ՄԵԿ ՇԱԲԱԹ՝ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական վերնախավում ոչ ոք չգիտի, թե եկող տարվա ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կավարտվի, անցում կարվի խորհրդարանական կառավարմանը, եւ նախագահի լիազորությունների գերակշռող մասը կանցնի վարչապետին, ով կզբաղեցնի այդ պաշտոնը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս խոստովանել է, որ դեմ չէ 2018-ի ապրիլից եւս զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը վկայում են, որ նա չի ցանկանում իր լիազորությունների ավարտից հետո ՀՀ իշխանության ղեկը ուրիշի փոխանցել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայումս շրջանառության մեջ են դրվել ուժային կառույցների օրենսդրության մեջ փոփոխությունների նախագծերը, որոնցով այդ գերատեսչությունների բարձրագույն ղեկավարության նշանակման իրավունքը պետք է անցնի ՀՀ վարչապետին: Համապատասխան օրենքները նախատեսվում է կիրառության մեջ դնել եկող տարվա ապրիլի 9-ից, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի, եւ իր լիազորությունները կստանձնի ՀՀ ԱԺ կողմից ընտրված նախագահը, որը գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի:
Այսինքն՝ փաստացի, 2018 թվականի ապրիլի 9-ից 16-ը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չնայած մեխանիկորեն պաշտոնանկ է լինելու, բայց մինչեւ նոր վարչապետի ընտրությունը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն յոթօրյա ժամկետում վարչապետի՝ իրենց թեկնածուն առաջադրել: Ասել կուզի՝ նշված մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը լինելու է իշխանության միանձնյա ղեկավարը եւ կարող է փոխել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին եւ մնացած ղեկավար կազմին, ու այսպես շարունակ՝ փաստացի հեղաշրջում իրականացնելով երկրում: Իսկ կգնա՞ արդյոք նա այդպիսի համարձակության՝ օրենքով սահմանված կարգով իրականացնելով սահուն իշխանափոխություն, ժամանակը ցույց կտա:

 

 

 

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, այդ անհնազանդության հետեւում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը, որոնք ամեն ինչ անում էին՝ Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, բայց ձախողվեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հետ հավասար ջանքեր է գործադրում Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանը՝ Երեւանի «Հայաթ-փլեյս» հյուրանոցի սեփականատերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարգսյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները սկսել են ուժային ճնշումներ ոչ միայն ընտրված թեկնածուի նկատմամբ, այլեւ սպառնում են բոլոր նրանց, ում հետ Արթուր Ստեփանյանը փորձում է աշխատել՝ համայնքապետարանում պաշտոն տալ:

 

 

 

Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ շփումը հաշմանդամ քաղաքացիների համար դարձել է պատիժ: Բանն այն է, որ թեեւ նախարարությունը սկսել է հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքով կամ սայլակով ապահովելու հավաստագրեր տալ, սակայն այդ գործընթացը կազմակերպվում է սարսափելի անմարդկային պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախ՝ հավաստագրերի տրամադրման վայրը շատ հեռու է` Երեւանի ծայրամասերից մեկում՝ Կորեայի ձոր կոչվող վայրում, բացի այդ՝ հազարավոր քաղաքացիներին ընդամենը մեկ հոգի է սպասարկում, արդյունքում՝ գոյանում են հերթեր, եւ մարդիկ կարող է եւ մի քանի օր անց ստանան այդ հավաստագիրը: Ավելի դժվար է մարզերի բնակիչների վիճակը, քանի որ նրանք ստիպված են մի քանի անգամ գալ-գնալ Երեւան, մինչեւ իրենց հերթը հասնի: Դժվար չէ ենթադրել, թե իշխանություններն ինչու են այսկերպ վարվում. հույս ունեն, որ քաղաքացիները այս քաշքշուկներից զզված՝ հրաժարվեն 95 հազար եւ 30 հազար դրամ արժեքի հավաստագրերից:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե առաջիկայում Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդներին հարկադիր բուժման կուղարկեն: «Բազմաթիվ են դեպքերը, երբ տուբերկուլյոզով հիվանդները ընդահատում են իրենց բուժումը եւ մեկնում են Ռուսաստան, վերադառնում են արդեն կայուն տուբերկուլյոզի տեսակներով: Մենք երեւի թե նախաձեռնենք կառավարության որոշում կամ այլ որեւիցե իրավական ակտ, որի ուժով կկարողանանք այդ անձնավորություններին կարանտինի ենթարկենք մինչեւ բուժումը,- ասել է նա՝ հավելելով,- բուժումը նախատեսում ենք մինչեւ վերջ տանել հարկադիր կերպով: Հակառակ դեպքում մենք տուբերկուլյոզը Հայաստանում չենք հաղթահարի»:

 

 

 

ԿՈՆԿՐԵՏԱՑՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանցի քաղաքագետներից մեկի՝ օրերս հնչեցրած խոսքերը, թե ՌԴ-ն ԼՂ շրջակա հինգ շրջանները Բաքվին վերադարձնելու համար իրենց երկրին 3 նախապայման է առաջադրել՝ Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, եւ որ ԼՂ-ում պետք է տեղակայվեն ռուսական զորամիավորումներ, առանձնապես լուրջ չընդունվեց:
Բայց արդեն այս շաբաթվա սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու, այնուհետեւ Երեւան այցի ժամանակ պարզ դարձավ, որ նման պնդումները հիմքեր ունեին: Լավրովը խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին՝ ասելով, թե իրենք ուրախ կլինեն այդ երկրին տեսնել ԵԱՏՄ-ում: Նա նաեւ խոսեց ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հայտարարելով. «Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Առավել եւս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»:
Այլ կերպ ասած՝ արդեն բացահայտ շրջանառության մեջ է դրվել թեզը, թե ԼՂ խնդրի լուծումը հնարավոր է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությամբ: Ու հիմա այսպես փորձ է արվում շոշափել հասարակական տրամադրությունները եւ մարդկանց նրբորեն վարժեցնել այդ հեռանկարին:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ իշխանություններն էլ կարծես թե դեմ չեն Ադրբեջանին ԵԱՏՄ-ում տեսնելու հեռանկարին, ըստ այդմ, ԼՂ խնդիրն այդպես լուծելու տարբերակին: Կառավարության երեկվա նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Ադրբեջանի ԵՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել միության մասին պայմանագրի այն դրույթը, որ նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամ պետությունը պետք է որեւէ քայլեր չձեռնարկի ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի: Իսկ եթե մենք խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան, որ ինքը շրջափակում է ՀՀ-ն, ակնհայտ է, որ դրանք գործողություններն են, որոնք ուղղված են ի վնաս անդամ պետության շահերի: Դրա համար ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ ինքը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել ՀՀ-ի հետ»։
Ամեն ինչ տրամաբանական է հնչում: Նաեւ տրամաբանության մեջ են առայժմ փոխնախարարի մակարդակով նման հայտարարությունները, որպեսզի գործընթացն անցանկալի հունով ընթանալու դեպքում հնարավոր լինի ավելի բարձր մակարդակով կոշտացնել դիրքորոշումը: Չէ՞ որ Լավրովն էլ ասել էր, թե «չափազանց լավատես չէ»:




Լրահոս