Որքանո՞վ էր ՀՀ-ն ազնիվ իր մղումներում. ԵՄ համաձայնագրի դրույթները կյանքի կկոչվե՞ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների մոտ շարունակում է պահպանվել Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հաջորդած էյֆորիան: Երեկ էլ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե այդ փաստաթղթով քաղաքացիների կյանքն են բարելավելու:

Իշխանությունները նույնկերպ հրճվանքի մեջ էին նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելիս: Այս տարիների ընթացքում բազմիցս ենք լսել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան հայկական արտադրատեսակներով գրավելու անծայրածիր հնարավորությունների մասին: Ընդ որում, նման հայտարարություններ ՀՀ իշխանությունները հնչեցրել են ամենաբարձր մակարդակով՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բայց այսօր իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. այս տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկան այդպես էլ չնվաճվեց, նույնիսկ այդ ուղղությամբ փորձեր չարվեցին: Ընդհակառակը, շեշտակի աճել են ՀՀ ԵԱՏՄ երկրներից ներկրումները: Բայց այդ ամենի պատճառն ամենեւին էլ տնտեսական այդ միավորումը չէ. ԵԱՏՄ պաշտոնյաներն իրենք են բազմիցս հայտարարել, որ Հայաստանը պետք է կարողանա օգտվել միավորման ընձեռած հնարավորություններից, իսկ եթե չի կարողացել, պատճառները պետք է փնտրել երկրի ներսում:

Նույնը նաեւ այս դեպքում է լինելու. ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բարեփոխումների լայն հնարավորություններ է տալիս Հայաստանին, ընդ որում, բարեփոխումներ պետք է արվեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այս առումով իշխանությունները, նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին, ճիշտ են, երբ ասում են, թե փաստաթղթի իրագործման արդյունքում քաղաքացիների կյանքն է բարելավվելու:

Այնպես որ, հիմա խնդիրը հենց համաձայնագրի դրույթների իրագործումն է. արդյո՞ք իշխանությունները կցուցաբերեն քաղաքական կամք ու կգնան բարեփոխումների, թե՞ ամեն ինչ կավարտվի ձեւական քայլերով՝ այդ ընթացքում հասցրած լինելով մսխել ԵՄ տրամադրած ֆինանսական օժանդակությունը:

Ամեն դեպքում, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն այն նվազագույն քայլն էր, որ արեցին իշխանությունները: Շատ կարճ ժամանակ անց գալու է այդ համաձայնագիրը դրույթ առ դրույթ կյանքի կոչելու ժամանակը, եւ կերեւա՝ որքանո՞վ էր ՀՀ-ն ազնիվ իր մղումներում:




Լրահոս