ՆՊԱՏԱԿԸ ԴԱՅԱԿՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունեց երիտասարդ մայրերի աշխատանքը եւ երեխայի խնամքը զուգակցող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:

Փոխարենը կառավարությունը կվճարի նրա երեխային պահող դայակին: «Այն կինը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն` այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից: Այս դեպքում, բնականաբար, 18 հազար դրամն էլ չի վճարվում, ստացվում է, որ պետությունը 37 հազար դրամ է բյուջեից հանում` փոխարենն ակնկալելով ժողովրդագրական աճ, աշխատաշուկայում զբաղվածություն»,- մեծ աղմուկ հանած նախագծի մասով հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Փաստորեն, մայրը դայակին աշխատավարձ տալու փոխհատուցում կստանա մինչեւ երեխայի երկու տարին լրանալը, ինչպես գործող օրենքով է, երբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրը որպես նպաստ ամսական 18 հազար դրամ է ստանում մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Ըստ սոցապնախարարության` նախագծի մշակման շրջանակներում կարեւորվել է միջազգային փորձը, օրինակ` Ֆրանսիայի փորձը, որին հետեւում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում եւ տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետեւյալ երեք ուղղություններով` հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ եւ դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը: Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված է: Նման երկրներում մինչեւ երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:
Բայց եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները պարտադիր մտնելու են հարկային դաշտ: Նկատենք, որ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիր կնքում է սկեսրոջ կամ ծնողի հետ, ապա միայն վարձու աշխատանք ձեւակերպելու դեպքում սահմանափակում չի լինի: Այսինքն` եթե պայմանագիր է կնքվում երկու կողմերի միջեւ, ինչի արդյունքում դայակը աշխատավարձ է ստանում, ապա այն պարտադիր հարկվելու է։ Կարելի է ենթադրել, որ կառավարությունը այս կերպ փորձում է հարկային դաշտ բերել մինչեւ այս ստվերում գործող դայակներին: Ինչը խիստ զայրացրել է այն քաղաքացիներին, որոնց եկամտի աղբյուրը գոյանում է դայակ աշխատելով: Նրանք պնդում են, որ հարկային դաշտ մտնելը իրենց համար ձեռնտու չէ:
Ստացվում է, որ կառավարության կողմից վճարվող 55 հազար դրամից 18 հազար դրամը կվերադարձվի պետությանը, քանի որ աշխատող մայրը կվերադառնա աշխատանքի եւ չի ստանալու այդ գումարը։ Այսինքն՝ հարկումը` շուրջ 26 տոկոս, կկազմի մոտ 29 հազար դրամ, կրկին կվերադարձվի պետությանը: Գործնականում այս նորամուծության իրական նպատակը դայակներին հարկային դաշտ բերելն է, որը սկզբնական շրջանում պետբյուջեին ֆինանսական հավելումներ չի բերի, փոխարենը հնարավորություն կտա կառավարությանը հայտարարել, որ իրենք նվազեցրել են գործազրկության պաշտոնական ցուցանիշը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախօրեին հրապարակել է մի հայտարարություն, որով ցանկացողներին հրավիրում է մասնակցել իր հաշվեկշռում գտնվող Հանրապետության հրապարակում տեղակայված շենքի աճուրդին: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նալբանդյան 28 հասցեում գտնվող այդ շենքը, որի մակերեսը կազմում է 7 հազար 809,9 մետր քառակուսի, գնահատվել է 13 միլիարդ 223 միլիոն 400 հազար դրամ: Իսկ շենքի սպասարկման տարածքը, որը նույնպես նույն աճուրդով նախատեսվում է վաճառել, 2 հազար 520,65 քառակուսի մետր մակերես ունի եւ գնահատվել է 151 միլիոն 240 հազար դրամ: Այսինքն՝ ընդհանուր անշարժ գույքը՝ շենքը եւ դրա սպասարկման հողամասը, գնահատվել են 13 միլիարդ 374 միլիոն 640 հազար դրամ կամ մոտ 27 միլիոն 300 հազար դոլար:
Հարկ է նշել, որ աճուրդը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին, իսկ դրան մասնակցել ցանկացողները մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է 661 միլիոն 170 հազար դրամի չափով աճուրդի մասնակցության նախավճար մուծեն: Այլ կերպ ասած՝ վերը նշված շենքը գնել ցանկացող անձը կամ կազմակերպությունը ի սկզբանե պետք է 1 միլիոն 350 հազար դոլարին համարժեք գումարի կանխավճար մուծի:
Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վարչական շենքը վաճառելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է դեռեւս այս տարվա օգոստոսին: Ինչեւէ, մեկ ամսից պարզ կլինի, թե արդյո՞ք նշված շենքի գնորդ գտնվել է, թե՞ ոչ: Նշենք միայն, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շարունակում է զբաղեցնել այդ տարածքը, չնայած վաղուց այդ գերատեսչության համար Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության շենքի համալիրում տեղ է նախատեսված:

Վ. Հ.

 

 

 

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ 80 ՏՈԿՈՍԸ ԾԱԽՍՎԵԼ Է
Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է 1 տրիլիոն 478 միլիարդ 331 միլիոն դրամ, որի մոտ 80 տոկոսը երեկվա դրությամբ արդեն ծախսվել է: Պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ պետական բյուջեից ծախսվել է 1 տրիլիոն 175 միլիարդ 846 միլիոն դրամ: Ըստ այդմ, պետական բյուջեում մնացել է 302 միլիարդ 485 միլիոն դրամ: Տարվա ավարտին դեռեւս մեկուկես ամիս կա, բացի այդ՝ պետական բյուջետային ծախսերի մի զգալի մասն էլ հենց տարեվերջին է իրականացվում: Մի խոսքով, ամեն ինչ դեռ առջեւում է:
Հիշեցնենք, որ պետական բյուջեի ինն ամիսների կատարողականի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ծախսվել է 953 միլիարդ 700 միլիոն դրամ: Այսինքն՝ վերջին մեկուկես ամսում պետական բյուջեից ծախսվել է մոտ 222 միլիարդ 146 միլիոն դրամ:




Լրահոս