Կոալիցիայի ներսում արշալույսները խաղաղ չեն. կառավարությունը կտրուկ մերժել է ՀՅԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կոալիցիայի ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ խուլ դիմակայություն է ընթանում, որը երբեմն-երբեմն բացահայտ դրսեւորումներ է ստանում:
Խոսքը միայն այն մասին չէ, որ կառավարության վերջին նիստում վարչապետն առիթը բաց չթողեց բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին հերթական անգամ հակադարձելու համար:

Երբ խոսվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավական կարգավիճակը փոխելու մասին (այն հանվում է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությունից ու վերածվում Կոմիտեի), եւ երբ Մինասյանն ասաց, որ ռեֆորմները պետք է ավարտվեն երեք տարում, վարչապետն անմիջապես հակադարձել էր. «Ռեֆորմը 3 տարի չի կարող լինել, դա արդեն ռեֆորմ չի: Ծրագիր 3 տարվա` հա, ռեֆորմ 3 տարվա` չէ» (հիշում եք՝ նախկինում էլ ուրիշ առիթներով էր նա անընդհատ կոպտել Մինասյանին):

Վարչապետ-ՀՅԴ դիմակայությունը երեւում է շատ ավելի լուրջ հարցերի շուրջ: Բանն այն է, որ կառավարությունն իր դիրքորոշումն է ներկայացրել 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների ներկայացրած առաջարկների առնչությամբ: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մերժվել են կոալիցիոն ՀՅԴ բոլոր առաջարկները:

Նկատենք՝ խորհրդարանական չորս խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է, որ առաջարկները ներկայացրել էր ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից՝ այդպես ավելի արժեւորելով իրենց քայլը: Չնայած դրան, կառավարությունը մերժել է նրանց ներկայացրած բոլոր 8 առաջարկները:

Իհարկե, այնպես չէ, որ ՀՅԴ ներկայացված առաջարկները համակարգային հարցերի վերաբերյալ են: Օրինակ՝ ՀՅԴ-ականներն առաջարկել են սկսել Խաչիկ սահմանապահ գյուղի ոռոգման ջրամբարի կառուցումը, Խաչիկ գյուղին 160 մլն դրամ հատկացնել՝ բնակելի տների կառուցման համար: Կամ ՀՅԴ-ն առաջարկել է 70 մլն դրամ տրամադրել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար, 40 մլն դրամ՝ նույն մարզի Արաքս համայնքի մշակութային կենտրոնի վերանորոգման համար, 70 մլն դրամ՝ Արտաշար համայնքի ճանապարհների ասֆալտապատման, 180 մլն դրամ էլ՝ Տավուշի մարզի Դիտավան համայնքի ճանապարհների ասֆալտապատման նպատակով: Կառավարությունն ԱԺ ՀՅԴ խմբակցության այս առաջարկները մերժել է՝ պատճառաբանելով, թե բյուջեի մուտքերից եւ ծախսերից ելնելով՝ դրանք առաջնահերթ չեն:

Հասկանալի է՝ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ առաջարկները խմբակցության անունից ներկայացնելով՝ փորձել է անհարմար դրության մեջ դնել վարչապետին, որպեսզի դրանք չընդունելու դեպքում ստացվի այնպես, որ կառավարությունը մերժել է ոչ թե պատգամավորին, այլ կոալիցիոն գործընկեր քաղաքական ուժին: Ընդ որում, սովորաբար նման դեպքերում հատկապես կոալիցիոն գործընկեր կուսակցությունները փորձում են առաջնահերթությունները ներկայացնել նախագիծը գրելիս, իսկ ԱԺ խմբակցության անունից ներկայացված առաջարկները սկզբում փորձում են քննարկել կուլիսներում, համաձայնեցնել, հետո նոր արդեն փաստաթղթավորել: Ու հիմա ՀՅԴ-ի այս քայլից կարելի է ենթադրել՝ կա՛մ կոալիցիոն գործընկերները փորձել են նախապես համաձայնեցնել, բայց կառավարության մերժումը ստանալով՝ որոշել են հրապարակայնացնել նախագծերը, կա՛մ ի սկզբանե չեն գնացել այդ ճանապարհով՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Դե, կառավարությունն էլ որոշել է չնահանջել ու իր դիրքորոշումն է պաշտպանել:

Համեմատության համար նշենք որ կառավարությունը մյուս պատգամավորների առաջարկները մերժելիս ոչ միշտ է այդպես կտրուկ գտնվել: Մասնավորապես ՀՀԿ-ական գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի առաջարկները եթե չի ընդունել, բայց եւ չի մերժել՝ նշելով, որ դրանց իրականացման հարցը դեռ կքննարկեն ՀՀ 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում: Բացի այդ՝ հետաքրքիր է, որ կառավարությունը որոշ դեպքերում ընդառաջ է գնացել ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր համարվող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած առաջարկներին՝ ընդունելով դրանք, իսկ կոալիցիոն գործընկերոջ հանդեպ միանգամայն այլ որոշում ցուցաբերել:

Իսկ, ընդհանրապես, տեղեկացնենք, որ պատգամավորները ներկայացրել են 111 առաջարկ, որից 15 է ընդունվել միայն, այն էլ մի քանիսը՝ մասնակի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս