Տարոն Մարգարյանը կարգադրել է 100 հազարական դրամ պարգևատրել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցների. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգեւատրում են ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչեւ գործավար:

Միայն թե անհասկանալի է՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու իր աշխատակիցները ո՞ր արժանիքի եւ ձեռքբերումների համար են արժանացել 100 հազարական դրամի, եթե մայրաքաղաքի տրանսպորտը շարունակում է մնալ խայտառակ վիճակում:

Հ. Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ միայն ասաց. «Այդ հարցը տվե՛ք նրան, ով որ պարգեւատրել է»: Բայց եթե հաշվի առնենք փաստը, որ պարգեւատրման որոշումը կայացվել է հունիսին, կարելի է ենթադրել՝ այսպես Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երեւանի ավագանու ընտրություններում իր օգտին աշխատելու համար: Լուրեր կան, որ Նավասարդյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրական շրջանում զբաղված էր ՀՀԿ օգտին ձայներ հավաքելով»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: