Կարծում եմ՝ Տիգրան Մանսուրյանի զարմանքը նույնքան մեծ է, որքան մերը. Շուշան Պետրոսյանը հիշեցնում է՝ կոմպոզիտորն առաջին անգամ չէ առաջադրվում «Գրեմմիի»

Կարծում եմ՝ Տիգրան Մանսուրյանի զարմանքը նույնքան մեծ է, որքան մերը. Շուշան Պետրոսյանը հիշեցնում է՝ կոմպոզիտորն առաջին անգամ չէ առաջադրվում  «Գրեմմիի»

Օրերս հայտնի դարձավ, որ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում: Նրա հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը` Տիգրան Մանսուրյանի քրոջ դուստրը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե «Գրեմմիի» առաջադրվելը Մանսուրյանի նախաձեռնությո՞ւնն է եղել, թե՞ նրան համապատասխան առաջարկ է արվել, նշեց. «Նա չէր կարող ցանկություն հայտնել, այն էլ ինքը, հեչ երկրային չէ, ախր: Ես հստակ կարող եմ ասել, որ բացառվում է` ինքը առաջարկած լինի, կարծում եմ` նրա զարմանքը նույնքան մեծ է եղել, որքան մերը, եւ «Գրեմմիի» առաջադրվելը նրա համար նույնքան անսպասելի է եղել, որքան մեզ համար»:

Տիկին Պետրոսյանը շեշտեց` «Ռեքվիեմ»-ը աստվածային ստեղծագործություն է, եւ, անկախ «Գրեմմիի» արդյունքներից, մնալու է պատմության մեջ. «Տիգրան Մանսուրյանն ունի գործեր, որոնց ոչ բոլորն են ծանոթ, սակայն դրանք մնալու են հայ երաժշտության պատմության մեջ»,- ասաց նա:

Ի դեպ, տիկին Պետրոսյանը հիշեցրեց` առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի». «Մանսուրյանի ստեղծագործությունը ներառված էր սաքսոֆոնահար Ժան Գարբարեկի (Jan Garbarek) ալբոմում, եւ այն 2004-ին առաջադրվել էր «Գրեմմիի»: Ես գիտեմ, որ Գարբարեկը, առհասարակ, հայկական երաժշտությանը ծանոթացել է Տիգրան Մանսուրյանի շնորհիվ: Նա ժամանակակից հնչողությամբ գործիքներով կատարել է մեր միջնադարյան հոգեւոր երաժշտությունը. դա ուղղակի ֆանտաստիկ է»:

Ի դեպ, տիկին Պետրոսյանը հիշեց Մանսուրյանի պատմած մի հետաքրքիր դրվագ` կապված հայկական երաժշտության ֆենոմենի հետ. «Մի առիթով Տիգրան Մանսուրյանը նկատել է, որ հայտնի ջազ դաշնակահար Քեյթ Ջարեթի (Keith Jarret) կատարումներում ինչ-որ հայկական բան կա: Նա հարցրել է` որտեղի՞ց: Պարզվել է` դաշնակահարի դայակը հայ է եղել եւ նրա համար միշտ երգել է Կամիտաս… Տեսեք` ինչ բան է կոմիտասյան երաժշտությունը…»:

Հիշեցնենք, որ ամենամյա «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 28-ին Նյու Յորքում: Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի մասին ասել է. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի:

Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն եւ բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձեւը… Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը: Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաեւ իմ ընտանիքի պատմությունը»:

Աննա Բաբաջանյան