ՈՒՐԻՇԻ ԲԻԶՆԵՍԸ ԻԲՐԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեծ շուքով ազդարարվեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը պատրաստվում է Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ ՀՀ էներգետիկ ոլորտում 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել: Հիշեցնենք, որ այս մասին դեռ նոյեմբերի 1-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում խոսել էր Սերժ Սարգսյանը: Իսկ երեկ արդեն այդ ծրագրի շնորհանդեսն էր:

Հատկանշական է՝ երեկվա միջոցառմանը չէր մասնակցում վարչապետ Կարեն Կարապետյանը, որը երկրի տնտեսական քաղաքականության հիմնական պատասխանատուն է, եւ եթե հիշում եք՝ ինքն էր ժամանակին խոստացել առաջիկա հինգ տարում ապահովել 3.2 մլրդ դոլարի ներդրում: Փոխարենը ներդրումային ծրագրի շնորհանդեսին ներկա էր Սերժ Սարգսյանը՝ այսպես քաղաքական ու բիզնես շրջանակներին ցույց տալու, որ «զորահանդեսի հրամանատարը» ինքն է:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ծրագիրը: Այն իրականացվելու է առաջիկա տասը տարիների ընթացքում: Ինչպես նշված է ՀԷՑ պաշտոնական հաղորդագրության մեջ. «Մոտակա տասը տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015թ.-ից մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման եւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին»: Այլ կերպ ասած՝ «Տաշիրն» իր կազմում գտնվող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն արդիականացնելու եւ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ընթացիկ ծախսեր է անելու եւ ծախսելու է տարեկան միջինը 90 մլն դոլար:
Սա, նկատենք, որ ՀԷՑ-ի նման խոշոր ընկերության համար չնչին գումար է, քանի որ եթե ՀԷՑ-ը մի փոքր ջանք ներդնի եւ, օրինակ, էլեկտրաէներգիայի կորուստները մոտ 2 տոկոսով նվազեցնի, այդ գումարի մեծ մասն ինքնուրույն կունենա: Իսկ դա ընկերությունը կանի սեփական շահի թելադրմամբ որպես բիզնեսի արդյունավետ կառավարիչ՝ ի տարբերություն ՀԷՑ նախորդ սեփականատիրոջ:
Երեկ ներկայացված այդ ներդրումային ծրագրի հիմնական ինտրիգն այն էր, որ հիմնական գումարները նախատեսված են ծախսել 2019 թվականից: Այն ժամանակ, երբ Հայաստանում ավարտված կլինի իշխանության «վերաբաշխումը»:
Իսկ ներդրումներն էլ «Տաշիրը» ոչ թե ուղիղ կանի, այլ վարկային միջոցներով. նրանք արդեն հասցրել են վարկային պայմանագրեր կնքել միջազգային տարբեր կառույցների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016թ.-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաեւ փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ՝ շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մոտակա տարիների ընթացքում այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով»: Այսինքն՝ խոստացված 900 դոլարից 260 մլն-ը՝ մոտ 30 տոկոսը, վարկային միջոցներ են, իսկ մնացած գումարի մասով դեռ պետք է աշխատանք տարվի՝ այսինքն կախված 2019-ին ձեւավորված իշխանության բովանդակությունից ու ձեւից:
Իսկ ի՞նչ կապ ունեն այս գործընթացների հետ գործող իշխանությունները: Նրանք «Տաշիր» ընկերության կողմից իրականացված ներդրումները՝ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ներկայացնում են որպես իրենց ձեռքբերում: Սա, համաձայնեք, այնքան էլ ազնիվ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ գործ ունենք պարզ բիզնես հաշվարկի հետ, որը որեւէ առնչություն չունի իրական ներդրումների հետ. «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հաջողակ բիզնեսմեն է, կարող է ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրում տարբեր բիզնես պրոեկտներ իրականացնել: Ու նաեւ իր բիզնեսի կառավարման, զարգացման համար կարող է ընտրել վարկ վերցնելու կամ սեփական գրպանից ներդրումներ անելու տարբերակներից մեկը: Առավել եւս, երբ 2016թ. գնելով ՀԷՑ-ը «Տաշիր» ընկերությունը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ՀԷՑ-ում 2016-2020թթ. ներդրումային ծրագիրը, որը եւ հաստատվել է հանձնաժողովի կողմից: Ու այսպես, թե այնպես նրա կողմից արվելիք ներդրումները որպես Հայաստանում գլխավոր ձեռքբերում մատուցելը, մեղմ ասած, սիրուն չէ: Բայց ՀՀԿ իշխանությունը ընտրել է հենց այս մեթոդաբանությունը ու տնտեսության մեջ ամեն տեղաշարժ ներկայացնում է որպես ներդրում՝ նույնիսկ բուտիկի բացումը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԿՈՐՈՇԵՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր կստանա ՍԴ ամբողջական վճիռը, որով Վանաձորի ավագանու նիստերը ճանաչվել էին անվավեր: Վանաձորի ավագանու ընտրություններում ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե միայն այն ստանալուց, ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո կարող են խոսել հետագա անելիքների մասին: «Համենայնդեպս այնպես չէ, որ ՍԴ-ի որոշումը զուտ ԼՀԿ-ին է վերաբերում: Պետական ատյաններն այստեղ բավականին լուրջ անելիքներ ունեն, եւ նաեւ պետք է հասկանալ, թե այդ վճռի հրապարակումից հետո ով իրեն ինչպես է պահում, եւ դրանից կախված արդեն մենք էլ մեր գործողությունները կպլանավորենք», – նշեց նա: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներն արտահերթ ընտրությունների հիմքեր չեն տեսնում, Մարուքյանը նշեց. «Ընտրությունների հիմքերը շատ ակնհայտ են: Եթե նիստերն անվավեր են եղել, ապա ՏԻՄ օրենքի մյուս կետն է գործում, եթե վեց ամիս շարունակ նիստ չի գումարվում, ապա պետք է լուծարվի, եւ նոր ընտրություններ նշանակվեն: Դրանից ավելի ակնհայտ ձեւակերպում չեմ պատկերացնում: Իսկ ՀՀԿ-ականները չեն փայլում օրենքները պահպանելու մեջ եւ կրկին փորձ են անում արդարացնել իրենց գործողությունները»:

 

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԱՊԱՀՈՎՎԱԾԸ
ՀՀ նախագահի աշխատակազմի մի մասը Հայաստանի՝ տնտեսապես ծանր պայմաններում, պարզվում է, ապրելու խնդիր չունի: Նրանց թվում է նաեւ արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի չորս հատ բնակարան, երկու հատ անհատական բնակելի տուն եւ մեկ հողամաս: Նախագահականի աշխատողի փոխառությունները կազմել են մոտ 22 հազար 500 դոլար, մոտ 11.5 մլն դրամ: Նա նաեւ ունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդերի հավաքածու: Իսկ դրամական միջոցները կազմում են 3 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 6800 եվրո: Բացի այս՝ Համբարձումյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 2 մլն 718 հազար դրամ, 500 հազար դրամի չափով «այլ եկամուտը» եւ 3000 դոլարի չափով ստացած նվերը: Հիշեցնենք, որ նա նախագահականում նշանակվել էր 2013թ. նոյեմբերին:

 

 

 

ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՇԵՆՔ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի, «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է գողականների համար հատուկ շենք հատկացնել, մասնավորապես 6-րդ մասնաշենքը տրվել է գողականներին, իսկ ահա 6-րդ մասնաշենքի դատապարտյալներին տեղափոխել են խիստ ռեժիմային կորպուս: Ասել է, թե ՔԿՀ ղեկավարությունը գողականների համար արտոնյալ վիճակ է ստեղծում:

 

 

ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՒՄ Է
ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Բացի դա՝ այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից եւ հենց այն մարդիկ, որոնք պարզապես գրանցված են ԱԺ-ում եւ աշխատանքի գրեթե չեն ժամանում:

 

 

 

ՈՉՆՉԱՑՎԱԾ ԵՆ
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերը չեն տրամադրվել. դրանք ոչնչացված են: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: «Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել՝ պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993թ. զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել: Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին: Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են»,-գրել է Փաշինյանը: Գրառմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է. «Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որեւէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին՝ մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի»:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ 90%-Ի ՄՈՏ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը ներկայացրել է ոչ պարենային ապրանքների ոլորտում առկա իրավիճակը: Սպառողները, ըստ Խալիկյանի, ամաչում են սերտիֆիկատ հարցնել: «Սպառողը պետք է հասկանա, որ իր ամենալավ պաշտպանն ինքն է. նա մեկ թուղթ` սերտիֆիկատ հարցնելով՝ ապահովագրում է իրեն հետագա բոլոր խնդիրներից: Նախկինում Հայաստանում չկար տեխնիկական կանոնակարգ, ոչ ոք չգիտեր, թե, օրինակ, կոսմետիկ միջոցների դեպքում ինչպիսի արտադրանք պետք է ներկրվի եւ վաճառվի: Այս տարի ստուգում ենք իրականացրել առավել խոշոր ներմուծողների մոտ, եւ 90%-ի մոտ հայտնաբերվել է խախտում, այսինքն՝ վաճառքն իրականացվում էր՝ առանց համապատասխան սերտիֆիկատների»,-ասել է Խալիկյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարի դեպքեր են եղել, երբ կոսմետիկ միջոցների օգտագործումից սպառողների մոտ առաջացել են մաշկային տարբեր խնդիրներ: Նա նշել է, որ խաղալիք ներկրողների 70%-ը սերտիֆիկատ չի ունեցել: Ամեն տարի Ամանորից եւ սեպտեմբերի մեկից առաջ անհայտ ծագման խաղալիքներ են հայտնվում շուկայում:




Լրահոս