ԻՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը խնայեց Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակեղծարարություն իրականացրած անձանց: Թեեւ ավագանու ընտրություններում խախտումների մասով հարուցվել էր 10 քրեական գործ, սակայն դրանցից 7-ը կարճվել է, մեկ քրեական գործը կասեցվել է, եւ ընդամենը 2 քրեական գործ ուղարկվել է դատարան:

Խոստումներն ու իրականությունը
Չնայած այն խոստումներին, որ ՀՀ իշխանությունները եւ, առհասարակ, իրավապահ համակարգը խոստանում էր, որ որեւէ ընտրակեղծարար անպատիժ չի մնա, սակայն, ինչպես նկատում ենք, խոստումները ընդհանրապես կապ չունեն իրականության հետ:
Եվ այսպես՝ դեռեւս այս տարվա հուլիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր՝ Երեւանի ավագանու ընտրությունների առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք), 149-րդ հոդվածի (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 153-րդ հոդվածի (այլ անձի փոխարեն քվեարկելը), 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (ընտրակաշառք տալը) եւ 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցվել է 10 քրեական գործ:
Դրանցից 2-ը նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով միացվել են համանման փաստական հանգամանքներով երկու այլ քրեական գործերի.
2-ով քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.
2 քրեական գործ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան.
4 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ովքեր պատժվեցին
Դատախազության պաշտոնական հաղորդագրությունից անցել է շուրջ 4 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց՝ հասկանալու համար, թե, ի վերջո, Երեւանի ավագանու ընտրություններում ովքեր պատասխանատվության ենթարկվեցին: Եվ այսպես՝ արձանագրեցինք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդամենը երկու անձ է հայտնվել մեղադրյալի աթոռին: Մասնավորապես Աշխեն Հովհաննիսյանը, որը մայիսի 14-ին ավագանու ընտրություններում եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը եւ ծրարը ու նրա փոխարեն քվեարկել էր Հանրապետական կուսակցության օգտին: Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 700 հազար դրամով: Սակայն հանուն ՀՀԿ-ի ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամները այս ամենից հետո այլ խնդրի առաջ են կանգնել: Բանն այն է, որ չեն կարողանում վճարել տուգանքները: Պարզել էինք, որ Աշխեն Հովհաննիսյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Աշխեն Հովհաննիսյանի նկատմամբ նշանակեն մեղմ պատիժ` տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով եւ այն տարաժամկետել՝ հնարավորություն տալով Աշխեն Հովհաննիսյանին տուգանքը վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում: Այս միջնորդությամբ վճիռը դեռես չի հրապարակվել՝ կընդառաջե՞ն Աշխեն Հովհաննիսյանին, թե՞ ոչ :
Մյուս քրեական գործը հարուցվել էր լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով: Մայիսի 14-ին թիվ 64 դպրոցում, որտեղ գործել է թիվ 10/29 ընտրատեղամասը, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանը տեսանկարահանում իրականացնելիս է եղել, երբ Հայկ Հունանյանը մոտեցել ու ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով՝ պահանջել է դադարեցնել տեսանկարահանումը: Այս արարքի համար Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Հունանյանին պատժեց 700 հազար դրամ տուգանքի չափով:
Ի՞նչ եղան մյուս
ընտրակեղծարարները
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պազել, թե ինչ ճակատագրի արժանացան մյուս ընտրակեղծարարները: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հարուցված է եղել 10 քրեական գործ: Դրանցից 7-ը կարճվել է, 1-ը՝ կասեցվել, իսկ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան, եւ դրանց հետ կապված առկա է մեղադրական դատավճիռ: Մասնավորապես 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ տալու հետ կապված՝ մեղադրական դատավճռով մեղադրյալը դատապարտվել է 800 հազար դրամ տուգանքի եւ երկու տարի ժամկետով զրկվել պետական եւ տեղական ինքնակառվարման մարմիններում եւ ընտրական հանձնաժողովներում աշխատելու իրավունքից: Իսկ ահա մյուսը լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով էր հարուցվել: Մեղադրյալը դատապարտվել է 700 հազար դրամ տուգանքով:
Տեղեկացանք, որ կասեցված քրեական գործն էլ առնչվում էր 7/51 ընտրատեղամասում արձանագրված տարօրինակ իրավիճակին: Մասնավորապես 7/51 ընտրատեղամասում արձանագրել են, որ 100-ից ավելի քվեաթերթիկներ են եղել առանց նշումների, սակայն երբ ավելի մանրամասն են ուսումնասիրել քվեաթերթիկները, պարզել են, որ դրանց վրա նշումներ են արված, եւ դրանք հիմնականում «Ելք»-ին տրված ձայներ են, սակայն նշումները ավելի ուշ ցնդել են:
Դեռեւս վերջնահաշվարկի օրը «Ելք»-ը որոշ վարկած էր առաջ քաշել, որ ցնդող գրիչ է տեղադրվել քվեախցիկներից 1-2-ում: Ասել է, թե իրավապահները այդպես էլ չեն կարողացել կամ չեն ցանկացել պարզել, թե, ի վերջո, ինչպես եղավ, որ մի ընտրատեղամասում մարդիկ եկել, քվեարկել են, բայց այդպես էլ նշված չի եղել, թե ում:
Ըստ էության իրավապահ համակարգը խնայեց Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության գնացած անձանց, իսկ որոշ դեպքերում էլ չկարողացավ այն բացահայտել՝ կասեցնելով քրեական գործի քննությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

37-ՕՐՅԱ ՀԱՑԱԴՈՒԼ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահի տեղակալ Մելիք Եսայանը 37 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն: Չարաշահումների գործով բանկի վարչության նախկին նախագահի տեղակալը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով, ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Մելիք Եսայանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են ՔԿՀ եւ մի կերպ համոզել են, որ նա դադարեցնի հացադուլը, որպեսզի կարողանան կյանքը փրկել. «Պառկած վիճակում է, շատ վատ վիճակ է, թե հետո ինչ կլինի, չգիտենք»: Նշենք, որ Եսայանը հացադուլ սկսելու մասին հայտնել էր հոկտեմբերի 3-ին: Կալանավորը հրաժարվել է անգամ տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց:

 

 

 

ՀՀԿ-Ն ԼՔԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել տեղի ՀՀԿ կառույցում: Բանն այն է, որ տեղի ՀՀԿ կառույցը՝ Սահակ Մինասյանի գլխավորությամբ, ում անունը վերջերս շոշափվում էր Շիրակի պետական համալսարանում կոռուպցիոն մեղադրանքների համատեքստում, ի սկզբանե սխալ որոշում էր ընդունել՝ առաջադրելով փնջում իր մեծությամբ 6-րդ գյուղի գյուղապետին, անտեսելով այն հանգամանքը, որ խոշոր գյուղերի գյուղապետերը եւս ՀՀԿ-ական են: Արդյունքում ստեղծված խառնաշփոթից օգտվեց դաշնակցական թեկնածուն, եւ հիմա՝ պարտությունից հետո, ՀՀԿ-ն լքել է իր գյուղապետերին եւ կողմնակիցներին, նույնիսկ այն բանից հետո, երբ դաշնակցական գյուղապետի վերահսկողությունից դուրս գտնվող ավագանու անդամները ինքնակազմակերպվել են եւ նորընտիր ավագանիում վերցրել մեծամասնություն, Սահակ Մինասյանը փորձում է ակտիվորեն կազմալուծել նրանց աշխատանքը: Ի դեպ, մյուս 2 խոշորացված համայնքների ընտրություններում եւս տեղի հանրապետականները հանդես էին բերում կուսակցական շահի տեսանկյունից խիստ անհասկանալի վարքագիծ: Անի համայնքում ամեն կերպ փորձում էին խոչընդոտել Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությանը, իսկ Ախուրյանում իրենց կադրերին ուղղորդում էին դեպի ԲՀԿ-ական թեկնածուն:

 

 

 

ՎԵՐՍԿՍԵԼ Է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: Հիշեցնենք, որ տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով: Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացվել են:

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ՍՈՒՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին ամբաստանյալը պատասխանել է մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին: Մեղադրողին հետաքրքրում էր, թե այս գործով վկա Գեղամ Սահակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ինչպիսի կապ են ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ: Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ Գեղամ Սահակյանին ճանաչել է որպես քաղաքացի, որը մասնակցել է ցույցերին, որն իրեն տարօրինակ է թվացել: Իմացել է, որ Գեղամ Սահակյանը աշխատում է Գնունի շուկայում, եւ հենց այդտեղից էլ պարզ է դարձել, որ նա իշխանությունների համար է աշխատում: Մեղադրողը նաեւ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց` արդյոք Երեւանի Խորենացի փողոցը անցած տարվա հուլիսի իրադարձությունների ժամանակ հասարակության համար վտանգավոր վայր համարել է, թե ոչ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է. «Իհարկե, այո՛, եւ ոստիկանությունը սահմանազատել է այդ տարածքը, որի ներսում հատուկ գործողություններ են կատարվել, սակայն քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները չեն պահպանվել»: Անդրիաս Ղուկասյանի ցուցմունքի վերջում մեղադրողը հայտարարել է, որ ամբաստանյալի ցուցմունքը սուտ է համարում, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Երեկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ, 30-ամյա Թելման Արշակի Ալավերդյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով եւ 324 հոդվածի 1 մասով: Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դատապարտյալի փախուստի դեպքի առթիվ: Թ. Ալավերդյանը, առողջական խնդիրների կապակցությամբ, 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսեւորած անփույթ վերաբերմունքից՝ դատապարտյալը հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով մտել է սանհանգույց, ապա դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում իրականացված որոնողական միջոցառումների արդյունքում փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է:




Լրահոս