Ներպալատական հեղաշրջման հնարավորությունները. եթե վարչապետը համարձակություն ունենա…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգ ամսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, սակայն դեռ պարզ չէ՝ ինչ կարգավիճակ են ունենալու կառավարությանն առընթեր մարմինները, մասնավորապես ուժային կառույցները: Նոր Սահմանադրության 159 հոդվածի համաձայն՝ «Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով»:

Բայց դեռեւս ամբողջությամբ մշակված չեն համապատասխան օրենքներն, ու վերջնականապես հայտնի չէ, թե ո՞ւմ ենթակայության տակ են գործելու, օրինակ, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն՝ վարչապետի՞, կառավարությա՞ն, թե՞ նախարարություններից որեւէ մեկի:

Այնինչ՝ այս հանգամանքը շատ կարեւոր է. հայտնի փաստ է՝ երկրի իրական ղեկավարը նա է, ում ձեռքում են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, զինված ուժերը եւ ԶՈՒ գլխավոր շտաբը: Հիմա չնայած ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կառավարությանն առընթեր մարմիններ են, միեւնույն է՝ ենթարկվում են Սերժ Սարգսյանին. նրան է տրված այս կառույցների ղեկավար անձնակազմում նշանակումներ կատարելու եւ փաստացի կառավարելու իրավունքը:

Ու քանի որ Սերժ Սարգսյանը ծրագրել է իր պաշտոնավարումը շարունակել նաեւ նախագահական լիազորությունների ավարտից հետո՝ 2018թ. ապրիլից՝ որպես ՀՀ վարչապետ, ենթադրվում է՝ համապատասխան օրենսդրությամբ նոր Սահմանադրության պայմաններում էլ հենց նրա ձեռքում կկենտրոնացվեն այս կառույցները:

Այս օրերին ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Սահմանապահ զորքերի մասին» եւ այլ օրենքների նախագծեր, համաձայն որի՝ ԱԱԾ ղեկավար կազմին, սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու իրավասությունը տրվում է ՀՀ վարչապետին /հիշեցնենք՝ այժմ այդ իրավասությունը նախագահինն է, բայց նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո նախագահը երկրում լինելու է սիմվոլիկ ֆիգուր, եւ պետության փաստացի ղեկավարը դառնալու է վարչապետը/:

Սպասվում է, որ նույն տրամաբանության շրջանակներում կլինեն նաեւ ոստիկանության մասին օրենքի փոփոխություններ. փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեռ նոյեմբերի սկզբներին հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար են գտնում, որ ոստիկանությունը սահմանվի որպես վարչապետին ենթակա պետական մարմին:

Մինչ այդ, սակայն, նկատենք՝ նոր Սահմանադրությամբ ու շրջանառության մեջ դրված օրինագծերում հետաքրքիր սողանցք կա, որը հնարավորություն է տալիս գործող վարչապետ Կարեն Կարապետյանին մի քանի օրում ներպալատական հեղաշրջում անել՝ Սերժ Սարգսյանին ուղարկելով «թոշակի»: Սա այն բանից հետո, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները (այդ ժամանակ նա հնարավորություն չի ունենա ազդելու իշխանության վրա), եւ թեկուզ կարճ ժամանակով երկրի փաստացի ղեկավարը դառնա Կարեն Կարապետյանը:

Բանն այն է, որ վարչապետը ուժային կառույցների ղեկավարներին նշանակելու իրավասություն կունենա այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի Սահմանադրությունը, մասնավորապես մայր օրենքի 5-րդ ու 6-րդ գլուխները. այդպես է նշված նախագծերում: Իսկ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018թ. ապրիլի 9-ին՝ Հայաստանի նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը (համաձայն Սահմանադրության անցումային դրույթների, որ ներկայացված են 209-րդ հոդվածում):

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում այլեւս չի լինի նախագահ, իսկ գործող նախագահն էլ նոր Սահմանադրության համաձայն՝ չի ունենա լուրջ լիազորություններ, այլ կլինի ձեւական ֆիգուր: Ճիշտ է, Սահմանադրության անցումային դրույթներում (հոդված 212) նշված է, որ նորընտիր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը նաեւ պետք է հրաժարական տա կառավարությունը: Բայց գործադիրի անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, կշարունակեն ժամանակավորապես պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Ու կստացվի այնպես, որ մի կարճ ժամանակ Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, կլինի երկրի փաստացի ղեկավարը, իրավունք կունենա միանձնյա նշանակումներ կատարել նաեւ իրավապահ կառույցներում:

Ու այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք՝ Կարեն Կարապետյանը, օգտվելով օրենքով իրեն վերապահված լիազորություններից, այս օրերին իր մտերիմներին նշանակի ոստիկանության եւ ԱԱԾ պետ, նրանց միջոցով ՀՀԿ-ի ներսում կազմակերպի հեղաշրջում (մեթոդներն ու միջոցները հայտնի են), ու հետագայում ԱԺ-ի կողմից ինքը հաստատվի ՀՀ վարչապետ:

Այս սցենարը տեսականորեն հնարավոր է: Բայց գործնականում՝ դժվար թե իրականացվի: Ամեն ինչ կախված կլինի վարչապետի համարձակությունից, համառությունից ու ցանկությունից: Ամեն դեպքում հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանը վայելում է ռուսական, նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարար շրջանակների հովանավորությունը: Իսկ մնացածը՝ կապրենք, կտեսնենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս