ԵԱՏՄ-ին ընդառաջ Հայաստանի շուկայում գնաճը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սպառողական գները շարունակում են աճել: Ամանորի տոներին ընդառաջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը Հայաստանում դարձել է ավանդույթ: Բայց այս տարին նախորդներից տարբերվում է, քանի որ 25 օրից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մի շարք նոր կարգավորումներ, որոնց արդյունքում մոտ 800 ապրանքների մաքսատուրքը, երրորդ երկրներից ներկրելու դեպքում, բարձրանում է:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց, որ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում հնդկական ընկույզի մեկ կիլոգրամը վաճառվում է 10 հազար դրամով, սովորական տեղական ընկույզը` 6000-9000 դրամով: Բացի այս՝ ամանորյա սեղանին դրվող նուշի մեկ կիլոգրամը վաճառվում է 10 հազար դրամով, պնդուկը` 5000 դրամով, պիստակը` 7000-ից 10000 դրամ, գետնանուշը` 1400 դրամով, չամիչը` 1400-ից 1600 դրամով: Կարագի գնաճը Հայաստանում կազմել է ավելի քան 40 տոկոս:

Ի դեպ, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` կարագի գնի բարձրացումը կապված է միջազգային շուկայում տեղի ունեցող երեւույթների հետ: Նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4430-ից 4480 դրամով, «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4550 դրամով: Առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն եւս թանկացել է, մեկ հավկիթը ներկայումս վաճառվում է 75 դրամ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բարձր գնաճ արձանագրվեց նաեւ մսամթերքի շուկայում: Խոսքը ոչխարի, խոզի եւ տավարի մսի թանկացումների մասին է: Ի դեպ, որքան մոտենում է Ամանորը, այնքան միսն ու մսամթերքն ավելի են թանկանում: Ըստ առեւտրականների` խոզի մսի գինը Ամանորի նախաշեմին 3500 դրամից բարձր կլինի:

Պանրի շուկայում թանկացումները կազմել են 25-ից 30 տոկոս: Օրինակ՝ «Լոռի» տեսակի պանիրը բոլոր ընկերությունները թանկացրել են շուրջ 500 դրամով: Եթե «Իգիթ» ընկերության «Լոռի» տեսակի պանրի մեկ կիլոգրամը երկու ամիս առաջ վաճառվում էր 1880 դրամով, ապա այն այժմ 2450 դրամ է: Ի դեպ, պանրի արտադրության ծավալները այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա համեմատ, կտրուկ նվազել են` 16.9 տոկոսով:

Ինչեւէ, տնտեսվարողները պնդում են, որ թանկացումների հիմնական ալիքը դեռ առջեւում է: Եկող տարվա հունվարի 1-ից Հայաստանում թանկանալու են մի շարք լայն սպառման ապրանքատեսակներ, քանի որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դրանց մաքսատուրքերի արտոնյալ ժամանակաշրջանն ավարտվում է:

Եկող տարվանից միայն ԵԱՏՄ անդամ երկրների արտադրության ապրանքները կարող են առանց մաքսատուրքի ներկրվել Հայաստան: Իսկ, այսպես կոչված, երրորդ երկրներից ներկելու դեպքում գործարարները ստիպված են լինելու բարձր մաքսատուրքեր վճարել: Մասնավորապես հունվարի 1-ից լայն սպառման 40 անուն ապրանքատեսակների մաքսատուրքերը կբարձրանան, ինչը ենթադրում է, որ դրանք կթանկանան:

Օրինակ՝ լայն սպառման մթերքներից թանկանալու են ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող կաթը, կարագը, ձեթը, թռչնամիսը, թեյը եւ այսպես շարունակ։Կարագի մաքսատուրքը կբարձրանա 2 տոկոսով, թռչնամսինը` 4 տոկոսով, իսկ ձեթի դեպքում` մինչեւ 2 տոկոս եւ այլն: Ի դեպ, ձեթը այն եզակի ապրանքներից է, որի շուկայում այս ընթացքում գնաճ չի արձանագրվել, բայց առաջիկայում այդ ապրանքը եւս կթանկանա:

2018 թվականից ԵՏՄ երկրներում բարձրանալու են նաեւ ծխախոտի, օղու եւ դիզելային վառելիքի ակցիզային դրույքաչափերը: Այս փաստը եւս հանգեցնելու է սպառողական գների ընդհանուր բարձրացման: Ի դեպ, ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ իրենք՝ գործարարները, կզսպեն գնաճը՝ սեփական եկամուտները նվազեցնելու հաշվին, շրջանառության կտրուկ անկումներից խուսափելու նպատակով:

Հ.Գ. Արդեն մի քանի օր է, ինչ մանր ու միջին խանութների տնօրենները մատակարարներից ձեռք են բերում մեծ խմբաքանակով ապրանքներ, որպեսզի հունվարի 1-ից հետո իրենք էական վնասներ չկրեն: Այսինքն՝ նրանք ապրանքները գնում են ցածր գնով, որպեսզի հունվարի 1-ից հետո այն վաճառեն նոր՝ բարձրացած գներով եւ նոր խմբաքանակ գնելու համար ստիպված չլինեն լրացուցիչ միջոցներ ներդնել: Մի խոսքով, տնտեսվարողներն իրենց համար խնդրի լուծումը գտել են: Ինչպես միշտ, միակ տուժողը սպառողն է, որի սոցիալական վիճակն այս թանկացումների արդյունքում է՛լ ավելի կվատթարանա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս