Հերթական դիվանագիտական ձախողումը. ՍԾՏՀ ԽՎ հռչակագրի հակահայկական ձեւակերպումները Գագիկ Մինասյանի անգործության հետեւանք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ իշխանությունները ոգեւորված են ԵԱՏՄ-ին անդամակցելով, Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ՝ ներկայացնելով այն որպես աննախադեպ ձեռքբերում, Հայաստանը հերթական դիվանագիտական ձախողումն է գրանցել: Այս անգամ՝ միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերություններում: Կիեւում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստի մեկնարկից առաջ տեղի է ունեցել միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների քննարկում, որին, սակայն, հրավիրված չի եղել Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վերջին պահին վեհաժողովի հռչակագրի մեջ ոչ հայանպաստ ձեւակերպումներ են մտցվել: Ըստ պատվիրակության տարածած հայտարարության. «Վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»: Ի նշան բողոքի՝ հայկական պատվիրակությունը լքել է վեհաժողովի դահլիճը: Բայց այդքանից հետո անգամ համաձայնագիրը նման ձեւակերպումներով ընդունվել է. 12 երկրներից 9-ը կողմ են քվեարկել հակահայկական ձեւակերպումներով հռչակագրին:

Նշենք, որ ավելի քան 10 տարի է՝ ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն է, եւ տեղի ունեցածն առաջին հերթին նրա եւ պատվիրակության ֆիասկոն էր:

Ի վերջո, հայտնի փաստ է, որ Ադրբեջանը միջազգային բոլոր հնարավոր հարթակները փորձում է օգտագործել՝ փաստաթղթերում իրեն ձեռնտու ձեւակերպումներ մտցնելու համար: Նույն գործելաոճով Ադրբեջանն աշխատել է նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում: Բայց նախկինում Ադրբեջանի փորձերը ձախողվել են: Թե ինչու եւ ինչպես այս անգամ Ադրբեջանին հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի, պետք է պատասխանի հայկական պատվիրակությունը՝ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ: Նրանք նաեւ պետք է պատասխանեն հարցին, արդյո՞ք փորձել են կանխել այս դեպքերը, թե, այնուամենայնիվ, զրոյական հարգանք ունեն այնտեղ /ինչի վկայությունն է Մինասյանից գաղտնի որոշումներ ընդունելը/:

Մեկ փաստ էլ՝ հակահայկական ձեւակերպումներին կողմ են Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը, բայց այս երկրներն առաջին անգամը չէ, որ պաշտպանել են տարածքային ամբողջականության դրույթը /Վրաստանն ու Ուկրաինան սեփական շահերից ելնելով/: Եւ ուրեմն՝ հետաքրքիր է՝ ինչու նախկինում նման փորձերը տապալվել են, իսկ հիմա խայտառակ ձախողման ականատես եղանք:




Լրահոս