Ի՞նչ կապ ունի Դմբուզ Հենդոն Նոր Նորքում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ. նոր հանգամանքներ

Ի՞նչ կապ ունի Դմբուզ Հենդոն Նոր Նորքում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ. նոր հանգամանքներ

Նոյեմբերի 16-ին դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երեւանի Կռիլովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Կոնդի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Սիմոնյանը եւ Մառի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը:

Կատարվածի մասին մեզ նոր մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը էլեկտրոնային նամակ է ստացել, որի հեղինակները ներկայացել են որպես Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ:

Նրանք մասնավորապես նամակում նշել են. «Ակնկալում ենք ձեր միջոցով տեղեկացնել հանրությանը եւ իրավապահ մարմիններին նոյեմբերի 16-ին մեր բակում` Նանսենի 4 հասցեում կատարված դանակահարության դեպքի մասին:

Հայտնում ենք ձեզ, որ դեպքի գլխավոր մեղավորը դանակահարվածներից Ռոբերտ Մանուկյանի հայրն է` Հենդո Մանուկյանը, որը ավելի շատ հայտնի է Դմբուզ մականվամբ:

Այդ օրը երեկոյան մոտ 10 հատ «ՋԻՓ» տեսակի մեքենաներով գալիս են, հաշվեհարդար տեսնեն մեր բակի երեխաների հետ: Բանն այն է, որ Հենդո Մանուկյանի, նրա սանիկի եւ մեր բակի երեխաների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն:

Այդ ժամանակ բակի տղաներից Չախկալը մոտենում է Հենդոյին՝ հույս ունենալով հարթել իրավիճակը, բայց Հենդոն ոչ սթափ լինելով՝ զենքով հարվածում է նրա դեմքին, որից հետո սկսվում է ծեծկռտուքը, ինչի արդյունքում դանակահարվում են այդ երեքը: Մինչեւ այսօր բոլորը հարցաքննվում են՝ բացի գլխավոր մեղավոր Հենդո Մանուկյանից, լինելով այդ երեխաների կրկնակի տարիքին՝ փոխարեն հաշտեցներ, հակառակը՝ նրանց դրդեց արյունահեղության: Այս ամենը ճշտելու համար բավական է տեսնել Չախկալի` զենքով այլանդակված դեմքը եւ մեզ ազատել Հենդոյի նման չարիքից: Հուսով ենք, որ իրավապահ մարմինները հետամուտ կլինեն ճշմարտության բացահայտմանը»:

Նշենք, որ Դմբուզ անունը առաջին անգամ չէ, որ ծեծկռտուքի հետ է կապվում: 2010 թվականին Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմացի մայթին գտնվող սրճարանում տեղի էր ունեցած «ռազբորկա», որին, ըստ շրջանառվող լուրերի, մասնակցել են աբովյանցիներ` ԲՀԿ կրծքանշաններով, եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում` մասիվցի Դմբուզ Հենդոն եւ Երրորդմասցի Հոնչը: Դեպքի վայրում էր եղել նաեւ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը` իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ում հետագայում իրավապահները խուզարկել էին:

Իսկ «ռազբորկայի» պաճառը եղել էր ինչ-որ գումարի հետ կապված վեճը:

Ինչեւէ, դժվարանում ենք ասել, թե որքանով են իրականությանը համապատասխանում «Ժողովուրդ»-ին ուղարկված նամակում առկա պնդումները:

Հույս ունենանք, որ նախաքննության արդյունքում իրավապահներն, ի վերջո, կպարզեն եղելությունը, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Ամեն դեպքում փաստ է, որ դանակահարություն է եղել, եւ 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Քնար Մանուկյան