Կառավարությունը մերժել է անգամ ՀՀԿ-ականներին. բյուջեն վաղը կքվեարկվի

Կառավարությունը մերժել է անգամ ՀՀԿ-ականներին. բյուջեն վաղը կքվեարկվի

Այսօր խորհրդարանում մեկնարկեց 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման երկրորդ փուլը: Խորհրդարանում քննարկվեց արդեն նախագծի լրամշակված տարբերակը, քանի որ նոր նախագծում հաշվի են առնվել նաեւ պատգամավորների առաջարկները: Իսկ ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում: Նախ նշենք, որ ընդհանուր առմամբ պատգամավորները ներկայացրել են 111 առաջարկ, որից միայն 15-ն է ընդունվել, ընդ որում, մի քանիսն էլ՝ մասնակի: Նախ նշենք, որ 2018 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն ավելացել են 15 մլրդ դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն անդրադարձել էր այն փաստին, որ կառավարությունն անգամ մերժել է իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացրած բոլոր 8 առաջարկները: Ընդ որում, նրանք առաջարկները ներկայացրել էին ոչ թե անհատ պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Միանգամայն սպասելի կերպով մերժվել են նաեւ «ԵԼՔ» խմբակցության բոլոր առաջարկները: Էդմոն Մարուքյանը ներիկայացրել էր 10-ից ավել առաջարկ, իսկ Գեւորգ Գորգիսյանը՝ 1 առաջարկ. բոլորն էլ մերժվել են տարբեր պատճառաբանություններով:
«Ծառուկյան» խմբակցության պարագայում իրավիճակը մի փոքր այլ է: Նախ նշենք, որ այս խմբակցության կազմում ամենաշատ առաջարկներ ներկայացրած պատգամավորները Միքայել Մելքումյանն ու Վարդան Բոստանջյանն են: Նրանց եւ խմբակցության մյուս պատգամավորների ներկայացրած առաջարկների թվում կան այնպիսիները, որոնք ընդունվել են ամբողջությամբ կամ մասնակի:

Հետաքրքիր պատկեր է ՀՀԿ-ական պատգամավորների պարագայում. ամենաշատ առաջարկները հենց այս խմբակցությունից է ներկայացված, ընդ որում, նաեւ այնպիսի պատգամավորներից, ովքեր խորհրդարանում ելույթ առհասարակ չեն ունենում, բայց արի ու տես, որ բյուջեի մասին առաջարկություններ են ներկայացնում: Մասնավորապես առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ-ականներ Մանվել Գրիգորյանը, Արայիկ Գրիգորյանն ու Արկադի Համբարձումյանը. վերջինս ամենամեծ թվով առաջարկներն է ներկայացրել, սակայն բոլոր առաջարկներն էլ մերժվել են:

Ինչեւէ, հատկապես ընդդիմադիր խմբակցությունների կողմից 2018 թվականի պետական բյուջեն բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստում քննարկման ժամանակ:

Նաիրա Հովհաննիսյան