ԵԱՏՄ երկրները մրցակից, հարևան պետությունները՝ ո՞չ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը սկզբում խիստ ոգեւորված էր տնտեսական ոլորտում իր արձանագրած ցուցանիշներով ու նախնական հաջողություններով: Բայց հոկտեմբերի վերջին հրապարակվեց Համաշխարհային բանկի Doing Business զեկույցը, որից պարզ դարձավ, որ Հայաստանը գործարարությամբ զբաղվելու հարցում էապես զիջել է դիրքերը՝ նահանջելով 9 կետով:

Ընդ որում, հարեւան պետություններն այս ընթացքում, ընդհակառակը, հասցրել էին շատ ավելի մեծ առաջընթաց գրանցել: Doing Business-ի զեկույցը սառը ցնցուղ էր կառավարության համար, քանի որ մինչ այդ վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցով պարբերաբար խորհրդակցություններ էր հրավիրում, ու կոնկրետ ցուցանիշներ մատնանշելով, թե ակնկալում են ՀԲ Doing Business զեկույցում բարելավել Հայաստանի դիրքերը՝ 190 երկրների շարքում 38-րդ տեղից բարձրանալով 12 կետով: Բայց ստացվեց այնպես, որ ՀՀ-ն 38-րդ տեղից իջավ 47-րդ հորիզոնական:

Հիմա կառավարությունը որոշել է շտկել իրավիճակը, եւ նոյեմբերի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Այն ղեկավարելու է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:
Բայց հետաքրքիր են աշխատանքային խմբի առաջ դրված նպատակները. «Ներկայացնել ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում առաջատար դառնալու համար ՀՀ թիրախներն ապահովող այնպիսի միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում կապահովվի զեկույցում Հայաստանի դիրքի կտրուկ առաջընթաց»:

Այլ կերպ ասած՝ Հայաստանը Doing business զեկույցում իր դիրքերը զիջել է ոչ միայն հարեւան պետությունների համեմատ, այլեւ վատ արդյունքներ է գրանցել հենց ԵԱՏՄ անդամ երկրների մեջ: Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ-ն այս զեկույցում 35-րդն էր, Բելառուսը՝ 38-րդը, Ղազախստանը՝ 36-րդը, իսկ ՀՀ-ն՝ 47-րդը:

Խմբի աշխատակարգում ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանը միայն մեկ ցուցիչով է առաջին տեղում՝ ընկերությունների հիմնումն այստեղ ավելի հեշտ է:

Մնացած բոլոր ցուցիչներով ՀՀ-ն զիջում է իր դիրքերը. շինարարական թույլտվությունների, սեփականության գրանցման հարցում, արտաքին առեւտրի ցուցիչով լավագույնը Բելառուսն է, էլեկտրականության միացման, վարկերի տրամադրման առումով՝ ՌԴ-ն, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, պայմանագրերի կիրարկման ցուցիչներով առաջամարտիկը Ղազախստանն է:

Բայց հիմա կառավարությունն իր ու այս աշխատանքային խմբի առաջ նպատակ է դրել Doing business զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների համեմատ, իսկ ահա հարեւան երկրների հետ մրցակցության մասին խոսք չկա: Սա, թերեւս, աննորմալ է: Այստեղ հնարավոր արդարացումները, թե չափորոշիչ վերցված են այն երկրները, որոնց հետ տնտեսական միեւնույն միավորման մեջ է ՀՀ-ն, այնքան էլ հիմնավոր չէ:

Ի վերջո, Հայաստանի հիմնական մրցակիցները հենց հարեւան երկրները պետք է լինեին: Սովորաբար այդպես են վարվում լուրջ երկրները, որպեսզի տարածաշրջանի համաչափ զարգացման մեջ ետ չընկնեն հարեւաններից: Եվ հետո՝ ՀՀ-ն հարեւան պետություններից Ադրբեջանի հետ հակամարտության մեջ է գտնվում, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններն էլ հեռու են բարիդրացիական համարվելուց, հետեւաբար նույնիսկ «թասիբի հարց է» նրանց գերազանցելը: Այնպես որ, ՀՀ իշխանություններն էլ որպես մրցակից ավելի շատ պետք է դիտարկեին հարեւան պետություններին, իհարկե, ԵԱՏՄ անդամ երկրներին նույնպես:

Բայց կառավարությունն իր առաջ այդպիսի խնդիր չի դրել հավանաբար այն պատճառով, որ չի հավատացել նման հեռանկարի. ի վերջո, հարեւան Վրաստանը Doing business զեկույցում աշխարհի 190 երկրների մեջ 9-րդ տեղում է: Եւ դժվար է պատկերացնել, որ նման տեմպերով Հայաստանն առաջիկա երկար ժամանակահատվածում կմոտենա Վրաստանին:

Հ.Գ. Ինչ վերաբերում է ստեղծված խմբի աշխատակարգին, ապա դրանում առանձնապես լուրջ նորություն չկա. նրանցից յուրաքանչյուրն իր պատասխանատվության ոլորտի առումով պետք է մշակի ու կազմի համապատասխան միջոցառումներ, ներկայացնի փոխվարչապետին ու վարչապետին: Եւ այս ամենը սահմանված որոշակի ժամկետներում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս