստորագրմանը բոլորը սպասում են՝ շունչները պահած. արդյո՞ք այս անգամ համաձայնագիրը կստորագրվի, թե՞ կկրկնվի 2013 թվականի սցենարը: Մտահոգությունները սկսեցին հնչել համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, պարբերաբար կարծիքներ էին հնչում, թե տեխնիկական պատճառներով ստորագրումը կարող է հետաձգվել:

Իբրեւ պատճառ նշվում էր այն հանգամանքը, որ համաձայնագրի նախագիծը իռլանդերեն չի թարգմանվել: Սակայն հետագայում պարզվեց, որ նման խնդիր գոյություն չունի, քանի որ Իռլանդիայի Հանրապետությունում երկու պաշտոնական պետական լեզու է գործում՝ իռլանդերենը եւ անգլերենը: Ուսումնասիրելով այլ երկրների հետ կնքված համաձայնագրերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Եվրամիության հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ասոցացման համաձայնագրերը եւս չեն թարգմանվել իռլանդերեն: Իսկ ԵՄ մյուս բոլոր պաշտոնական 27 լեզուներով համաձայնագիրը թարգմանված է:

Ի վերջո, ինչ սպասել նոյեմբերի 24-ին, այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ համաձայնագրի ստորագրման համար Հայաստանն իր աշխատանքն ամբողջությամբ ավարտել է: «Ավելին՝ ելնելով այն սպասումներից, որ ԵՄ մեր գործընկերները նույնպես պիտի գործադրեն համարժեք եւ շոշափելի ջանքեր այս ուղղությամբ, մեր հանձնաժողովը որոշում է կայացրել եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի հետ միասին հրավիրել թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ դեկտեմբերի 1-ին»,- հավելեց Աշոտյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն՝ հասկանալու համար, թե արդյոք ԵՄ-ն եւս պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակից տրված պատասխանում նշված է. «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է՝ համաձայնագրի ստորագրման համար, եւ տեխնիկական խոչընդոտներ չկան»:

Այլ խոսքով ասած՝ այս պահին ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: Սակայն միեւնույն ժամանակ չի բացառվում, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղափոխվել: Օրերս Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը, ասել էր. «Ի սկզբանե կուզեի հստակեցնել, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի: Սրա վերաբերյալ դեռ կասկած չկա, եւ ես կարծում եմ, որ վստահաբար դա տեղի կունենա գագաթնաժողովի ընթացքում կամ դրա շրջակայքում»:
Հավելենք, որ հայկական կողմից համաձայնագիրը պետք է ստորագրի Սերժ Սարգսյանը, նրա գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ենթադրվում է, որ փոքրաթիվ պատվիրակության կազմում խորհրդարանի ներկայացուցիչներ եւս կլինեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս