Նա իմ ամուսնու երրորդ որդին է․ Ելենա Վարդանյանը երեխայի է սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարգին սերիալ», «Երե1», «Ստոպ», «Դոմինո» եւ մի շարք այլ հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի, Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի Ելենա Վարդանյանը սպասում է իր առաջնեկին։ Նա լույս աշխարհ կգա փետրվարին։ Դերասանուհին, ով արդեն ժամանակավորապես դադարել է խաղալ թատրոնում, «Ժողովուրդ»-ին պատմել է իր զգացումների, ապագայի ծրագրերի, անձնականն ու գործնականը համատեղելու եւ այլ թեմաների շուրջ։

-Ելենա՛, հիշում եմ, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էիք, որ ցանկանում եք դուստր ունենալ։ Հիմա, երբ արդեն պարզ է, որ որդի եք ունենալու, պատկերացնո՞ւմ եք Ձեզ տղա երեխայի մոր դերում։

-Գիտեք՝ երբ հղի չես լինում, մտածում ես սեռի մասին, բայց երբ արդեն տվյալ կարգավիճակում ես, երեխայի սեռի հարցը մղվում է երկրորդ պլան, կարեւորվում է այն հանգամանքը, որ երեխան առողջ լինի եւ երջանիկ։ Մնացածն արդեն նշանակություն չունի։

-Դուք այն մայրերից եք, որոնք մինչեւ հղիության վերջին օրերը աշխատո՞ւմ են, թե՞ նախընտրում եք ավելի պասիվ գործունեություն վարել։

-Ես մինչեւ նոյեմբեր աշխատել եմ, ընդամենը չորս ամիս չեմ աշխատելու։ Ամեն դեպքում, կողմ եմ, որ որքան հնարավոր է՝ շատ աշխատեմ։ Բայց, իհարկե, կան մայրեր, որոնք նախընտրում են պասիվ հանգիստը։ Կարծում եմ՝ այս պարագայում պետք է հաշվի նստել օրգանիզմի պահանջների հետ։ Ես, օրինակ, չէի կարող առհասարակ չաշխատել։ Մեկ ամիս է՝ չեմ աշխատում, արդեն իսկ անսովոր է։ Թեեւ հիմա արդեն հասկանում եմ, թե նախկինում որքան քիչ ժամանակ եմ տրամադրել ինքս ինձ, ընտանիքիս, փոխարենը ողջ ժամանակը տրամադրել եմ թատրոնին, նկարահանումներին։ Հիմա արդեն աշխատում եմ ընտանիքիս հետ լինել, մայրության մասին գրականություն եմ կարդում։ Ամեն դեպքում, պատրաստվում եմ երեխայիս ծնվելուց հետո շատ արագ վերադառնալ ասպարեզ, քանի որ, իմ կարծիքով, երջանիկ լինելու համար հարկավոր է հասցնել ամեն ինչ։

-Հետաքրքիր է՝ երեխայի խնամքի հարցում պատրաստվում եք դիմել դայակի օգնությա՞նը, թե՞ ինքներդ կզբաղվեք այդ հարցով։

-Ոչ մի դեպքում դայակի օգնությանը չեմ դիմի։ Նախ՝ իմ ծնողները, քույրս շատ են սպասում երեխայիս ծնունդին, այնպես որ բոլորն էլ պատրաստ են այդ հարցում օգնել ինձ։ Դայակի մասին չեմ էլ մտածում։

-Ելենա՛, մի փոքր կպատմե՞ք այն մասին, թե ինչպես հղիության մասին լուրը ընդունեց Ձեր ամուսինը։

-Նա, իհարկե, շատ երջանկացավ։ Ասեմ, որ մեր բալիկը նրա երրորդ որդին է. ամուսինս նախորդ ամուսնությունից երկու որդի ունի, որոնց հետ մենք հրաշալի հարաբերություններ ունենք։ Նրանք, եւս, ի դեպ, շատ ուրախացան՝ լսելով նորությունը։ Ասեմ, որ արդեն զգում եմ՝ ինչ բան է մայրական բնազդը։ Հնարավոր չէ չհրճվել՝ զգալով երեխայիդ խաղը որովայնում։ Պատկերացնում եմ՝ երբ բալիկս ծնվի, ինչ առանձնահատուկ կապ է ստեղծվելու մեր միջեւ։

-Ելենա՛, մի փոքր էլ զրուցենք Ստանիսլավսկու անվա ռուսական դրամատիկական թատրոնի ներկայիս գործունեության մասին։ Նախկին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո հնարավոր լինո՞ւմ է լցնել դատարկությունը։

-Այն, ինչ եղավ, ինձ եւ թատրոնի կոլեկտիվի մյուս անդամների համար մեծ ողբերգություն էր։ Պետք է շատ երկար ժամանակ անցնի, որպեսզի այդ դատարկությունը լցվի։ Պարոն Գրիգորյանը լեգենդար անձնավորություն էր, իր գործի վարպետը։ Նրա կորուստն իսկապես անդառնալի էր։ Պատկերացնու՞մ եք՝ նա ղեկավարել է թատրոնը 53 տարի, ավելին՝ քան իմ ամբողջ կյանքն է։ Մենք բոլորս մինչեւ հիմա էլ չենք համակերպվում այն մտքի հետ, որ նա չկա, պարզապես չենք հավատում դրան։

-Եվ վերջում՝ երեխայի ծնունդից հետո Ձեզ էկրաններին կտեսնե՞նք։

-Իհարկե, ինչպես նշեցի, շատ արագ կվերադառնամ իմ բնականոն հունին։ Եվ եթե որեւէ հեռուստանախագծի մասնակցելու համար հարմար առաջարկ ունենամ, անպայման կընդունեմ այն։

Աննա Բաբաջանյան




Լրահոս