ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԳՈՀ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեվերջին պետական հիմնարկների աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգեւավճարներ են ստանում, ինչը ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ:

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անցած տարվա պարգեւատրումների կարգադրությունից տեղեկացավ, որ քաղաքապետի եւ նրա տեղակալների գլխավորությամբ այդ հիմնարկի 1 հազար 220 աշխատակիցներ պարգեւավճարներ են ստացել:
Երեւանի քաղաքապետը համապատասխան կարգադրությունն անցած տարի ստորագրել է դեկտեմբերի 23-ին: Ըստ այդմ, փաստաթղթից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի աշխատակազմը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը, աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգեւատրմամբ մեկամսյա աշխատավարձի չափով: Սա իրականացվել է Երեւանի 2016 թվականի բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցները խրախուսվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ ոչ ավել, քան մեկամսյա աշխատավարձի չափով Երեւանի 2016թ. բյուջեով բաժինների համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին:
Ցուցակից պարզ է դառնում, որ պարգեւատրվողների ցանկում տեղ են գտել ինչպես քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այնպես էլ նրա չորս տեղակալները: Քաղաքապետարանի ղեկավար կազմի այդ ցուցակում ընդգրկվելը ուշագրավ է, որովհետեւ այդ նույն մարդիկ իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են հսկայական կարողություն կուտակել, եւ նրանց ընտանիքների մեկ օրվա ծախսը վաղուց գերազանցում է իրենց աշխատավարձը:
Չնայած, մյուս կողմից էլ ով գիտի, մի գուցե նրանց ունեցվածքի մասին լեգենդները սուտ են, եւ Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունն աշխատավարձով է ապրում, եւ եթե այդ գումարները չստանան, միգուցե չկարողանան Ամանորը նշել: Ինչեւէ: Ըստ այդ փաստաթղթի` Երեւանի քաղաքապետարանի 1220 աշխատողի որպես պարգեւատրում նախորդ տարեվերջին վճարվել է ընդհանուր 271 մլն 777 հազար 300 դրամ: Ինչպես արդեն նշեցինք՝ ցուցակը գլխավորում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ասել է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինքն իրեն պարգեւատրել է 575 հազար դրամով` «ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»: Հետաքրքիր կլիներ, եթե նա որոշեր, որ իր պարտականությունները բարեխիղճ չի կատարել:
Իհարկե, Տարոն Մարգարյանը կարող էր համեստորեն տեղ չգտնել այդ ցուցակում՝ իր տեղակալներին էլ կոչ անելով իր օրինակին հետեւել, բայց, դե, փաստը մնում է փաստ, մարդիկ ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են ծախսում՝ իրենց ճոխ կենցաղը վարելու համար, բայց չեն խորշում համայնքի բյուջեից պարգեւավճար ստանալ:
«ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ստացել է 478 հազար դրամ, իսկ Արամ Սուքիասյանը` 443 հազար դրամ: Մյուս տեղակալները նույնպես ստացել են 443 հազար դրամ պարգեւատրում: Աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը ստացել է 346 հազար դրամ, խորհրդականները` 358 հազար դրամ, իսկ գլխավոր խորհրդականը` 370 հազար դրամ: Քաղաքապետի օգնականները ստացել են 298 հազար դրամ: Պարգեւատրվել են նաեւ տեղակալների օգնականները` 250 հազար դրամի չափով: Վարչության պետերը եւս պարգեւատրվել են` 346 հազար դրամի չափով: Ի դեպ, պարգեւատրվողների ցանկում տեղ է գտել նաեւ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում տրվել է 346 հազար դրամ: Հավանաբար Նավասարդյանը պարգեւատրվել է Երեւանի հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները «կարգավորելու» համար: Իսկ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը 346 հազար դրամով պարգեւատրվել է հավանաբար քաղաքը «մաքուր» պահելու համար: Նշենք, որ բաժնի պետերը պարգեւատրվել են 291 հազար դրամով, առաջատար մասնագետները` 219 հազար դրամով, գլխավոր մասնագետները` 225 հազար դրամով:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել, թե Տարոն Մարգարյանը պատրաստվո՞ւմ է այս տարի իրեն եւ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգեւատրել: Սակայն մեր հարցման պատասխանը երեկվա դրությամբ դեռ չէինք ստացել:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ՆԱԽԱՐԱՐՆ Է
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ Հակոբ Համխիյանը նամակով դիմում է ՀՀ տարածքային եւ կառավարման նախարար Դավիթ Լոքյանին: Նա դժգոհություններ ունի գործող գյուղապետ Արթուր Ավետիսյանից, որը, ըստ դիմողի, ոտնահարում է իր իրավունքները:
«Պարո՛ն նախարար, տեղյակ լինելով, որ մեր գյուղը (Նոր Արմավիր) գտնվում է Ձեր իրավասության ներքո, ուստի իմ դիմումն եմ գրում Ձեզ առ այն, որ գյուղի նորընտիր գյուղապետը` Արթուր Ավետիսյանը, չարաշահելով իր դիրքն ու պաշտոնը, արհամարհում է բնակչին` հաշվի չառնելով նրա սոցիալական դրությունը: Ոտնահարում է նրա իրավունքն ու պատիվը, ենթարկում բազմապիսի սադրանքների, արդյունքում հասցնում կաթվածի եւ ինֆարկտի:
Պարո՛ն նախարար, ներկայացնեմ պատճառը. ես բնիկ Արմավիրի մարզից չեմ: Բնակվել եմ Կրասնոդարի երկրամասում: Ամուսնացել եմ կնոջս` նոր Արմավիրի բնակչուհի Ազնիվ Սաֆարյանի հետ եւ հենց նրա պնդմամբ` 1988թ. տեղափոխվել ենք Հայաստան՝ բնակություն հաստատելու: Արմավիր գյուղում ստացել ենք 0,50 հա սեփականաշնորհված տարածք` 0,12 հա տնամերձ, 0,38 հա տարածքն էլ իմ ձեռքով վերածել եմ խաղողի այգիների:
Գյուղապետ Ա. Ավետիսյանն իմ խաղողի այգու տարածքին լինելով հարեւան՝ 2007թ. ինձ առաջարկել է՝ այգին վաճառեմ իրեն: Սակայն ես մերժել եմ նրան, որից հետո նա սկսեց հոխորտալ իմ վրա: Նա նշում էր, որ ես կփոշմանեմ ու շատ կտուժեմ:
Իրոք, մինչեւ օրս տուժում եմ: Ա. Ավետիսյանը սկսեց իր հողը ջրելուց ջրախեղդ անել իմ այգին:
Ա. Ավետիսյանն ունենալով բազմաթիվ հեկտարներով հողակտորներ` աչքը չկշտացավ, մնաց իմ հողակտորի վրա, որի պատճառով խորտակեց իմ ընտանիքը: Գյուղապետն ունի արենդայով, ժառանգություն ստացած, զավթած եւ վաճառքով գնած հողամասեր, որոնց ձեւակերպում չի եղել, մնացել են հողատերերի անուններով: Ունի շինարարական օբյեկտներ, գոմ, մանկապարտեզի նախկին շենքը նույնպես նրան է պատկանում: Նա չի մուծում ո՛չ հողի հարկ, ո՛չ ոռոգման ջրի վարձ: Այսքան ունեցվածքից հետո չհագենալով` իմ այգու ճանապարհն է վարել ու բոստան ցանել:
Ես 77 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ապրում եմ միայնակ, ունեմ վեց անբուժելի հիվանդություն: Գյուղում չունեմ ոչ մի հարազատ-բարեկամ, կնոջս մեղքով երեխա չունեցանք, ապրում եմ ինձ հասանելիք թոշակով, որը կազմում է 38.000 դրամ. 15 օրը մի կերպ, 15 օրը` սոված, առանց բուժման…:
Արմավիրի մարզի նոր Արմավիր գյուղի 8-րդ փողոցի 17-րդ տան բնակիչ
Հակոբ Համխիյան»:
«Ժողովուրդ»-ը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար, եւ հնարավոր է` դրա բովանդակությունը չհամընկնի խմբագրության տեսակետի հետ:

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը դիմել է կառավարությանը եւ պահանջել հետ վերադարձնել իրեն ամրացված շենքային համալիրից մի մասը: Նշենք, որ այն մինչ այդ հատկացվել էր պետական եկամուտների կոմիտեին, ապա պետական գույքի կառավարման վարչությանը: Նշենք, որ դպրոցում սովորում է 452 աշակերտ, կոմպլեկտավորվել է 18 միավոր դասարան: Մեկ աշակերտին 9 քմ հաշվարկով գործում է գերբեռնված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկա պահին չի գործում երկրորդ աստիճանավանդակը, ինչը կարեւոր է աշակերտների անվտանգության ապահովման համար: Իսկ այդ տարածքը դպրոցին վերադարձնելու դեպքում կգործի նաեւ երկրորդ աստիճանավանդակը, ապա կնվազի դպրոցի ծանրաբեռնվածությունը: Մեզ հայտնի դարձավ, որ կառավարությունը առաջիկայում դպրոցին կվերադարձնի իրեն նախկինում ամրացված շենքային համալիրը:

 

 

ՏՆԿԱՐԱՆԸ ԿՏԱ ՄԵԿ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
«Հայկական միրգ» ԲԲԸ-ի սեփականության իրավունքով հանձնված 15 հեկտար տնկարանի տարածքը մաքրասորտ տնկանյութի արտադրություն կազմակերպելու համար անհատույց օգտագործման կհանձնվի ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնած «Նորատունկ» ՓԲԸ-ին: «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ տվյալ ընկերությունը պարտավորվել է 2018-2019 թվականների ընթացքում նշված հողատարածքի վրա ձեւավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան եւ արտադրել կորիզավոր, հնդավոր եւ այլ պտղատեսակների բարձրորակ, ժամանակակից ինտենսիվ այգեգործության պահանջներին համապատասխան տնկիներ եւ արմատակալներ` տարեկան շուրջ 100 հազար հատ: Ի դեպ, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում «Նորատունկ»-ը խոստացել է կատարել 77 մլն դրամի ներդրումներ, որից 37 մլն դրամը՝ պայմանագրի կնքումից հետո առաջին տարում, 40 մլն դրամը՝ երկրորդ տարում: Մեզ մնում է հուսալ, որ «Նորատունկ» ընկերությունը կկատարի ներդրումների մասով իր տված խոստումները եւ չի որդեգրի «Հայկական միրգ» ընկերության կեցվածքը: Հիշեցնենք, որ «Հայկական միրգը» մի քանի անգամ հասցրել է հայտնվել ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ՎՊ ստուգումների արդյունքում ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ բավականին լուրջ խախտումներ են բացահայտվել։




Լրահոս