ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

«Տրվում է վարձով» արտահայտությունը բաղկացած է ընդամենը երկու բառից, սակայն գրված է տառասխալներով, հավանաբար շտապողականությունից: Չնայած… գոնե փակցնելուց հետո կարելի էր աչքի անցկացնել:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ապաստան ստանալու համար անձն ո՞ւր պետք է դիմի: Առաջնահերթ ի՞նչ պետք է անի նա:

Լաուրա Մնոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան ստանալու համար քաղաքացին կարող է դիմել Հայաստանի հետեւյալ սահմանակետերում` Բավրա, Բագրատաշեն, Մեղրի, Այրում, Գոգավան, «Զվարթնոց» օդանավակայան: Եթե նա գտնվում է Հայաստանի սահմանակետում (օդանավակայանում), ապա Հայաստանում ապաստան ստանալու մասին պետք է հայտնի ՀՀ սահմանապահ ծառայության աշխատակցին:
Ապաստան ստանալու նրա խնդրանքը կարող է արտահայտել բանավոր կամ գրավոր, ինչպես նաեւ ժեստերի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով: Սահմանապահ ծառայության աշխատակիցը ապաստանի խնդրանքը գրանցում է գրանցամատյանում եւ ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը տեղեկացնում է ապաստանի հայցի մասին: Դիմողին կբացատրվի նաեւ, թե ինչպես գնալ ՄՊԾ եւ ներկայացնել ապաստանի դիմում:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպվել դիմողի եւ վերջինիս ընտանիքի անդամների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության օդանավակայանից Միգրացիոն պետական ծառայության նստավայր:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց համար (փրկարար ծառայության ծառայողներ) ի՞նչ առանձնահատկություններ են սահմանված:

Արթուր Պողոսյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի սահմանաչափն ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է 80 հազ. դրամ, սակայն դրա հատկացման համար գործում են որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի դրույթները:
Նշված անձանց համար պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու հիմք բանկում կարող է հանդիսանալ զինծառայող կամ նրան հավասարեցված անձ, կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տեղեկանքը) կամ պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:
Գործող օրենսդրության համաձայն՝ զինծառայողների դրամական ապահովությունը դիտվում է որպես զինծառայողների նյութական ապահովության եւ նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու հիմնական միջոց: Զինծառայողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին եւ պայմաններին համապատասխան:




Լրահոս