ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանում «Սասնա ծռերի» ծեծից 5 ամիս անց. փաստաբանը` իրավիճակի մասին

Շուրջ 5 ամիս է անցել, ինչ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկեցին: Ծեծի ենթարկված խմբի անդամները փաստաբաններին հայտնել էին, որ օպերացիան ղեկավարել էր Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը: Այս հայտարարությունների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով:

«Ժողովուրդ» օրաթերթը միջադեպից 5 ամիս անց զրուցեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հետ: Ըստ պաշտպանի՝ մինչ օրս գործով որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, եւ դեռ ավելին՝ ոստիկաններից որեւէ մեկի հետ մինչ օրս որեւէ առերեսում չի եղել. «Եվրոպայի խորհրդից փորձագետներ էին եկել Հայաստան, այդ օրը բարձրաձայնեցի այս խնդրի մասին ու մեկ էլ հաջորդ օրը ստացա ծանուցում, որ ինձ կանչում են բաժին: Ստացվում է, որ միչեւ միջազգային հանրության մոտ չբարձրաձայնես, քննիչները չեն շարժվի տեղից: Սակայն ծանուցում եմ ստանում, որ մեկ ժամ է մնացել, ներկայանամ բաժին ու ժամանակ չեմ ունենում՝ պատրաստվեմ կամ ծանուցումը ստանալուց հետո գնում եմ քրեակատարողական հիմնարկ, քննիչը չկա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ