Արտուշ Գաբրիելյանի հասցեին հնչած պիտակն ամրագրվեց նաև պաշտոնական փաստաթղթերում. հերթական անհեթեթ քայլը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իրավապահ համակարգն ապշեցնում է իր անհեթեթ որոշումներով: Հերթական դեպքը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավել Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու համար: Գործի նախաքննությունը երեկ ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Մանուկյանը՝ չենթարկվելով նիստը նախագահող դատավորի օրինական կարգադրություններին՝ շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել, իսկ նիստը նախագահող Գաբրիելյանի կողմից՝ իրեն դատական նիստերի դահլիճից 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո ոտնձգել է արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին, ինչպես նաեւ դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի»»:

Հետաքրքրական է նաեւ փաստը, որ դատավոր Գաբրիելյանը, ում հասցեագրված էին վերոհիշյալ խոսքերը, ո՛չ որպես տուժող է ճանաչվել, ո՛չ էլ ընդհանրապես հարցաքննվել է. այդպես է հայտարարել Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Անշուշտ, անընդունելի է որեւէ մեկին վիրավորելը, լինի դատավոր, դատախազ, ոստիկան, ամբաստանյալ, թե ընդհանրապես քաղաքացի: Սակայն մյուս կողմից առնվազն տարօրինակ է հարուցված քրեական գործը՝ առանց դատավորին հարցաքննելու եւ տուժող ճանաչելու: Ի վերջո, եթե հիշում եք՝ շատ դեպքերում իրավապահ համակարգը հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե չկա տուժած անձի դիմումը:

Այդպես որեւէ քրեական գործ չհարուցվեց, օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի դեմ՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խորհրդարանի միջանցքում բռնություններ գործադրելու եւ հարվածներ հասցնելու համար:

Եթե իրավապահ համակարգը կարող է արդարանալ՝ ասելով, որ Պավել Մանուկյանի գործողություններն ուղղված են եղել արդարադատության դեմ, հետեւաբար տուժել է պետությունը, ապա այս դեպքում էլ տուժողը օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, թեկուզ եւ ընդդիմադիր խմբակցության անդամ: Այնպես որ, իշխանություններն ակնհայտ երկակի մոտեցում են ցուցաբերում նույնանման իրադարձություններին:

Ի դեպ, թվում է՝ իշխանություններն այս քրեական գործով փորձել են լավություն անել դատավոր Գաբրիելյանին՝ պաշտպանելով նրա շահերը, բայց իրականում հակառակն է ստացվել. այսպես ամրապնդվեց դատավորի հասցեին հնչած պիտակը, նաեւ պաշտոնական փաստաթղթերում ամրագրելով այդ որակավորումը:




Լրահոս