Մինասյան – Նիկոյան զույգը սրբագրեց իր որոշումը. ՎՊ 2018թ. ծրագիրը մտավ ԱԺ օրակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ վերահսկիչ պալատի միջեւ սկիզբ առած սկանդալը երեկ հետաքրքիր լուծում ստացավ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ի նիստում ԱԺ մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2018թ. տարեկան ծրագրին: Իր սկանդալային որոշումը հանձնաժողովը պատճառաբանել էր, թե պալատի ծրագիրը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Բանն այն է, որ հաջորդ տարվա ապրիլից, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, վերահսկիչ պալատը վերանվանվելու է հաշվեքննիչ պալատ, ըստ այդմ, վերջինիս հիմնական գործառույթը լինելու է պետական բյուջեի միջոցների ոչ թե վերահսկողությունը, այլ հաշվեքննություն իրականացնելը: Սակայն ՎՊ-ն իր ծրագրում օգտագործել էր «վերահսկողություն» բառը, եւ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ պնդել էր. «Հաշվեքննիչ պալատը վերահսկողական գործառույթ չի կարող իրականացնել, իր գործառույթը հենց հաշվեքննությունն է, մինչդեռ ՎՊ-ն իր՝ 2018 թվականի ծրագրում ներկայացրել է, որ ամբողջ տարվա համար պետք է վերահսկողություն իրականացնի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»:

Միայն թե, նկատենք, ՎՊ-ն այս հարցում առաջնորդվել էր գործող օրենսդրությամբ: Նոր Սահմանադրության 13-րդ գլուխը, որ վերաբերում է հաշվեքննիչ պալատին, ուժի մեջ է մտնելու հանրապետության նորընտիր նախագահի լիազորությունները ստանձնելու օրը, այսինքն՝ 2018թ. ապրիլին: Մինչ այդ, անցումային դրույթների համաձայն, ՎՊ-ն առաջնորդվելու 2005թ. Սահմանադրությամբ ու ՎՊ մասին գործող օրենքով, եւ վերահսկողություն է իրականացնելու նաեւ հաջորդ տարի՝ մինչեւ ապրիլը: Այդ տրամաբանությամբ էլ ՎՊ-ն կազմել էր իր ծրագիրը:
Այս հարցի շուրջ հանձնաժողովի նիստում բուռն բանավեճ էր եղել Գագիկ Մինասյանի եւ ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանի միջեւ:

Ու թեեւ վիճաբանություններին վերջ դնելու համար այդ օրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորել էր հետաձգել ծրագրի քննարկումն ու խորհրդակցել իրավաբանների հետ, Գագիկ Մինասյանն անդրդվելի էր մնացել՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն տալով ՎՊ ծրագրին: «Իրենք պետք է բերեն այնպիսի ծրագիր, որը չի հակասի Սահմանադրությանը եւ նաեւ կընդունվի»,- ասել էր նա:


Տեղի ունեցածը պատահական չէր. «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու ՎՊ-ի նկատմամբ տարիներ շարունակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանի եւ Սամվել Նիկոյանի խիստ բացասական վերաբերմունքին. նրանք առիթը բաց չեն թողնում այդ կառույցի նկատմամբ խոչընդոտներ ստեղծելու հարցում: Այդ շարքից էր նաեւ ՎՊ ծրագրին բացասական եզրակացություն տալը /առավել եւս, երբ հաջորդ տարվանից արդեն հաշվեքննիչ պալատն ինքն է հաստատելու ծրագիրը, այլ ոչ թե ներկայացնելու ԱԺ/:

Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ,-ի աղբյուրները, հանձնաժողովի այս որոշումը Գագիկ Մինասյանի վրա «թանկ է արժեցել»: Այս քայլն ի սկզբանե նախատեսված չի եղել, եւ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը «վերեւների հետ» չեն համաձայնեցրել հանձնաժողովի որոշումը՝ այդպես փաստի առաջ կանգնեցնելով ՎՊ-ին: Դրանից հետո ՀՀԿ-ում բուռն քննարկումներ են եղել, Մինասյանին ու Նիկոյանին մեղադրել են ինքնագործունեության մեջ՝ ասելով, որ եթե ցանկանում էին խնդիրը լուծել, կարող էին ընդառաջել Շարմազանովի առաջարկին ու բացասական եզրակացության փոխարեն հարցը քննարկել իրավաբանների հետ: Ու հակառակ Մինասյանի հայտարարությանը, թե ՎՊ-ն պետք է Սահմանադրությանը չհակասող ծրագիր բերի, այնուամենայնիվ, իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը դրվել է ԱԺ այդ հանձնաժողովի վրա, իսկ ՎՊ-ն իր ծրագիրը թողել է նույն տեսքով (պատահական չէր հանձնաժողովի ուրբաթ օրվանիստում Շարմազանովի ներկայությունը՝ ընդ որում, հավաստիանալով, որ ՎՊ-ին առնչվող հարցերով ցանկալի որոշում կայացվեց, ԱԺ փոխնախագահը հանգիստ լքեց դահլիճը):

Հանձնաժողովի երեկվա նիստում Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենք հետո քննարկումներ են անցկացրել սահմանադրագետների հետ եւ եկել այն եզրակացության, որ ԱԺ-ն ՎՊ տարեկան ծրագիրը հաստատելու մասին որոշումն ընդունի՝ այնտեղ սահմանելով եւս մեկ կետ. «նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից ծրագրում ընդգրկված թեմաներով իրականացվում է հաշվեքննություն»: Դրանից հետո հանձնաժողովի անդամները համաձայնեցին ՎՊ ծրագիրը ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսում է ստուգումներ անցկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններում, քաղավիացիայում, ԵԱՏՄ-ում՝ բյուջետային միջոցների ձեւավորման, կառավարման եւ տնօրինման գործում, ԵԱՏՄ մաքսատուրքերի հաշվեգրման եւ բաշխման ոլորտում՝ տնտեսական այս միավորման անդամ մյուս երկրների վերահսկիչ պալատների հետ: ՎՊ այս ծրագիրն ԱԺ լիագումար նիստում պետք է հաստատվի մինչեւ տարեվերջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս