Անորոշ իրավիճակ. Գերմանիան ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում կանցլեր (վարչապետ) Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը թեպետ պահպանեց առաջատարի իր դիրքերը, սակայն չկարողացավ լուրջ մեծամասնություն ստանալ Բունդեսթագում, ինչը նրան հնարավորություն կտար միանձնյա նոր կառավարություն ձեւավորել:

Ուստի Գերմանիայի կանցլերին այլ բան չի մնում անել, քան հերթական կոալիցիոն կառավարությունը կազմել, որի շուրջ բանակցություններն արդեն մի քանի օր է՝ ընթանում են, բայց դեռեւս հաջողությամբ չեն պսակվել: Մերկելը կա՛մ պետք է ցավոտ զիջումներ անի խորհրդարանական փոքրամասնություն կազմող կուսակցություններին՝ կառավարություն կազմելու համար, կա՛մ էլ ստիպված պետք է լինեն արտահերթ ընտրություններ անցկացնել:

Նախորդ շաբաթ Մերկելի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը «Քրիստոնյա-սոցիալիստական միություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հետ չկարողացավ համաձայնության գալ մի շարք հիմնահարցերի շուրջ, արդյունքում կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցություների այս փուլը տապալվեց: Կուսակցությունների միջեւ հիմնական տարաձայնությունները վերաբերում են ներգաղթի քաղաքականությանն ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին: Մերկելը հասցրեց ներողություն խնդրել գերմանացի ընտրողներից առաջացած երկամսյա քաոսի համար՝ նկատելով, որ արագ կառավարություն կազմելու ու աշխատանքի լծվելու իր հույսերը չեն արդարացել:

Մյուս կուսակցությունների առաջանորդները, ցավալի համարելով հանդերձ բանացկությունների ձախողումը, միաժամանակ բնական են համարել, որ որեւէ կուսացություն չի ցանկացել հրաժարվել իր սկզբունքային մոտեցումից: Նման իրավիճակում Մերկելին մնում է կա՛մ համագործակցություն սկսել նախկին դաշնակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, կա՛մ գնալ արտահերթ ընտրությունների: Սոցիալ-դեմոկրատները ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարել էին ընդդիմություն դառնալու մտադրության մասին:

Սակայն այսօր արդեն պարզ է, որ Մերկելը չի կարողանում համաձայնության գալ խորհրդարանում կոալիցիոն կառավարություն կազմել ցանկացող կուսակցությունների հետ, եւ որպես արտահերթ ընտրություններից խուսափելու միակ ուղի մնում է սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիան: ՍԴԿ-ի ղեկավար Մարտին Շուլցը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Մերկելի հետ: Վերջինիս ճամբարից արդեն իսկ դրական ազդակներ են հաղորդվում այս առումով՝ հուսադրելով գերմանացիներին, որ կառավարական քաոսի ավարտին երկար չեն սպասի: Կանցլերը հայտարարել է, որ ցանկանում է կոալիցիա կազմել որքան հնարավոր է շուտ:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴԿ-ի հետ բանակցություններին, ապա դրանց հաջողության նախապայման նա համարել է փոխադարձ հարգանքն ու փոխզիջումը: Խնդիրն այն է, որ Շուլցը ի սկզբանե չէր ցանկանում կոալիցիոն կառավարություն կազմել՝ ունենալով անցյալի դառը փորձը: Նախորդ անգամ կոալիցիա կազմելուց հետո նրա կուսակցությունը աջակիցների թվաքանակի էական նվազում արձանագրեց: Այդ իսկ պատճառով Շուլցը դեմ էր կոալիցիոն կրտսեր գործընկերոջ կարգավիճակին կրկին վերադառնալուն: Բայց ներկայիս իրավիճակում ՍԴԿ-ն ստիպված կլինի բախվել արտահերթ ընտրությունների հետ, ինչը, թվում է, վերոնշյալ կուսակցությունների շահերից ընդհանրապես չի բխում: Ըստ անցկացված հարցումների՝ գերմանացիների 52 տոկոսը կողմ է նախկին կոալիցիայի վերակնքմանը, ինչն ապահովում է առնվազն լեգիտիմություն կառավարության համար:

Կարծիք կա, որ ՍԴԿ-ն կարող է առաջ բերել այնպիսի պահանջներ, որոնց կատարումը վեր լինի Մերկելի հնարավորություններից: Այդ պատճառով Մերկելի կուսակցությունից արդեն իսկ հորդոր է հնչել բանակցություններին մոտենալ ռեալ պահանջներով եւ չընկնել չափազանցությունների գիրկը: Հինգշաբթի օրը Գերմանիայի նախագահ Շտայենմայերի միջնորդությամբ կկայանա երկու կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, եւ երկամսյա քաոսից հետո վերջապես պարզ կդառնա, թե արդյոք փոխզիջումը կհաղթի արտահերթ ընտրություններին: Իսկ նոր ընտրության գնալ Մերկելը ակնհայտորեն չի ցանկանում: Նա հիմնովին սխալ է համարել քաղաքացիներին կրկին տեղամասեր ուղարկելու տարբերակը՝ նկատելով, որ գերմանացիները արտահայտել են իրենց կամքը եւ այն իրագործելն ու կյանքի կոչելը գերմանական քաղաքական վերնախավի խնդիրն է: Ի դեպ, քաղաքական վերլուծաբանները խիստ հավանական են համարում նոր կոալիցիան հին դաշնակիցների միջեւ: Այդուհանդերձ, երկամսյա անորոշությունն ու բանակցությունների նախորդ ռաունդի տապալումը արդեն իսկ տեղ է թողնում կարծելու, որ իրավիճակը կհանգի արտահերթ ընտրությունների: 4-րդ անընդմեջ ժամկետին սպասող Մերկելը գուցե թե ստիպված լինի գնալ նոր ընտրությունների, որոնք հայտնի չէ, թե ինչ նոր անակնկալ կմատուցեն:

2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում եւս խորհրդարանական կառավարման այս մոդելն է ներդրված: Հայաստանին տասնամյակներ են հարկավոր գերմանական քաղաքական համակարգի մակարդակին հասնելու համար: Բայց ինչպես տեսնում ենք՝ նույնիսկ կայացած պետական կառավարման համակարգ ունեցող Գերմանիան խորհրդարանական կառավարման պայմաններում երկամսյա քաոսի է մատնված եւ կառավարություն կազմելու լուրջ խնդիր ունի: Եթե արեւմտյան հանդուրժողականությունն ու քաղաքական շահը պետականին զիջելու փորձը չհաղթի, Գերմանիան ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների՝ առջեւում ունենալով ավելի խորը անորոշ իրավիճակում հայտնվելու վտանգը:

Գերմանիայի օրինակը նաեւ պարզաբանում է, թե ինչու Հայաստանի իշխանական համակարգն այս տարվա գարնանը ամեն ինչ արեց, ահռելի ծավալների ընտրակաշառք բաժանեց, որպեսզի իշխող ՀՀԿ-ն մեծամասնություն ունենա:

Ն. Հովսեփյան




Լրահոս