ՆԵՐՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգ ամսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, սակայն դեռ պարզ չէ՝ ինչ կարգավիճակ են ունենալու կառավարությանն առընթեր մարմինները, մասնավորապես ուժային կառույցները: Նոր Սահմանադրության 159 հոդվածի համաձայն՝ «Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով»: Բայց դեռեւս ամբողջությամբ մշակված չեն համապատասխան օրենքներն, ու վերջնականապես հայտնի չէ, թե ո՞ւմ ենթակայության տակ են գործելու, օրինակ, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն՝ վարչապետի՞, կառավարությա՞ն, թե՞ նախարարություններից որեւէ մեկի:

Այնինչ՝ այս հանգամանքը շատ կարեւոր է. հայտնի փաստ է՝ երկրի իրական ղեկավարը նա է, ում ձեռքում են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, զինված ուժերը եւ ԶՈՒ գլխավոր շտաբը: Հիմա չնայած ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կառավարությանն առընթեր մարմիններ են, միեւնույն է՝ ենթարկվում են Սերժ Սարգսյանին. նրան է տրված այս կառույցների ղեկավար անձնակազմում նշանակումներ կատարելու եւ փաստացի կառավարելու իրավունքը: Ու քանի որ Սերժ Սարգսյանը ծրագրել է իր պաշտոնավարումը շարունակել նաեւ նախագահական լիազորությունների ավարտից հետո՝ 2018թ. ապրիլից՝ որպես ՀՀ վարչապետ, ենթադրվում է՝ համապատասխան օրենսդրությամբ նոր Սահմանադրության պայմաններում էլ հենց նրա ձեռքում կկենտրոնացվեն այս կառույցները:
Այս օրերին ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Սահմանապահ զորքերի մասին» եւ այլ օրենքների նախագծեր, համաձայն որի՝ ԱԱԾ ղեկավար կազմին, սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու իրավասությունը տրվում է ՀՀ վարչապետին /հիշեցնենք՝ այժմ այդ իրավասությունը նախագահինն է, բայց նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո նախագահը երկրում լինելու է սիմվոլիկ ֆիգուր, եւ պետության փաստացի ղեկավարը դառնալու է վարչապետը/: Սպասվում է, որ նույն տրամաբանության շրջանակներում կլինեն նաեւ ոստիկանության մասին օրենքի փոփոխություններ. փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեռ նոյեմբերի սկզբներին հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար են գտնում, որ ոստիկանությունը սահմանվի որպես վարչապետին ենթակա պետական մարմին:
Մինչ այդ, սակայն, նկատենք՝ նոր Սահմանադրությամբ ու շրջանառության մեջ դրված օրինագծերում հետաքրքիր սողանցք կա, որը հնարավորություն է տալիս գործող վարչապետ Կարեն Կարապետյանին մի քանի օրում ներպալատական հեղաշրջում անել՝ Սերժ Սարգսյանին ուղարկելով «թոշակի»: Սա այն բանից հետո, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները (այդ ժամանակ նա հնարավորություն չի ունենա ազդելու իշխանության վրա), եւ թեկուզ կարճ ժամանակով երկրի փաստացի ղեկավարը դառնա Կարեն Կարապետյանը:
Բանն այն է, որ վարչապետը ուժային կառույցների ղեկավարներին նշանակելու իրավասություն կունենա այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի Սահմանադրությունը, մասնավորապես մայր օրենքի 5-րդ ու 6-րդ գլուխները. այդպես է նշված նախագծերում: Իսկ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018թ. ապրիլի 9-ին՝ Հայաստանի նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը (համաձայն Սահմանադրության անցումային դրույթների, որ ներկայացված են 209-րդ հոդվածում): Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում այլեւս չի լինի նախագահ, իսկ գործող նախագահն էլ նոր Սահմանադրության համաձայն՝ չի ունենա լուրջ լիազորություններ, այլ կլինի ձեւական ֆիգուր: Ճիշտ է, Սահմանադրության անցումային դրույթներում (հոդված 212) նշված է, որ նորընտիր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը նաեւ պետք է հրաժարական տա կառավարությունը: Բայց գործադիրի անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, կշարունակեն ժամանակավորապես պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Ու կստացվի այնպես, որ մի կարճ ժամանակ Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, կլինի երկրի փաստացի ղեկավարը, իրավունք կունենա միանձնյա նշանակումներ կատարել նաեւ իրավապահ կառույցներում:
Ու այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք՝ Կարեն Կարապետյանը, օգտվելով օրենքով իրեն վերապահված լիազորություններից, այս օրերին իր մտերիմներին նշանակի ոստիկանության եւ ԱԱԾ պետ, նրանց միջոցով ՀՀԿ-ի ներսում կազմակերպի հեղաշրջում (մեթոդներն ու միջոցները հայտնի են), ու հետագայում ԱԺ-ի կողմից ինքը հաստատվի ՀՀ վարչապետ:
Այս սցենարը տեսականորեն հնարավոր է: Բայց գործնականում՝ դժվար թե իրականացվի: Ամեն ինչ կախված կլինի վարչապետի համարձակությունից, համառությունից ու ցանկությունից: Ամեն դեպքում հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանը վայելում է ռուսական, նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարար շրջանակների հովանավորությունը: Իսկ մնացածը՝ կապրենք, կտեսնենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ
Կառավարությունը դեռեւս չի արձագանքել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին: Ինչպես հայտնի է՝ կուսակցության ներկայացուցիչները երկուշաբթի օրը դիմել էին կառավարությանը՝ պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի որոշումն ու Վանաձորում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ ընդգծելով, որ գործադիր մարմնի պատասխանի ժամկետը երկու շաբաթն է: Հավելենք, որ ՀՎԿ-ՀՀԿ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո նիստերի անցկացման համար անհրաժեշտ քվորումն արդեն ապահովված է:

 

 

 

ԿԱՐԱԳԸ ՈՍԿԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Հայաստանում, ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, կարագի գինը գնալով բարձրանում է: Եթե այս հոկտեմբերին «Նոր զելանդական» կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4255 դրամով, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ երեկվա դրությամբ այն ուներ 4590 դրամ արժեք: «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը այս հոկտեմբերին վաճառվել է 4285 դրամով, բայց երեկ այն սուպերմարկետներում եւ խանութներում ուներ 4600 դրամ արժեք: Նշենք, որ մյուս` «Վալիո» տեսակի կարագի մեկ կիլոգրամը հոկտեմբերին ունեցել է 5100 դրամ արժեք, իսկ հիմա այն 5300 դրամով է վաճառվում: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ էր կատարել կարագի շուկայում, եւ թանկացումները բացատրել էին Նոր Զելանդիայում կաթնատվության ցուցանիշների փոփոխություններով: Այսինքն` արտադրվող կաթի ծավալները էականորեն կրճատվել են, ինչը հանգեցրել է կարագի գների բարձրացմանը: Միայն թե, կարագի շուկայում գնային բարձրացումները կարող է շարունակվեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս: Ի դեպ, մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում գնաճի եւս մեկ ալիք էլ սպասվում է Ամանորի նախաշեմին. սա արդեն՝ ավանդական գնաճի շրջանակներում, որը պայմանավորված է հայկական շուկայի վայրիվերումներով:

 

 

 

ՄԻՊ-Ը ԳՆԱՑԵԼ Է ՔԿՀ
Երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները եւ հանդիպում են ունեցել «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներ Արթուր Սանոյանի եւ Ալիկ Դալլաքյանի հետ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատապարտյալները ՄԻՊ աշխատակիցներին ներկայացրել են իրենց խնդիրը, պահանջել, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ ԱԱԾ ներկայացուցիչները գան ՔԿՀ եւ լսեն իրենց: «Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 22-ին գրել էր, որ ՀՔԾ-ում այդ դատապարտյալների կողմից սուտ մատնություն կատարելու համար քրեական գործ է հարուցվել, նրանք նաեւ ահազանգել էին խմբագրություն՝ ասելով, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանն ու ՀՔԾ քննիչ Մանանդյանը իրենց ամեն կերպ փորձում են համոզել ետ վերցնել «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները:

 

 

ՊԼԱՆԸ ԿՈՐՈՇՎԻ
Կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է նախագիծ, որով Վայոց ձորի մարզի Փոռ բնակավայրում գտնվող 3 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ շենքը ու դրա զբաղեցրած օգտագործման համար հողատարածքը կնվիրաբերվի Վայք համայնքին: Ա. Սահականի խոսքով՝ շենքը նվիրաբերում են այն վերանորոգելու, համայնքի վարչական ներկայացուցչություն, գրադարան տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն հիմնելու ու մանկական խաղահրապարակ կառուցելու պայմանով: «Պարո՛ն Սահակյան, մենք Ձեզնից մինչեւ այս տարվա վերջ բավականին շատ գործարքներ ենք սպասում, հուսով եմ, որ հասցնելու եք, – ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ապա ժպիտով հավելել,- եւ դրա հիման վրա կորոշենք 2018թ. Ձեր պլանը»:

 

 

ՁԵՌՆՊԱՀ Է
Գործադիր մարմինը որոշել է ձեռնպահ մնալ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած նախագծին: Խոսքը վերաբերում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությանը: Զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ խոսքը վարձակալությամբ տրված մեքենաներին է վերաբերում: «Պատգամավորների ներկայացրած առաջարկը վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքում կարգավորված է, եւ օրերս Ազգային ժողովում ներկայացվելու է նոր օրենսգիրքը»,-ասել է նա: Այսպիսով` ըստ պատգամավորների ներկայացրած նախագծի՝ սույն փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն պարզ ճշմարտությունը, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում:

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից վիրավորում ստացած Նարեկ Հովեյանին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երեւան: Ն. Հովեյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է, նա ունի տարբեր տեսակի վնասվածքներ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:




Լրահոս