Վիգեն Սարգսյանը փոխել է ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգեւներ եւ կոչումներ շնորհելու կարգը:

Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգեւներ եւ կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ եւ երաշխավորությամբ: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին եւ կենսագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր պարգեւատրել, թե ոչ: Այժմ նույն այդ հասարակական կազմակերպությունները, որպեսզի որեւէ ազատամարտիկի ներկայացնեն պարգեւատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաեւ երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր:

Երաշխավորագիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչները, բարձրաստիճան հոգեւորականները եւ այլն: Գործնականում ստացվում է, որ ով ցանկանա՝ կարող է երաշխավորագիր տալ, պարզապես այն ընդունել-չընդունելը կորոշի պաշտպանության նախարարը: Իսկ մեդալ ստացողը որքանով է ազատամարտիկ, արդեն կարեւոր չէ»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: