ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Արմինկան ու Նորոն Բիյոնսեի հետքերով. ովքեր են ներկա եղել տեսահոլովակի շնորհանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին ակնհայտ է հայ աստղերի արտագաղթը՝ տարբեր երկրներ, հատկապես Միացյալ Նահանգներ: Այդ երկրում է բնակվում, օրինակ, Էմմին, մեկ տարի առաջ էլ իր ընտանիքով ԱՄՆ մեկնեց Արմինկան: Վերջինս, ի դեպ, խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը նախընտրում է իր նորությունների մասին պատմել սոցցանցերի էջերի միջոցով:Այսպիսով՝ օրեր առաջ նա տեղեկացրեց, որ նոր տեսահոլովակ է նկարահանել երգիչ Նորոյի հետ դուետի հիման վրա: Ի դեպ, Նորոն եւս համալրում է ամերիկաբնակ աստղերի ցանկը: Նա արդեն տեւական ժամանակ է՝ ապրում է օվկիանոսից այն կողմ:

Հիմա արդեն համացանցում հասանելի է հայկական էստրադայի երկու ներկայացուցիչների համատեղ աշխատանքը, որը կոչվում է «Սեր ու տարիներ»: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Նորոյի հետ՝ փորձելով իմանալ այլ մանրամասներ եւս: Այսպիսով՝ երգիչներն ԱՄՆ-ում տեսահոլովակի շնորհանդես են կազմակերպել, որին ներկա են եղել հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ)՝ կնոջ հետ, հաղորդավար Արտավազ Ամիրյանը, դերասան Գրիգոր Դանիելյանն ու կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, եւ այլք: Վերջիններիս լուսանկարներն, ի դեպ, շատ արագ տարածվեցին սոցցանցերում, եւ դրանցից կարելի է ենթադրել, որ խնջույքը բավական ճոխ է կազմակերպված եղել:

«Ասեմ, որ տեսահոլովակը նկարահանել ենք ԱՄՆ-ում, մի վայրում, որտեղ տեսահոլովակ է նկարահանել նաեւ համաշխարհային ճանաչում վայելող երգչուհի Բիյոնսեն: Տեսահոլովակի վրա աշխատել ենք ընդամենը մեկ օր, առավոտից աշխատանքները մեկնարկել են եւ տեւել են մինչեւ իրիկուն»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգիչը:

Իսկ հարցին, թե արդյոք շնորհանդեսի միջոցառումը մեծամասշտաբ է եղել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Շնորհանդեսին մոտավորապես երկու հարյուր հյուր ունեինք թե՛ Երեւանից, թե՛ Լոս Անջելեսից»:

Հավելենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորոն նշել էր, որ շատ է կարոտել Հայաստանը, ամեն օր հետեւում է մեր երկրին առնչվող բոլոր նորություններին, սակայն, ինչպես երեւում է, վերադառնալու նպատակ երգիչը դեռ չունի:

Անի Անտոնյան




Լրահոս