ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը լքելու Միացյալ Թագավորության քայլերը վերջին օրերին կրկին համակել են արեւմտյան մայրցամաքի քաղաքական ուշադրությունը: Կողմերը այլեւս կարծես չեն էլ թաքցնում, որ հետագա բանակցությունները անիմաստ են՝ հաշվի առնելով փոխզիջման բացակայությունը: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Միացյալ Թագավորությունը չեն ցանկանում զիջումների գնալ առանցքային հարցերում: Իրավիճակի իրական մեղավորը թերեւս Միացյալ Թագավորությունն է ու կոշտ Բրեքզիթի կողմնակից էլիտան:

Այն պահից, երբ արտաքին գործերի պետքարտուղար Բորիս Ջոնսոնը նշանակվեց իր պաշտոնում, ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների կարգավորումը փաստաթղթային մակարդակով այդպես էլ չտեղավորվեց նրա առաջնահերթությունների շարքում: Ակնհայտ էր նրա դանդաղկոտությունը բանակցությունների նախապատրաստական շրջանում, ինչպես նաեւ նրա ներկայացուցիչների պասիվությունը այդ քննարկումների ժամանակ: Վարչապետ Թերեզա Մեյն ու նրա կառավարության առանձին ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են ԵՄ-ից առանց նոր պայմանագրի դուրս գալու հավանականության մասին՝ ակնարկելով, որ կոշտ Բրեքզիթը նույնպես դեպքերի զարգացման հնարավոր տարբերակ է: Իսկ Ջոնսոնն անգամ հայտարարեց, որ ՄԹ-ը չի պատրաստվում 60 միլիարդ եվրո վճարել ԵՄ-ին եւ այդպիսի պահանջներ ներկայացնող ԵՄ պաշտոնյաները կարող են «գնալ սուլելու»: Բանակցություններն էլ իրենց հերթին սկսվեցին բավականին ուշ՝ անընդհատ ձգձգվելով բրիտանացիների մեղքով: Անգամ աչքի էր զարնել դրանց առաջին ռաունդը, երբ եվրոպացի բանագնացները ներկայացել էին փաստաթղթերի հաստափոր տրցակներով, իսկ ՄԹ-ի ներկայացուցիչների սեղանին անգամ թուղթ ու գրիչ չկար: Սա անուղղակիորեն հուշում էր, որ ՄԹ-ը գնում է հարաբերությունների կոշտացման ճանապարհով:
Առանց պայմանագրի Եվրամիությունը լքելու տարբերակը, թվում էր, այնքան էլ հաճելի չպետք է լիներ ՄԹ-ի համար: Հաշվի առնելով մայրցամաքի հետ խորը կապերն ու հարաբերությունները՝ թագավորությունը գոնե պետք է ձգտեր մի ինչ-որ համաձայնության, այդուհանդերձ, գալ: Խնդիրն այն է, որ առանց պայմանագրի օդում կախված կմնան ԵՄ-ի հետ առնչվող բոլոր ոլորտները, ինչը անխուսափելիորեն ազդելու է միլիոնավոր մարդկանց վրա: Այս հարցում շահագրգիռ կողմն առավելապես Միացյալ Թագավորությունն է, որի կախվածությունը մայրցամաքից անհամեմատելիորեն ավելի մեծ է: Սակայն ԵՄ պաշտոնյաները արդեն իսկ հրապարակավ արտահայտվել են բանակցությունների տապալման հավանականության մասին: ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բառնիեն հայտարարել է, որ բոլորը պետք է պատրաստ լինեն դրան` նկատելով, որ 2019թ. մարտի 29-ին Միացյալ Թագավորությունը ԵՄ-ի համար կվերածվի երրորդ երկրի: Նա բրիտանական կողմին տվել է 2 շաբաթ ժամանակ` վերջնական հստակության բերել ՄԹ-ի ֆինանսական պարտավորությունները: Առանց ֆինանսական պարտավորությունների կատարման, Եվրամիությունը առանցքային մնացած հարցերում, որոնք նախ եւ առաջ հետաքրքրում են բրիտանական կողմին, քննարկելու ոչինչ չունի: ԵՄ-ի պաշտոնյաները արձանագրում են, որ քանի դեռ ՄԹ-ը չի ստանձնի իր ֆինանսական պարտավորությունների կատարման հանձնառությունը, առեւտրական, տնտեսական ու քաղաքացիական հարցերի քննարկումը անիմաստ է:
Օրերս հրապարակվեց նաեւ ՄԹ-ի ԱԳ պետքարտուղար Բորիս Ջոնսոնի եւ շրջակա միջավայրի պետական քարտուղար Մայքլ Գուվի գաղտնի նամակը վարչապետ Թերեզա Մեյին, որտեղ նախարարները իրենց դժգոհությունն էին արտահայտում կառավարության ներսում գոյություն ունեցող թերահավատ տրամադրություններից: Նրանք վարչապետին կոչ էին անում կարգի հրավիրել կառավարության մի շարք անդամների` բացատրելով իրենց ծրագրերն ու գաղափարները Բրեքզիթի գործընթացի վերաբերյալ: Նախարարները ակնհայտորեն ակնարկել են, որ իրենց ծրագիրն է կոշտ Բրեքզիթը` ԵՄ-ի հետ բանակցություններում զիջումների չգնալու միտումով: Բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն, ծանր քննադատության ենթարկեցին երկու նախարարներին` առաջին հերթին գաղտնի նամակ գրելու ու ուղարկելու համար` փոխանակ իրենց գաղափարները հրապարակավ հայտնելու, ապա նաեւ` նամակի ոճի ու դրանում ներառված գաղափարների իմաստով: Նախարարների այդօրինակ կեցվածքը քննադատվեց իբրեւ շեղում ազատ եւ բաց հասարակության ավանդույթներից` միտված պալատական ներքին խարդավանքներին:
Բրեքզիթի ողջ գործընթացը, ամիսներ առաջ ՄԹ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ-ի անզիջում կեցվածքը խիստ բարդ դրության մեջ են դրել վարչապետ Մեյին: Նրա նախարարների նամակը վերլուծաբաններին թույլ է տվել պնդելու, որ վարչապետի դիրքերը էականորեն թուլացած են, եւ նա չի վայելում այն առաջնորդի հեղինակությունը, որը հարկավոր էր Բրեքզիթի գործընթացը առաջ տանելու համար: Մեյին հրապարակային առաջարկներ են արվում վերանայելու կառավարության կազմը` ցուցադրելով իր ուժը: Սակայն ինչպես կարող է Մեյը ցուցադրել մի բան, որից զրկված է: Հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը դարձել է կաղ բադիկ, որի խոսքը գործնական ազդեցություն չունի բրիտանական քաղաքականության վրա: Դրա վառ դրսեւորումներից է նաեւ բրիտանական խորհրդարանում ներկայումս ընթացող գործընթացը, երբ պատգամավորները փորձում են ընդունել օրինագիծ, որով առանց խորհրդարանի հավանության, ԵՄ-ի հետ համաձայնագիրը իրավական ուժ չի ունենալու: Միացյալ Թագավորության խորհրդարանում վարչապետը այլեւս չունի բացարձակ մեծամասնություն, եւ պարզից էլ պարզ է, որ չունի նաեւ նվիրյալ աջակիցներ: Այսպիսով՝ ՄԹ խորհրդարանը հստակորեն ցույց է տալիս կառավարության հանդեպ տիրապետող անվստահությունը` գործընթացը վերահսկելու նոր մեխանիզմներ մշակելով: Դրան զուգահեռ վարչապետ Մեյի քաղաքական ապագան ավելի է մշուշոտվում:
Որքան կցանկանար նա լինել Հայաստանում եւ գործ ունենալ Հայաստանի լուռումունջ խորհրդարանի հետ, որի մանկության միակ երազանքը 2018թ. ապրիլին Սերժ Սարգսյանին ամենայն հայոց վարչապետի աթոռին բազմեցնելն է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆ ՉԿԱ, ՇԵՆՔ ԷԼ ՉԿԱ
Խոշորացված Նոյեմբերյանի համայնքի ավագանին 2017թ. հոկտեմբերի 30-ի նիստում, հիմք ընդունելով համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի առաջարկությունը, որոշեց անվավեր ճանաչել Ոսկեվան համայնքի ավագանու 2014թ. հոկտեմբերի 1-ի որոշումները, որոնցով համանուն գյուղում գտնվող խնամքի կենտրոնի շենքը եւ նույն տարածքում գտնվող 1900 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով տրամադրվել էին «Սլովակիա» ՍՊԸ-ին: Ի դեպ, խնամքի կենտրոնի շենքը պայմանագրով իբրեւ նվիրատվություն էր տրվել «Սլովակիա» ՍՊԸ-ին: Դրա դիմաց վերը նշված ընկերությունը պարտավորվել էր մեկ տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, վերանորոգված շենքում գարեջրի եւ հոնի օղու արտադրության գործարան գործարկել: Ենթադրվում էր, որ անհրաժեշտ ներդրումները ստացվելու էին Սլովակիայից: Նվիրատվություն հանձնված շենքը նորոգվել է, այնտեղ նաեւ նոր շենք է կառուցվել, ըստ «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանի՝ շինարարության համար ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար: Պայմանագրով նախատեսված ժամկետը վաղուց անցել է, սակայն գործարանը չի գործարկվել: 2017թ. օգոստոսի 30-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստում Ս. Բարսեղյանն առաջարկել է ամբուլատորիայի վերանորոգված շենքի տարածքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա» ՍՊԸ-ին, սակայն ավագանին առաջարկը մերժել էր, միաձայն որոշել էր «Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու ժամանակացույց, իսկ չներկայացնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում որոշվել էր լուծել ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը: Կ. Աբազյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք անցած ժամանակահատվածում նշված ժամանակացույց ներկայացվե՞լ է: Աբազյանն ասաց, որ Ս. Բարսեղյանը չի ներկայացրել ժամանակացույցը՝ ասելով, որ դա առեւտրային գաղտնիք է: Նա համայնքի ղեկավարին հրավիրել է Ոսկեվան, որտեղ նշված շինությունում գարեջրի արտադրության սարքավորումների փոխարեն խորհրդային ժամանակների 20-25 կարի մեքենաներ են դրված եղել, որպեսզի այդտեղ կարի արտադրամաս գործարկեն: Ինչեւէ: Նոյեմեբերյան համայնքի՝ հոկտեմբերի 30-ի որոշմամբ իբրեւ գործարանի տարածք տրված շենքը վերադարձվեց արդեն խոշորացված Նոյեմբերյան համայնքի (Ոսկեվանը խոշորացված համայնքի մաս է կազմում) հաշվեկշիռ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՓՉԱՑԱԾ Է ԵՂԵԼ
Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգերի պատճառը տեխնիկական է եղել: «Հեռախոսս փչացած ա եղել, տեխնիկական խնդիր ա եղել, 3G-ն չի անջատվել, դրանից ա եղել»,- ասել է Հ.Նաղդալյանը: Չինաստանում գտնվող իր տղայի հետ, ըստ Նաղդալյանի, ինքը whatsapp-ով է խոսում: Հարցին, թե չի՞ պատրաստվում սեփական միջոցներից փոխհատուցել, քանի որ իր մեղքով է եղել, Նաղդալյանը պատասխանել է, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել. «Եթե այդպիսի պահանջ ներկայացնեն, կփոխհատուցեմ»,-նշել է նա: Ավելի ուշ ԱԺ-ից պարզաբանեցին, որ «Վիվա-սել» ընկերությունը ընդունել է սխալը եւ հետ է վերցրել 2 մլն դրամ վճարման պահանջը:

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը երբեք չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին եւ մշտապես անհարգելի բացակայում են նիստերից: Ի՞նչն է խնդիրը, եւ եթե չպետք է մասնակցեր հանձնաժողովի նիստերին, ապա ինչո՞ւ է ընդգրկվել դրա կազմում, հարցերին ի պատասխան՝ պատգամավորն ասել է. «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում»: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին նախապես զգուշացվում է նիստերի մասին, սակայն բացակայությունների որեւէ բացատրություն իրենք չեն ստացել: Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ եւ հանձնաժողովի նիստերից անհարգելի կերպով բացակայած պատգամավորները բացակայած օրերի համար չեն վճարվում 30.000 հազար:

 

 

ԱՀԱԶԱՆԳԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: «Մեծ թվով ահազանգեր ենք ստանում այն մասին, որ սոցիալական ծառայությունները նպաստ նշանակելու համար որոշակի գումարներ են վերցնում ընտանիքներից. նախարարությունում նման ահազանգեր ստացվո՞ւմ են, արդյոք բացահայտվե՞լ են նման դեպքերը»: Նախարարը նախ նշել է, որ պատգամավորի բարձրաձայնած խնդիրն իրավապահ մարմինների գործառույթ է: «Ձեր նշած ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար աշխատում ենք տեղեկատվությունը հնարավորինս կիրառելի դարձնել մեր ոլորտում գործող մարմինների համար»,-ասել է նա: Ըստ նախարարի՝ իրենք ստանում են նման ահազանգեր.«Այո՛, քաղաքացիներից ահազանգեր եղել են, ու եթե քաղաքացին կամ առկա տեղեկատվությունը հիմք է հանդիսացել իրավապահ մարմիններին դիմելու, դա արվել է»,-ամփոփել է Ա. Ասատրյանը:




Լրահոս