ՖՈՏՈ. Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ իր նվաճումների, որպես երգչուհի հանդես գալու և գրավիչ առաջարկների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը օրեր առաջ է վերադարձել Ալբանիայից, որտեղ մասնակցել է «Miss Globe 2017» գեղեցկության մրցույթին։ Մեր գեղեցկուհին արտերկրից առանց նվաճումների չի եկել․նա արժանացել է «Miss Friendship» պատվավոր տիտղոսին (վճիռը կայացվել է մասնակիցների քվեարկության արդյունքում), նաեւ 60 մասնակիցների շրջանում նվաճել է 6-րդ հորիզոնականը: Այս տարվա մրցույթի «Տաղանդ» փուլում Լիլիթը ցուցադրել է մի ունակություն, որի մասին քչերը գիտեին։ Նա, ինչպես նախորդ մրցույթների պարագայում, ոչ թե նկարել է, այլ արդեն երգել է։ Լիլիթը կատարել է «Սարերի հովին մեռնեմ» երգը՝ արդյունքում արժանանալով եւս մեկ անակնկալի. նրան ընձեռվել է տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն։

-Լիլի՛թ, կպատկերացնեի՞ք, որ կարժանանաք նման թանկարժեք նվերի՝ տեսահոլովակի տեսքով։

-Ինձ համար իսկապես կարեւոր էին Ալբանիայում գրանցած հաջողությունները։ Կարծում եմ՝ լավ եղավ, որ ցուցադրեցի իմ «գաղտնի» կողմը՝ երգելու տաղանդը։ Ես հասկացա, որ տաղանդի մրցույթը շատ է կարեւորվելու, ուստի որոշեցի այս անգամ ոչ թե նկարել, այլ երգել։ Եվ երբ կատարեցի «Սարերի հովին մեռնեմ» երգը, ժյուրիի անդամները շատ տպավորվեցին։ Հետո արդեն եղավ անակնկալը. իմ կողմից ընտրված ցանկացած երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու շանս տրվեց (մրցանակը ստացա Տիրանայի լուսանկարչական դպրոցի տնօրեն Աուրեյլիո Լուլոյի կողմից): Ասեմ, որ այն արդեն նկարահանվել է Տիրանայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հոլովակը նկարահանվել է գերթանկարժեք տեխնիկայով, բայց դեռ չեմ ասի՝ որ երգի հիման վրա։ Հետաքրքիր, անկանխատեսելի սյուժեով տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա գերմանական, իտալական եւ ալբանական հեռուստաընկերությունների եթերում։

-Բացի այս տեսահոլովակը՝ ուրիշ ի՞նչ տվեց Ձեզ մրցույթը։

-Այսքանով անակնկալները չեն ավարտվում։ Նույն նկարահանող խումբը գալու է Հայաստան, որպեսզի այստեղ էլ նկարահանեն հետաքրքիր մի տեսահոլովակ՝ Հայաստանի մասին։ Մեր երկրի հանդեպ հետաքրքրությունն իսկապես շատ մեծ է։ Կարելի է շատ գեղեցիկ ներկայացնել այն հարստությունը, որ ունենք։Հոլովակում կրկին ես եմ երգելու։ Այսինքն՝ արդեն հանդես եմ գալու ոչ միայն որպես մոդել, այլեւ երգչուհի։

-Իսկ արդեն հայտնի՞ է՝ ո՞րն է լինելու հաջորդ մրցույթը, որին կմասնակցեք։

-Այո՛, բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել այդ մասին։ Հրավերներ շատ կան, ընդ որում, ոչ մրցութային հրավերներ։ Լիբանանի, Իտալիայի, Ալբանիայի տարբեր դիզայներներ համագործակցության առաջարկ են արել։ Նաեւ կոսմետիկայի պարագաներ, մազերի խնամքի միջոցներ ներկայացնող ընկերություններ ինձ առաջարկել են դառնալ իրենց ֆիրմայի գովազդային դեմքը։ Հիմա բանակցություններ են տարվում այդ ուղղությամբ։

-Հիմա կա՞ մի մրցույթ, որի մասին երազում եք։

-Ճիշտն ասած՝ ոչ։

-Իսկ չե՞ք ձգտում հայտնվել որեւէ հարթակում, որտեղ դեռ չեք եղել։

-Շատերիս մոտ գալիս է մի շրջան, երբ երազանքները դառնում են նպատակներ, երբ փորձում ես քրտնաջան աշխատանքի, ճիշտ կենսակերպի շնորհիվ հասնել քո ցանկություններին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Հավելենք, որ «Miss Globe 2017» մրցույթին մասնակցության հրավերը Լիլիթը ստացել է «Համաշխարհայի գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից։ Մրցույթի շրջանակում նա համագործակցել է դիզայներներ Նինա Սարկսյանցի, Գայանե Մարտիրոսյանի եւ Լիլիթ Մելիքյանի հետ:

Գյումրեցի մոդելն ավելի վաղ մասնակցել է «Miss Earth» գեղեցկության մրցույթին եւ հայտնվել է լավագույն հնգյակում, իսկ մեկ տարի անց արդեն մասնակցել է «Miss Intercontinental» մրցույթին՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների:

Աննա Բաբաջանյան




Լրահոս