Հայաստանում պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները տարվա 10 ամիսների կտրվածքով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 9.1 տոկոսով: Ինչի արդյունքում հանքարդյունաբերական որոշ ընկերություններ զգալի ավելացրել են հարկային վճարումները: Իսկ մի մասը, հակառակը, նվազեցրել է, ինչը ենթադրում է, որ նրանց մոտ հանքանյութի արդյունահանման աճ տեղի չի ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ հանքարդյունաբերական ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 5-րդ տեղը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարել է 13 մլրդ 140 մլն 382 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Մինչդեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակում նշված ընկերությունը զբաղեցրել է ցանկի 17-րդ տեղը եւ պետական բյուջե էր վճարել 5 մլրդ 185 մլն 637 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Ստացվում է, որ այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետբյուջե վճարած հարկերն ավելացրել է մոտ 8 մլրդ դրամով: Տեղեկացնենք, որ Վահե Հակոբյանը, մինչեւ ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակվելը, «Զանգեզուր ՊՄԿ»-ի վարչական գծով տնօրենն էր: Նա 2014-ին նշանակվելով այդ պաշտոնին՝ Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» եւ ներկայումս ամբողջությամբ տնօրինում է կոմբինատը:

Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը «Գեոպրոմայնիգ գոլդ»-ն է, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը: Նշված ընկերությունն այս տարվա 9 ամիսներին վճարել է 10 մլրդ 223 մլն 265 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւս, ավելացրել է հարկերը` ավելի քան 2 մլրդ 736 մլն դրամով: Ի դեպ, այս ընկերությունը գունավոր մետաղների արդյունահանում է իրականացնում Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքներում: Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են Սոթքի ոսկու հանքավայրը, 220 կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկան: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մտնում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի ակտիվների մեջ, այս տարվա ինն ամիսներին վճարել է 586 մլն 967 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Այս ընկերությունը ավելի քան 50 տոկոսով` 541 մլն 242 հազար դրամով, նվազեցրել է հարկային վճարումները` հայտնվելով ցանկի 79-րդ տեղը:

Հաջորդ հանքարդյունաբերող կազմակերպությունը «Թեղուտ» ընկերությունն է, որը նույնպես այս տարի զիջել է դիրքերը: Ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով պետական բյուջե վճարել է ավելի քան 9 մլրդ 137 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվում «Թեղուտ»-ը պետբյուջե վճարել է ավելի քան 10 մլրդ 782 մլն դրամ հարկ ու տուրք: Նվազումը կազմել է 1 մլրդ 644 մլն դրամ: «Թեղուտ»-ը նախորդ տարվա երրորդ եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկի 6-րդ հորիզոնականում էր, այս տարի նշված ընկերությունը երրորդ եռամսյակի արդյունքներով զբաղեցրել է 8-րդ տեղը: Նշենք, որ ընկերությունը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը:

Հանքարդյունաբերական մյուս խոշոր հարկատուն Կապանի լեռնահարստացման կոմբինատն է, որն ավելացրել է հարկային վճարումները: Այսպես՝ այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 656 մլն 568 հազար 700 դրամ: Անցած տարվա համեմատ՝ պետբյուջեի վճարումները աճել են 2 մլրդ 873 մլն դրամով:

Իսկ ահա «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 16 մլն 90 հազար դրամ: Հարկ է նկատել, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ տարվա ընթացքում մոտ 3.7 մլրդ դրամով ավելացրել է պետբյուջե վճարված հարկեր եւ տուրքերը: Եթե «Լիդիան Արմենիա»-ն անցած տարվա երրորդ եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 277-րդ տեղը, ապա այս տարի ընկերությունը բարձրացել է 19-րդ հորիզոնական:

Ինչպես հայտի է՝ Հայաստանից արտահանվող ապրանքատեսականու մեկ երրորդից ավելին կազմում է հենց պղնձի խտանյութը: Ուստի այդ մետաղի էժանացումը ծանր հետեւանքներ է ունենում ոչ միայն արդյունահանողների, այլ նաեւ հարկային մուտքերի եւ Հայաստանի ողջ տնտեսության համար: Բարեբախտաբար պղնձի համաշխարհային գները վերջին ամիսներին տատանվում են 6700-6800 դոլարի միջակայքում: Ինչով եւ պայմանավորված է հանքարդյունաբերական որոշ ընկերությունների հարկերի ավելացումը: Այսինքն՝ հանքարդյունաբերողները նկատելով պղնձի համաշխարհային գների բարձրացումը՝ առիթը բաց չեն թողել եւ արդյունահանման ծավալները կտրուկ բարձրացրել են: Ինչպես արդեն վերը նշել ենք՝ պղնձի խտանյութի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 9.1 տոկոսով:

Ուստի այն փաստը, որ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ընկերության պետական բյուջե վճարվող հարկերը նվազել են, կարելի է ենթադրել, որ այս ընկերությունը պղնձի արդյունահանման ծավալները նվազեցրել է: Իսկ միջազգային շուկայում պղնձի բարձր գների պահպանման պայմաններում նման մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Ի վերջո, երաշխավորված չէ, որ եկող տարի պղնձի միջազգային գները կրկին չեն նվազի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս