ՖՈՏՈ. Զարուհի Փոստանջյանի բողոքի ցույցը ԱՄՆ-ում

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ-ում բողոքի ցույց է անցկացրել: Նոյեմբերի 26-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 12:00-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել համահայկական ընդվզմանն ընդառաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ բողոքի ցույց:

Այն ավարտվել է երթով, որի մասնակիցները, Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, շարժվել են դեպի Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան՝ հանձնելու պահանջագիր: Սակայն հյուպատոսարանը փակ է եղել, եւ ինչպես փաստում են կուսակցության անդամները, նույնիսկ հերթապահ չի եղել, որ ընդուներ ցույցի մասնակիցների անունից ներկայացվող պահանջագիրը: Հյուպատոսարանի դիմաց տեղի է ունեցել փոքր հավաք, որտեղ եւս ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը:

Այսքանով կուսակցությունն ավարտել է այդ օրվա ցույցը, Փոստանջյանի հետ հաջորդ հանդիպումն արդեն պետք է տեղի ունենա այսօր: Այդ հանդիպմանը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը կպատասխանի ներկաների հարցերին:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե նախապատրաստում է համահայկական ընդվզում եւ մինչեւ ԱՄՆ մեկնելը համախոհներ գտնելու ակնկալիքով շրջում էր Հայաստանի բնակավայրերում: