Կարեն Կարապետյանն այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ. ներիշխանական խաղերն ավելի բացահայտ դրսևորումներ են սկսել ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեդիամաքս» գործակալությանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տված վերջին հարցազրույցը պատահական չէր. 2018թ. ապրիլին ընդառաջ փորձ է արվում հասարակությանը ներկայացնել նաեւ Կ. Կարապետյան անձնավորությանը:
Այլ կերպ ասած՝ լայն թափով սկսվել է Կարեն Կարապետյան անձի PR-ը, ինչը նշանակում է, որ նա հայտ է ներկայացնում 2018թ. ապրիլից հետո եւս վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հիշում եք` ավելի վաղ մի քանի անգամ Կարապետյանն ասել էր, որ ցանկություն ունի եւ պատրաստ է 2018թ. լինել վարչապետը, նաեւ հավելել էր, որ մինչ այդ կհամապատասխանի Սահմանադրությամբ կառավարության ղեկավարի համար սահմանված չափանիշներին. խոսքը վերջին 5 տարում մշտական բնակության ցենզի մասին է:

Հիմա որքան մոտենա 2018թ. ապրիլը, այնքան հաճախակի են նման դրսեւորումներ լինելու: Մանավանդ, գիտեք՝ այդ պաշտոնը զբաղեցնելու նպատակ ունի նաեւ Սերժ Սարգսյանը, եւ այս առումով իշխանության ներսում ներքին մրցավազք է սկսվել:
Այստեղ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը:

Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը (պատահական չէ, որ արտաքին քաղաքականությանն առնչվող բոլոր որոշումները, համաձայնագրերի ստորագրումը նոր Սահմանադրության համաձայն՝ նախագահը կայացնելու է կառավարության կամ անձամբ վարչապետի առաջարկության հիման վրա): Միայն թե պարզ չեն արտաքին քաղաքականության եւ անվտանգության բնագավառների վերաբերյալ Կարեն Կարապետյանի պատկերացումները:

Իր գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն այդպես էլ որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել Հայաստանի համար առանցքային հարցերի, մասնավորապես Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին, հայ-թուրքական, հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերությունների մասին:

Նա այդպես էլ որեւէ գնահատական չի հնչեցրել ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, չնայած ի պաշտոնե Կարապետյանն իշխող կուսակցության առաջին փոխնախագահն է, Սահմանադրությամբ էլ՝ պետության երրորդ քաղաքական պաշտոնյան: Այս ընթացքում նա կարծես թե մեկ անգամ է խոսել ԼՂ խնդրից՝ այն էլ՝ հնչեցնելով դեկլարատիվ, տրիվիալ հայտարարություններ:

Այս տարվա հունվարի 13-ին Կ. Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը եւ անվտանգությունը, ինքնասիրությունը: Իսկ հարցին՝ կո՞ղմ է հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, վարչապետը պատասխանել է. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Եկեք, այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը: Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները, քանի որ սա շատ մեծ պատասխանատվություն է»: Այսինքն՝ ԼՂ խնդրում փոխզիջումների մասին Կարապետյանն այդպես էլ հստակ պատասխան չի հնչեցրել ու չի կոնկրետացրել՝ ինչն է իր համար ընդունելի, ինչը՝ ոչ:

Վարչապետը, նրա թիմը կարող են առարկել՝ ասելով, որ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագրում խոսք կա արտաքին քաղաքականության ընդհանուր ուղենիշների մասին, ըստ այդմ, ԼՂ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ հայ-թուրքական հարաբերություններն էլ պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

Բացի այդ՝ նրանք կարող են առարկել՝ ասելով, որ այնքան էլ վարչապետի իրավասությունների մեջ չեն մտնում այս հարցերը, եւ որ Սերժ Սարգսյանն է այժմ այդ ամենի պատասխանատուն եւ այդ բնագավառում քաղաքականություն իրագործողը: Բայց, դե, այս ամենը համոզիչ չէ թեկուզ եւ այն առումով, որ նախ՝ վարչապետն այսօր պետության երրորդ դեմքն է եւ, այնուամենայնիվ, պարտավոր է տեսակետ հայտնել:

Եւ հետո՝ պաշտոնավարման այս ընթացքում Կարապետյանը, այնուամենայնիվ, փորձել է մտնել Սերժ Սարգսյանի տիրույթ. պարզապես ոչ թե արտաքին, այլ ներքաղաքական հարցերում: Մասնավորապես նա չի խորշել ոստիկանությանը հանձնարարականներ տալու հարցում, թեեւ այս կառույցը Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության տակ է:

Հիշեցնենք՝ հանձնարարականներ էր տվել ոստիկանությանը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում աղբահանության ոլորտում վերահսկողություն անելու վերաբերյալ: «…Բռնում եք, ասում եք՝ հավաքի, գնա»,- այս տարվա ապրիլին ասել էր Կարապետյանը ոստիկանապետին (համաձայնեք՝ աղբահանությանը հետեւելն այնքան էլ ոստիկանության գործը չէ): Նա ոստիկանությանը հանձնարարականներ էր տվել նաեւ կապված կարմիր գծերի եւ տեսախցիկների, տուգանքների հետ:

Ընդ որում, 2016թ. նոյեմբերի 2-ին Սերժ Սարգսյանն այս թեմայով խորհրդակցություն էր հրավիրել, իսկ հաջորդ օրն իսկ Կարապետյանը որոշել էր մտնել այդ դաշտ, ու Սարգսյանի ասածներին որպես լրացում ոստիկանությանն իր հանձնարարականները տվել: Կարապետյանն ընդունել էր տարկետման իրավունքը սահմանափակող օրենսդրության դեմ բողոքի ցույցեր եւ դասադուլներ անող ուսանողներին՝ փորձելով այս հարցին լուծում տալ: Ու սա այն դեպքում, երբ այս ոլորտը եւս Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության դաշտից է:

Այնպես որ, որեւէ բան չի խանգարել, որպեսզի Կարապետյանը մտներ նաեւ արտաքին քաղաքական դաշտ: Բայց չի արել, հավանաբար, այդ ոլորտից գլուխ չհանելու պատճառով: Պատահական չէ նաեւ փաստը, որ Կարապետյանը, լինելով տնտեսության պատասխանատուն, այս ոլորտում էլ սահմանափակ շրջանակներում է գործունեություն ծավալում: Մասնավորապես ներդրումներ նա փորձել է ներգրավվել միայն ՌԴ-ից, ռուսաստանահայ գործարարների միջոցով (ասվածի ապացույցը ներդրողների ակումբն է), բացի այդ՝ նա այցեր է արել հարեւան Վրաստան ու Իրան, եղել է ԵԱՏՄ անդամ երկրներում: Իսկ ահա եվրոպական երկրներ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ աշխատանքային այց չի ունեցել եւ եվրոպական երկրներից Կարապետյանն այդպես էլ չի փորձել ներդրումներ բերել:

Հ.Գ. Մինչեւ 2018թ. ապրիլ դեռ 4 ամիս ժամանակ կա, եւ չի բացառվում՝ Կարապետյանն այս ընթացքում փորձի իր «ունակությունները դրսեւորել» եւ պատկերացումները ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ: Ամեն դեպքում, որքան մոտենա 2018թ. ապրիլը, այնքան ներիշխանական խաղերն ավելի բացահայտ դրսեւորումներ կունենան:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս