ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգեւատրել է նաեւ իր տեղակալներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգեւատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ:
Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալների աստղաբաշխական ունեցվածքների ու բիզնեսների մասին Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բավական է թերթել նրանց հայտարարագրերը, եւ ամեն ինչ պարզ կդառանա միանգամից: Ի վերջո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը դոլարային միլիոնատերեր են, որոնց ընտանիքի մեկ օրվա ծախսը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը: Մյուս կողմից՝ պարգեւատրումների կարգադրությունները կամ հրամանները հենց նույն այդ պաշտոնյաներն են ստորագրում: Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչով են մտածում այն պաշտոնյաները, որոնք երբեւէ աշխատավարձով չեն ապրել, բայց չեն խորշում այն մտքից, որ իրենց եւ տեղակալների անունները եւս լինեն պարգեւատրվողների ցուցակում՝ գլխավորելով այն:

 

 

Արդեն վեց տարի է` Հայաստանը «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցում Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Ու հիմա տեսակետ կա, որ նախորդ տարվանից շրջանառության մեջ դրված «Ազգ-բանակ» ծրագրի, դրան հետեւած քայլերի արդյունքում ՀՀ-ն կարող է լուրջ ձեռնոց նետել Իսրայելին, որն ամենառազմականացված պետությունների մեջ առաջինն է: Մյուս կողմից նկատենք` «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017»-ի համաձայն՝ ռազմականացման բարձր մակարդակը մի կողմից էլ սահմանափակում է տնտեսության զարգացումը` սպառելով սուղ տնտեսական ռեսուրսները: Ասել է, թե Արցախի խնդիրը, որի պատճառով ՀՀ-ն ստիպված է խորացնել ռազմականացվածության մակարդակը, խոչընդոտում է երկրի զարգացմանը:

 

 

ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բանն այն է, որ այդ ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ, ու չնայած ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ է եղել կատարվողի մասին, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել` կանխելու համար ապօրինությունները: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանին, որը, սակայն, ասել է, թե ինքն արձակուրդում է, ոչնչից տեղյակ չէ: Իսկ նրա տեղակալ Սմբատ Բուլղադարյանն ասել է, թե այդ ամենը սուտ է: Բայց մյուս կողմից նա հավելել է. «Մենք հսկում ենք, պատժում էլ ենք, եթե խաղում էլ են, դա իրենց անձնական գործն է, մենք խցիկում չենք եղել, որ պարզենք՝ ինչ է եղել»:

 

 

Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից սպանված հայ զինվորների մարմիններն անարգելու, վայրագությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը զեկույցներ էր ուղարկել միջազգային կազմակերպություններ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը, խոսելով այդ մասին, նշել է. «Այդ զեկույցը բարձրաձայնվեց, ուղարկվեց բազմաթիվ կառույցների, մեր սփյուռքի կառույցները բավական ինտենսիվ կարողացան տարածել, նաեւ դիվանագիտական ճանապարհով ուղարկվեց»: Ինչ վերաբերում է արդյունքներին, ըստ Մելիքյանի. «Արդյունքներն իրավապաշտպան կամ ոչ իրավապաշտպան կառույցների կողմից հղումներն են: Եվ այդպիսի հղումներ մենք ունենք, օրինակ, Freedom House-ի կողմից, մենք ունենք միջազգային հակաճգնաժամային խմբի կողմից հղումներ՝ իրենց ամենախորքային զեկույցում»:

 

 

 

ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ, ԲԱՅՑ ԵՎ ՄՈՏ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին ակտիվություն է նկատվում, սակայն սա դեռ չի խոսում կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին: Դեռ ավելին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասների մասին, տեղեկացրել է, որ իրենք անդրադարձել են նաեւ ԼՂ խնդրին: Ու Էրդողանն ասել է, թե ՌԴ-ի համար եւս լավ կլինի այդ հարցին ավելի շատ ուշադրություն դարձնելը. «Բայց իմ կարծիքով, Պուտինը մեծ հույսեր չունի կողմերի դիրքորոշումների պատճառով»: Ռուսական կողմը երեկ չէր հերքել Էրդողանի խոսքերը:
Մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր գոհունակությունն էր հայտնել Մոսկվայում ԵԱՀԿՄԽ համանախագահների հետ հանդիպումից, եւ երեկ հայտարարել է. «Բանակցությունները կոնստրուկտիվ էին, առարկայական, կոնկրետ հարցեր են քննարկվել, որ վերաբերում են ԼՂ խնդրի կարգավորմանը։ Դետալներից չեմ խոսի, քանի որ որոշել ենք քննարկումները շարունակել Վիեննայում, դեկտեմբերին»,- ասել է նա` հավելելով, որ կան գաղափարներ, որոնց շուրջ համանախագահները պետք է մի քիչ աշխատեն՝ առաջ գնալու համար։ Ըստ նրա, դրանք այն գաղափարներն են, որոնք համանախագահները առաջ են քաշել դեռեւս 2004 թվականին, այդ թվում նաեւ այն 6 առաջարկներն են, որոնք միջնորդները ներկայացրել են։
Մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ պնդել է, որ ԼՂ բանակցություններում արդյունքի հնարավոր է հասնել, եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի եռանախագահների մոտեցումներին: «Հեծանիվ հնարելը այս կարգավորման գործընթացում դժվար է: Այս բոլոր տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց իրականության մեջ հենքը՝ այս բանակցային գործընթացի, նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եվ եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որը եռանախագահող երկրները միջազգային հանրության կողմից ներկայացնում են որպես հիմնախնդրի կարգավորում, ապա առավել հնարավորություններ կբացվեն այս գործընթացը առաջ տանել եւ արդյունքներ ունենալ»,- ասել է նա:
Նկատենք, սակայն, կողմերի դիրքորոշումների այս տարբերությունը, որի մասին խոսել է նաեւ Պուտինը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, դեռ չի նշանակում, որ հնարավոր չէ հասնել հիմնահարցի լուծման: Պարզապես դեռ չի եկել միջազգային հանրության, այդ թվում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու եւ խնդիրը լուծել հարկադրելուն ուղղված գործողությունների ժամանակը:




Լրահոս