ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՓԵՍԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ԱՄՆ-ում ներքաղաքական կրքերը մի փոքր հանդարտվել են, եւ կարծես նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը հնարավորություն է ստացել լծվելու առօրյա աշխատանքի:

Սակայն շատերն այս իրավիճակը գնահատում են իբրեւ խաղաղություն փոթորիկից առաջ` հաշվի առնելով Թրամփի նախընտրական արշավում ռուսական հետքի շուրջ ՀԴԲ-ի հետաքննությունը: Նախընտրական շտաբի նախկին ղեկավարի ձերբակալությունն ու հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանդարտ գործողությունները հուշում են, որ նոր զարգացումներն իրենց երկար սպասեցնել չեն տա:
Հատուկ դատախազի թիրախում, ըստ ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի, հայտնվել է նախագահի փեսա Ջարեդ Քուշները, որը ներկայումս Թրամփի ավագ խորհրդականն է: Մյուլլերը հարցաքննել է բազմաթիվ գործիչների, եւ այդ հարցաքննությունների ընթացքում հաճախ են քննարկվել Քուշների խոսակցությունները: Հատկապես ուշադրություն է դարձվում Քուշների եւ արտասահմանյան դիվանագետների ու պաշտոնյաների առանձնազրույցներին: Դատախազի ուշադրությունը հատկապես սեւեռվել է ՌԴ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Քուշների հանրահայտ հանդիպման վրա, երբ նախագահի փեսան առաջարկում էր ստեղծել հատուկ գաղտնի կապ ՌԴ շրջանակների հետ, որին հետեւելու հնարավորություն չէին ունենա ամերիկյան հատուկ ծառայությունները: Բացի այս՝ Քուշները հանդիպել էր ռուսական կառավարող շրջանակների մտերիմ բանկիրներին, ինչը թույլ է տալիս կասկածելու, որ այդկերպ փորձ է արվել ներգրավելու ռուսական ֆինանսական կապիտալը: Եվ ահա նման վտանգավոր տեղեկատվական արտահոսքերի պայմաններում հայտնի դարձավ, որ Թրամփը պաշտոնանկ է արել ռուսական հետքը փնտրող ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին հենց Քուշների համառ հորդորներից հետո: Քուշների հանդեպ իրավապահների ու լրագրողների ուշադրությունը սեւեռվեց նաեւ այն պատճառով, որ նա ժամանակին չէր հանձնել ռուսական շրջանակների հետ իր կապերն ու զրույցները բացահայտող բոլոր փաստաթղթերը, ինչի մասին պարզ է դարձել հետաքննության ընթացքում: Անգամ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատորներն են արտահայտել իրենց դժգոհությունն այս առումով` հրապարակավ պահանջելով Քուշներից իրենց տրամադրել ողջ տեղեկատվությունը:
Ի դեպ, նույնիսկ Թրամփի փաստաբաններն են բաժանվել երկու ճամբարի, որոնց մի մասը պնդում է Քուշների շուտափույթ հրաժարականի վրա, մյուսները նման զարգացումը անհեթեթ են համարում: Եթե անգամ Քուշները այս փուլում հրաժարական չներկայացնի, ապա միեւնույն է՝ հատուկ դատախազի գործունեությունը վաղ թե ուշ հանգեցնելու է նրա պաշտոնանկությանը: Նրա մեծագույն սխալը եղել է ռուսական կապերի մասին ամբողջական տեղեկությունը չտրամադրելը: Ավելին` հենց Թրամփի փեսան է եղել ռուս դիվանագետների հետ գաղտնի զրույցների նախաձեռնողը: Եվ հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ լինելով նախագահի ավագ խորհրդականը` նա դեռեւս չունի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու բացարձակ իրավունք, ինչը եզակի երեւույթ է Սպիտակ տան համար: Ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների` Քուշները անհանգստացած է, որ հատուկ դատախազի վարած հետաքննությունը, ի վերջո, հանգելու է նախագահին: Այդ մասին նա՝ Քուշները, զրուցել է իր մտերիմ ընկերներից մեկի հետ` միաժամանակ տրտնջալով, որ նախագահի աշխատակազմի ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին զգալիորեն սահմանափակել է իր գործունեության ազատությունը: Նախկին գեներալը հասկանում է, որ պետակառավարման փորձ չունեցող Քուշները դժվարությամբ է պատկերացնում այս ոլորտը եւ Թրամփին էլ խորհուրդներ է տալիս` ելնելով գործարարի իր փորձից, ինչը բավականին վտանգավոր կարող է լինել առաջին հերթին հենց նախագահի համար: Սպիտակ տունը թեպետ պաշտոնապես ժխտել է այս ամենի հավաստիությունը, սակայն առկա տեղեկատվությունը ստիպում է այնքան էլ չհավատալ պաշտոնական պարզաբանմանը: Ի վերջո, New York Times-ը նախօրեին տեղեկություն հրապարակեց, որ հետաքննության թիրախում հայտնված եւ Թրամփի անվտանգության գծով նախկին խորհրդական, գեներալ Ֆլինի փաստաբանները այլեւս հրաժարվել են համագործակցել Թրամփի իրավաբանների հետ` հայտարարելով, որ իրավական առումով դա անթույլատրելի է: Ըստ իրավագետների` նման անթույլատրելիություն կարող էր ծագել միայն այն դեպքում, եթե Ֆլինը սկսել է համագործակցել հատուկ դատախազի հետ` նրան որոշ գաղտնի տեղեկություններ հայտնելով: Անշուշտ սա դեռ հաստատված չէ, սակայն հանգամանքը, որ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները դադարեցնում են տեղեկատվության փոխանակումը միմյանց հետ եւ նախընտրում հետաքննիչների ու հատուկ դատախազի հետ առանձին գործ ունենալ, արդեն իսկ չափազանց խոսուն փաստ է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀՈՂԻ ԵՎ ՋՐԻ ՀԱՐԿԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ

ՀՀ կառավարությունը մարզպետարաններին առաջիկայում կհատկացնի ավելի քան 510 մլն դրամ` կարկտահարությունից, ցրտահարությունից տուժած գյուղացիների հողի եւ ոռոգման ջրի պարտքերը մարելու նպատակով: Տեղեկացնենք, որ այս տարվա ընթացքում ՀՀ մարզերում տարերային աղետներից` կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից, տուժել են շուրջ 75 համայնքների 10 հազար 400 բնակիչներ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած գյուղացիների վնասված տարածքների հողի հարկի պարտքը կազմում է 104 մլն 669 հազար 500 դրամ: Օրինակ՝ Արագածոտնի մարզպետարանին տրամադրվելու է 20 մլն 120 հազար դրամ, Արարատի մարզպետարանին` 32 հազար դրամ, Արմավիրին` 41 մլն 485 հազար դրամ, Գեղարքունիքին` 432 հազար դրամ, Լոռիին` 12 մլն 11 հազար դրամ, Շիրակին` 9 մլն 942 հազար դրամ, Սյունիքին` 18 մլն 681 հազար դրամ, Վայոց Ձորին` 559 հազար 500 դրամ, Տավուշին` 1 մլն 305 հազար դրամ:
Իսկ ահա տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողների կողմից այս տարվա օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով գործադիրը հատկացնելու է 405 մլն 590 հազար դրամ: Նշված գումարից միայն 156 մլն 768 հազար դրամը կտրամադրվի Արագածոտնի մարզպետարանին, որն էլ իր հերթին կվճարի «Արագածոտն» եւ «Թալին» ջրօգտագործող ընկերություններին: Ի դեպ, գյուղացիները «Արագածոտն» ՋՕԸ-ին պարտք են մոտ 15.5 մլն դրամ, իսկ «Թալին»-ին` 141 մլն դրամ: Հատկացվող գումարի առյուծ բաժինը տրվելու է Արմավիրի մարզպետարանին` 230 մլն 352 հազար դրամի չափով: Բանն այն է, որ հողօգտագործողները «Արմավիր» ՋՕԸ-ին պարտք են 215 մլն դրամ, «Թալին»-ին` 12 մլն 130 հազար դրամ, իսկ «Շենիկ»-ին` մոտ 3 մլն դրամ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզպետարանը «Լոռի» ՋՕԸ-ին վճարելու է 2 մլն 335 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանը «Սյունիք» ՋՕԸ-ին` մոտ 14.5 մլն դրամ, իսկ Տավուշի մարզպետարանը` «Տավուշ» ՋՕԸ-ին` 1 մլն 664 հազար դրամ: Հուսանք՝ այս ֆինանսական հատկացումը կծառայի նպատակին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԸ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ
«Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ «Արտֆուդ» ընկերությանը պատկանող Այրումի պահածոների գործարանը Այրում համայնքի հանդեպ հարկային պարտավորություններ է կուտակել: Ինչպես հայտնի է՝ «Արտֆուդի» սեփականատերերը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն էին: Այրումի համայնքապետարանից տեղեկացանք, որ «Արտֆուդը» 2 տարվա հողի եւ գույքահարկի պարտքեր է կուտակել: Մասնավորապես գույքահարկի պարտքը կազմում է 841 հազար դրամ, որից 300 հազար դրամ տույժերն են: Իսկ հողի հարկի պարտքը կազմում է 108 հազար դրամ, որից 20 հազարը տույժերն են: «Արտֆուդի» չմարած հարկային պարտավորությունների մասին «Ժողովուրդի» առաջին հրապարակումից հետո բավական ժամանակ է անցել, ուստի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս ընթացքում ընկերությունը մարել է պարտքերը: Համայնքի ղեկավարը փաստեց, որ «Արտֆուդն» այդպես էլ պարտքերը չի մարել։ Ավելին՝ ըստ Պարանյանի՝ վերը նշված գումարները վճարելու դեպքում այդպիսով էապես կբարելավվեր Այրում համայնքի ֆինանսական վիճակը: Ա. Պարանյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը հողի հարկի եւ գույքահարկի պարտքի համար բազմիցս զանգահարել է «Արտֆուդի» ղեկավարներին, սակայն այդ հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Այրում համայնքի ղեկավարն այդ հարցով դիմել է նաեւ Այրումի պահածոների գործարանի նախկին տնօրեն Արմեն Սահակյանին, ով այժմ պահածոների գործարանի աշխատակից է, սակայն նա պատասխանել է, որ ինքն իրավասու չէ խնդիրը լուծելու: Ի դեպ, երբեմնի արդյունաբերական հսկա Այրումի պահածոների գործարանը երկար ժամանակ է, ինչ պարապուրդի է մատնված:

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԱՂՏՈՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից շրջակա միջավայրը` Դեբեդ գետը, մթնոլորտը աղտոտելու համար 2017 թվականին Տավուշի մարզի համայնքներին նախատեսված է հատկացնել շուրջ 7 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի ստորագրած պատասխանից տեղեկանում ենք. «ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017թ. նոյեմբերի 17-ի դրությամբ Տավուշի մարզի Այրում համայնքին սուբվենցիա է տրամադրել 1 մլն 771.7 հազար դրամ, մինչեւ տարեվերջ կտրամադրվի եւս 2 մլն 118.3 հազար դրամ: Նոյեմբերյան համայնքին տրամադրվել է 1 մլն 832.4 հազար դրամ, Կողբ համայնքին տրամադրվել է 509.8 հազար դրամ»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս