Որքա՞ն կլինի գազի գինը հունվարի 1-ից

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի
առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը: Վերոնշյալ հարցը կքննարկվի գործադիրի նոյեմբերի 30-ի նիստում:

Հիմնավորման համաձայն՝ սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:

Հոկտեմբերի 23-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, ուր որոշում է ընդունվել հաջորդ տարի Հայաստանի համար պահպանել գազի հատուկ սակագինը՝ 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: