ՕՐՕ-ն այլևս գոյություն չունի. որևէ վերաբերմունք չեն դրսևորի Վահան Շիրխանյան-Արթուր Վարդանյան զրույցի գաղտնալսման առնչությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՕՐՕ-ն որեւէ վերաբերմունք կդրսեւորի՞ օրերս դատարանի դահլիճում Նորք-Մարաշի գործի առնչությամբ հնչած Վահան Շիրխանյան-Արթուր Վարդանյան զրույցի գաղտնալսման առնչությամբ, որը հիմնականում վերաբերում էր Սեյրան Օհանյանին՝ հարցրինք ՕՐՕ-ի ներկայացուցիչ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին։

«Իհարկե` ոչ. վերաբերմունք դրսեւորելու կարիքը չկա, որովհետեւ իրավական որեւէ հետեւանք, ապացույց չկա, ընդամենը միջնորդավորված ձեւով Վահան Շիրխանյանն ասել է, որ Սեյրան Օհանյանը դժգոհություն ունի իշխանություններից, արատավոր երեւույթներից, ինքս պատգամավոր եղած ժամանակ նախարար Օհանյանի հետ շփվելիս նկատել եմ, որ բոլորիս նման նա եւս դժգոհ է շատ երեւույթներից: Չկա որեւէ հանգամանք, որով կարելի է նրան մեղադրել, եւ նա որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի»:

Հանդիպել-խոսե՞լ եք նրա հետ: «Ոչ, անհրաժեշտություն չեմ տեսել»: Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել։ «Ամռանը՝ «Ժառանգության» համագումարին»: Կարո՞ղ ենք փաստել, որ ՕՐՕ-ն այլեւս ոչ եւս է: «Կարող եք, յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծված դաշինքներն այլեւս իրավական առումով գոյություն չեն ունենում: Այնուհանդերձ, հետագայում եւս մենք պատրաստ ենք համագործակցել Սեյրան Օհանյանի հետ»»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս