ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱՆ ՄՐՑՈՒՆԱԿ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 39
1. Կողմերի միջեւ փոխադարձ առեւտրային կարիքներին հարմարեցված՝ օդային տրանսպորտի համակարգված զարգացում եւ աստիճանական ազատականացում ապահովելու նպատակով օդային տրանսպորտի բնագավառում շուկայի փոխադարձ հասանելիության պայմանները պետք է դիտարկվեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագրին համապատասխան։
2. Նախքան «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագիրը կնքելը Կողմերը չպետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր կամ գործողություններ, որոնք առավել սահմանափակող կամ խտրական են՝ նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը առկա իրավիճակի համեմատությամբ։
ՀՈԴՎԱԾ 40
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 41
1. Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում՝ Եվրոպական միության՝ I հավելվածում նշված ակտերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
2. Կարող է իրականացվել նաեւ կարգավորիչ մոտարկում՝ ոլորտային համաձայնագրերի միջոցով։
ԳԼՈՒԽ 2
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 42
1. Կողմերը պետք է համագործակցեն էներգետիկ հարցերի շուրջ՝ գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության եւ կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի այսուհետ դիտարկվելիք էներգետիկ հատվածի ոլորտներում կարգավորիչ ներդաշնակեցմանը՝ հաշվի առնելով անվտանգ, շրջակա միջավայրը չվնասող եւ մատչելի էներգիայի հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը։
2. Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ ոլորտները՝
ա) էներգետիկ ռազմավարություններ եւ քաղաքականություններ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը եւ էներգիայի մատակարարների ու էներգիայի արտադրության բազմազանությունը խթանելու նպատակով.
բ) էներգետիկ անվտանգության ընդլայնում, այդ թվում՝ էներգիայի աղբյուրների եւ դրա փոխանցման ուղիների բազմազանեցումը խթանելու միջոցով.
գ) մրցունակ էներգետիկ շուկաների զարգացում.
դ)վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության խթանում.
ե) էներգիայի եւ տարածաշրջանային շուկաներ ինտեգրման շուրջ տարածաշրջանային համագործակցության խթանում.
զ) ընդհանուր կարգավորիչ դաշտի խթանում՝ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի եւ հնարավոր այլ էներգետիկ հումքի առեւտրին նպաստելու նպատակով, նաեւ՝ միջուկային անվտանգության առումով անվտանգության եւ ապահովության բարձր մակարդակին ուղղված մրցակցային հավասար պայմանների խթանում.
է) քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները եւ կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները եւ Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաեւ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։ Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝
i) ապահովության, անվտանգության եւ թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը եւ վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,
ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով.
ը) գնային քաղաքականություններ, տարանցում եւ փոխադրում, մասնավորապես էներգետիկ պաշարների փոխանցման համար ծախսերի վրա հիմնված ընդհանուր համակարգը, եւ անհրաժեշտության դեպքում՝ ածխաջրածնի պաշարների հասանելիության մասով հետագա ճշգրտումներ՝ համապատասխան դեպքերում.
թ) էներգետիկ շուկայի կարգավորման առանցքային սկզբունքներն արտացոլող կարգավորիչ հայեցակետերի, ինչպես նաեւ՝ մրցունակ, թափանցիկ եւ ծախսարդյունավետ սակագներով էներգետիկ ցանցերի ու ենթակառուցվածքների ոչ խտրական հասանելիության խթանում, եւ համարժեք ու անկախ վերահսկողություն.
ժ) գիտական եւ տեխնիկական համագործակցություն, այդ թվում՝ էներգիայի արտադրության, փոխադրման, մատակարարման եւ վերջնական օգտագործման ոլորտներում տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով էներգաարդյունավետ եւ շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաները։
ՀՈԴՎԱԾ 43
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 44
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում սույն Համաձայնագրի II հավելվածում նշված փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։

Շարունակելի…

 

 

 

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎՃԱՐՈՂԸ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԵՆ

ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարությանը ընթացիկ տարվա պահուստային ֆոնդից կհատկացնի 233 մլն 525 հազար 500 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով ԱՆ-ն կփոխհատուցի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի կողմից, էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս գումարը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին կտրամադրվի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Հիշեցնենք, որ «Էլեկտրոնային առողջպահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի սահմանած սակագներից դժգոհում էին ՀՀ բուժհաստատությունները: Եւ առողջապահության նախարարությունը հաշվի առնելով ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագրերի կնքման գործընթացում բուժհաստատությունների կողմից բարձրացված դժգոհությունները, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ բուժհաստատություններում ֆինանսական միջոցների պլանավորման եւ միջոցների հատկացման հետ կապված հարցերը՝ կառավարությանն առաջարկել է փոխհատուցել ընկերության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը: Տեղեկացնենք, որ այս պարտականությունը մինչեւ պետության ուսերին գցելը, նախապես հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար: Ապա գործադիրը բուժհաստատությունների ղեկավարներին խոստացավ, որ կբանակցի ընկերության հետ, եւ որքան հնարավոր է՝ կնվազեցնի սահմանած սակագները: Փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա: Ստացվում է, որ կառավարությունը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին չի նեղացնի եւ կսուբսիդավորի պահանջած գումարը: Թեեւ կառավարությունը պատրաստվում է առաջիկայում գումար փոխանցել ընկերությանը, բայց նկատենք, որ այսօր ՀՀ շատ բուժհաստատություններում տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տալիս այս մակարդակով աշխատել եւ տվյալ համակարգից օգտվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԱՏՎԵԼՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՏՆՕՐԵՆ
Նոյեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրենի պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի պաշտոնի համար հավակնում է միայն մեկ թեկնածու, բժշկական քոլեջի գործող տնօրեն Վարդան Գեւորգյանը: Մրցույթին մասնակցել են մրցութային հանձնաժողովի 10 անդամներից 9-ը, իսկ Վարդան Գեւորգյանը միաձայն ընտրվել է «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրեն: Նշված պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասին հայտարարությունը զետեղված է եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջում: Սակայն Դիլիջանում եւ ընդհանրապես Տավուշի մարզում շատ քչերն են այդ մասին տեղեկացված եղել:
2017թ. հուլիսի 19-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ ընթանում է Վարդան Գեւորգյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2010 թվականից աշխատելով որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրեն՝ 2013թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանից բացակայող, իր ղեկավարած քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանի բացակայությունները քողարկելու նպատակով, անձնական այլ դրդումներով, մինչեւ ուսանողուհու վերադառնալը, պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ: Վ. Գեւորգյանն իր ստորագրությամբ եւ «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» կնիքով հաստատել է փաստաթղթեր, որոնցում իրականությանը չհամապատասխանող տվյալներ են ներառված եղել: Վ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»): Նշված մեղադրանքը նախատեսում է 200-ից 500 հազար դրամի չափով տուգանք, կամ առավելագույնը մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նման պայմաններում անգամ Վարդան Գեւորգյանը կարողացավ վերանշանակվել տնօրեն, իսկ մեկ շաբաթից՝ նոյեմբերի 28-ին, դատարանում պետք է շարունակվի նրա դատավարությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս