ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ ինչո՞ւ պետք է ասենք… Ձեր ի՞նչ գործ». ինչ է կատարվում Լևոն Իգիթյանի ղեկավարած թանգարանում, և ինչու է այն վարձով տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի մի հատվածը վերածվել է ամանորյա տոնական խաղալիքների խանութի: Տեղեկացնենք, որ սա առաջին տարին չէ, երբ կենտրոնի տնօրինությունը, ի դեմս ճարտարապետ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանի, թանգարանը վերածում է խանութի:
Մոտ երկու շաբաթ է, ինչ գեղագիտության ազգային կենտրոնի մանկական պատկերասրահի փոխարեն ամանորյա խաղալիքներ են վաճառվում: Ի դեպ, գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանն է:

Իսկ մանկական ստեղծագործության թանգարանի մուտքը մինչեւ տարեվերջ Սայաթ-Նովա փողոցից է լինելու: Նկատենք, որ մինչեւ դեկտեմբերի վերջ տարածքը տրվել է վարձակալությամբ ծաղկի վաճառքով զբաղվող հայտնի «Էնի Ռոուզ» խանութ-սրահին: Իսկ նշված խանութի հիմնադիրը, ըստ պետական ռեգիստրի, Արտաշես Լալազարյանն է: Այս անունը գուցե հանրությանը ոչինչ չհուշի: Բայց համաձայնեք, որ մե՛ր հանրապետությունում եւ մե՛ր օրերում այնքան էլ «հեշտ չէ» փոքր բիզնեսը այդքան արագ ծաղկեցնել: Բանն այն է, որ այս ծաղկի խանութը շատ արագ կերպով սկսեց մասնակցել գնումների գործընթացին: Այսինքն՝ վերջին շրջանում պետական կառույցները նախընտրում են ծաղկեփնջեր գնել «Էնի Ռոուզ» ծաղկի խանութից, որտեղ, ինչպես հայտնի է, համեմատաբար գներն ավելի բարձր են: Ի դեպ, նշենք, որ ավելի շատ ծաղկեփնջեր է գնում արտաքին գործերի նախարարությունը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետական միջոցները չի խնայում` ծաղիկներ գնելու համար: Եւ սա պատահական չէ, որ նշված ընկերությանը վարձակալության է տրվում գեղագիտության ազգային կենտրոնի մանկական պատկերասրահը: Ասել է, թե լավ առեւտուր անելու՝ քաղաքի ամենայուղոտ հատվածը:

«Ժողովուրդ» օրաթերթը եղավ գեղագիտության ազգային կենտրոնում, սակայն աշխատողները փոխանցեցին, որ Լեւոն Իգիթյանը արձակուրդում է եւ աշխատանքի կվերադառնա դեկտեմբերի 5-ին: Սակայն պարզվեց, որ մանկական պատկերասրահը խանութի վերածելը արտառոց բան չէ: Ըստ աշխատակիցների` դա իրենց գործն է, թե երբ եւ ում են տրամադրում: Իսկ ընկերության՝ Հերմինե ներկայացած աշխատակիցը կոպիտ եւ անտարբեր տոնով «Ժողովուրդ»-ին ասաց. «Իսկ հանրությանը հետաքրքիր են մեր մյուս բոլոր ծախսերը… Մենք առեւտրային կազմակերպություն ենք, եւ մեր ծախսերը ներկայացնում ենք ֆինանսների նախարարությանը, հարկայինին, Ձեզ ինչո՞ւ պետք է ասենք… Ձեր ի՞նչ գործ: Լեւոն Սուրենիչը արձակուրդում է, երբ կվերադառնա, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս