Համաձայնագիրն իրականացնելու համար չէ. Մոդեստ Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում մի քանի օրվա տարբերությամբ երկու սկանդալային հաղորդում հեռարձակվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին: Ընդ որում, երկու դեպքերում էլ Հայաստանը եւ ՀՀ իշխանությունները բնորոշվում էին շատ վիրավորական արտահայտություններով:

Օրինակ՝ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում իշխող ՀՀԿ-ին մեղադրում էին ֆաշիզմի հերոսացման մեջ՝ Գարեգին Նժդեհին անվանելով Ադլոֆ Հիտլերի կողմնակից, իսկ ահա «НТВ»-ի եթերում Հայաստանին համեմատեցին ՌԴ-ի «սիրուհու» հետ, որին Մոսկվան «պահում, կերակրում է», սակայն նա դավաճանում է՝ «երիտասարդ ու գեղեցկակազմ» Արեւմուտքի հետ:

Հետաքրքիր է, որ հայկական կողմի բացասական ռեակցիայից հետո «Զվեզդա»-ն հեռացրեց իր տեսանյութը համացանցից, անգամ ՌԴ-ում ՀՀ դեսպանին բացատրություն ներկայացվեց: Ի վերջո, ինչո՞ւ են ռուսաստանյան ԶԼՄ-ներում այդպիսի հաղորդումներ հեռարձակվում, ո՞րն է պատճառը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, ճնայած պաշտոնական Մոսկվան որեւէ հրապարակային առարկություն չի ներկայացրել Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ, սակայն ռուսական լրատվամիջոցներում հակառակ իրավիճակն է, ականատես եղանք կոշտ քննադատության: Ինչպե՞ս կարող եք այս ամենը բացատրել:

-Այդ երկու դեպքերը բավակա՞ն են, որպեսզի ասենք, թե հակահայկական հիստերիա է սկսվել: Եթե այդպես նայենք, ապա կան հայկական լրատվամիջոցներ, որոնք գրեթե ամեն օր գրում են հակառուսական հոդվածներ: Ընդ որում, մենք գիտենք, որ այդ լրատվամիջոցները լրիվ անկախ չեն: Ի՞նչ եզրակացության մենք պետք է գանք:

Դուք այդ երկու հաղորդումներից եզրակացության եք եկել, թե հակահայկական տրամադրություններ են, ապա ՌԴ-ում ի՞նչ պետք է մտածենք ՀՀ-ում չդադարող հակառուսական հոդվածների մասին:

-Սակայն «Զվեզդա»-ն ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հեռուստաալիքն է, իսկ «НТВ»-ն կապված է «Գազպրոմի» հետ: Արդյո՞ք դրանք չեն արտահայտում պաշտոնական տեսակետ:

-Այն հայկական լրատվամիջոցները, որոնք հակառուսական հոդվածներ են հրապարակում, եւս հայտնի է, թե ում հետ են կապված: Հայաստանում երբեք չի դադարել նման նյութեր հրապարակվել, կան հակառուսական տրամադրություններ ստեղծող բազմաթիվ լրատվամիջոցներ:

Եվ նրանք բոլորն անդադար, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով հակառուսական տրամադրություններ պարունակող հոդվածներ են տպագրում: Այնպես որ, այդ երկու փաստերը բավարար չեն, որպեսզի եզրակացություններ անեք հակահայկական տրամադրությունների մասին:

Սակայն կան բազմաթիվ փաստեր, որոնք համադրելով՝ կարող ենք եզրակացնել, որ հայկական մեդիա դաշտում կոնսենսուս է գործում՝ օգուտ ԵՄ-ի համաձայնագրի, որն իբր թե Մոսկվան խոչընդոտել է ամբողջ ուժով:

Ընդ որում, ոչ ոք ոչ մի անգամ չի ունեցել ապացույց այն բանի, որ Ռուսաստանը խոչընդոտում է: Բնական է, որ այդ երկու ռուսական հաղորդումները չեն արտացոլում ո՛չ ՌԴ ՊՆ-ի, ո՛չ էլ «Գազպրոմի» տեսակետը: Դուք մտածո՞ւմ եք, որ ՌԴ-ն այնպիսի դաժան, տոտարիտար ռեժիմ է, որ «լքված կնոջ» մասին հայտարարությունները ղեկավարում է «Գազպրոմը», իսկ Նժդեհի մասին հայտարարությունները՝ ՌԴ Պն-ն: Այդ ամենն իրատեսական չէ:

-Սակայն հակահայկական տրամադրություններ առաջացնող այդ երկու հաղորդումները եղան հենց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո:

-Ամեն ինչ էլ ինչ-որ մի բանից հետո է տեղի ունենում: Մի այսպիսի օրինակ բերեմ. Հայաստանում առկա է պաշտոնական, Հայաստանում տպագրվող «Голос Армении» թերթը:

Մի քանի տարի առաջ նրանք հոդված էին հրապարակել, որտեղ ինձ անվանել էին ադրբեջանական լրտես: Ես պե՞տք է դա համարեի Հայաստանի պաշտոնական տեսակետ: Իսկ ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա այնտեղ խոսք է գնում հայկական ատոմակայանի փակման մասին: Համաձայնագիրը ներքին առումով խնդրահարույց է, այն չի իրականացվի, իսկ եթե սկսի իրականացվել, ապա դա կլինի հայկական տնտեսության վերջը:

Հայաստանի ցանկացած հակառակորդ, թշնամի կցանկանա, որպեսզի այդ համաձայնագիրը լինի: Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ համաձայնագրին վերաբերում են ոչ թե որպես թղթի կամ այբուբենի, որը պետք է տառ առ տառ իրականացնեն, այլ որպես քաղաքական հռչակագիր, որն ամբողջովին իրականացնել չեն պատրաստվում:

-Շատ շրջանակներ հատկապես «НТВ»-ում հրապարակված հաղորդման մեջ հայկական հետք են տեսնում՝ այն կապելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

-Ձեր վարչապետը «Գազպրոմ»-ում դուստր ձեռնարկություն է ղեկավարել եւ եղել է խորհրդի բազմաթիվ անդամներից միայն մեկը: Նա նույնիսկ չի եղել այդ դուստր ձեռնարկությունների թոփ-մենեջերը: Եթե ՌԴ-ում այդպես ուշադրությամբ հետեւեին նրան, ինչ գրում են հայկական ԶԼՄ-ները, ապա մենք այստեղ վաղուց խելագարված կլինեինք:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս