Մեկնարկել են կինոթանգարանի ստեղծմանն ուղղված քայլերը

Արդեն հայտնի է, որ շուրջ քսան տարվա ընդմիջումից հետո բացվել է Կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճի դուռը, լրացվել են ձայնային սարքավորումները, մեկնարկել են կինոցուցադրությունները:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մեկնարկել են նաեւ ապագա կինոթանգարանի ստեղծմանն ուղղված քայլերը. «Կլինի այն, ինչի համար մեր նախաձեռնությունը եւս պայքարում էր: Ինձ վստահել են թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգելու գործընթացը: Պետք է, որ դա լինի ոչ միայն թանգարան, այլեւ ուսումնական, մշակութային, տուրիստական, կրթական կենտրոն՝ կրեատիվ լուծումներով կոլորիտային վայր»,-շեշտեց Հայկը:

Հարցին, թե ինչ պետք է անեն կինոգործիչները, որպեսզի ակտիվ միջավայր ստեղծվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գալիս է մի պահ, երբ պետք է համախմբվել մի նշանակալի ու կարեւոր գործի շուրջ: Սա հենց այդ դեպքն է: Եվ այս պահերին է երեւում՝ ով է սրտացավ, ով ոչ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր են ձեռնարկվում «Հայֆիլմ» կինոստուդիան փրկելու ուղղությամբ. «Այս պահին մեզ համար շատ կարեւոր է գոնե պահել այն, ինչ այնտեղ մնացել է: Աստված մի արասցե՝ «Հայֆիլմը» վաճառվի, էլ ոչ մի բանի տեր լինել չենք կարող: Գոնե հավաքագրենք ու պահենք ամեն ինչ լավ պայմաններում, մինչեւ տեսնենք՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստանում: Միայն թե մի թեթեւ ձեռք է պետք, որ հրի մեզ, ոչ թե քաշի»,-մեկնաբանեց ռեժիսորը:

Հայկը նշեց այն հիմնական հանձնարարականները, որոնք դրել են իրենք իրենց առջեւ՝ ստեղծել կինոթանգարան՝ միջազգային չափանիշներին համապատասխան, օժտված մարքեթինգային գործիքներով, մշակել երիտասարդական կինոյի զարգացմանն ուղղված մեխանիզմներ, կինոկրթությունը դիտարկել 20 տոկոս թեորիա, 80 տոկոս պրակտիկա հարաբերակցության մոդելում, հայկական կինոն դարձնել բրենդ, ազգային կինո հասկացությունը թե՛ «Կինոյի մասին» օրենքի շրջանակում, թե՛ չգրված օրենքներով կինոմիջավայրում դարձնել կարեւոր:

Աննա Բաբաջանյան