Երևանյան թատրոններն ինչպե՞ս են դիմավորելու Ամանորն ու ի՞նչ անակնկալներ են պատրաստում

Մի քանի օրից արդեն Ամանոր է, եւ շատերս մտածում ենք մեր եւ մեր երեխաների ժամանցը կազմակերպելու մասին: Այս օրերին մանկական սրճարաններ, խաղային հրապարակներ այցելելուց բացի` ծնողները ցանկանում են նաեւ երեխաներին մոտեցնել արվեստին: Եվ էլ ո՞ր միջավայրում կարող է նրանց նման հնարավորություն ընձեռվել, եթե ոչ թատրոններում: Իսկ ամանորյա ի՞նչ ծրագրեր են պատրաստում երեւանյան թատրոնները, եւ ի՞նչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում է իրականացրել` ստանալու համար այս հարցերի պատասխանները:

Այսպիսով` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ին կլինի նոր մանկական ներկայացման պրեմիերա, այն կոչվում է «Սառցե սիրտը»: Բեմադրիչը Լիլի Էլբակյանն է, նկարչական ձեւավորումն արել է Գարիկ Եվանգուլյանը: «Ներկայացում-մյուզիքլը հանդիսատեսի դատին կհանձնվի ոչ միայն տոնական օրերին, այլեւ ավելի ուշ այն կներառվի թատրոնի խաղացանկում»,- «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Ի դեպ, «Սառցե սիրտը» բեմադրվելու է համանուն մուլտֆիլմի մոտիվներով: Իհարկե, ներկայացման մեջ կլինեն որոշակի փոփոխություններ, հավելումներ: Բեմադրության մեջ ընդգրկված է շուրջ 20 դերասան:

Իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, օրինակ, դեկտեմբերի 23-ին կկայանա Ղազարոս Աղայանի հեղինակած «Եդեմական ծաղիկը» հեքիաթի հիման վրա ներկայացման պրեմիերան: «Ռեժիսորը Անուշ Սարգսյանն է. հենց նա է հեքիաթը վերածել պիեսի: Սա մանկական ներկայացում է»,-պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում էլ դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ը փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի ջրահարս Արիելի մասին ներկայացում, որը կփոխանցի ուրախ, վառ տրամադրություն: Թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը տեղեկացրեց, որ ներկայացումը թատրոնում խաղալու են օրական 4 անգամ. «Այն բեմադրվել է Արիելի մասին պատմող մուլտֆիլմի մոտիվներով: Ներկայացման շրջանակում ընդգրկված է շուրջ տասը հոգանոց դերասանական կազմ»,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք ինքն էլ է խաղալու այդ ներկայացման մեջ, դերասանուհին պատասխանեց. «Ո՛չ, վաղուց է, ինչ ամանորյա ներկայացումներում ընդգրկված չեմ լինում. կա՛մ մեկնած եմ լինում հանգստի, կա՛մ էլ այլ նախագծերի շրջանակում եմ աշխատում»:

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում եւս փոքրիկներին սպասվում է անակնկալ: Թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 16-29-ը եւ հունվարի 3-7-ը փոքրիկ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու «Ո՞վ է գողացել նվերները» ներկայացումը: Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է, նկարիչը` Կարինե Օնանյանը: Երաժշտական ներկայացման պարային հատվածը բեմադրել է Աիդա Սիմոնը: Ներկայացումը, որի շուրջ հավաքված է թատրոնի դերասանական ողջ անձնակազմը` 26-27 հոգի, խաղալու են օրական 4 անգամ:

«Հնարավոր է` այս ներկայացումը հունվարի 7-ից հետո էլ խաղանք, քանի որ տոմսերի վաճառքից արդեն զգում ենք, որ այն պահանջարկ ունի: Ասեմ, որ թատրոնում այժմ ջերմ տրամադրություն է տիրում, բոլորս սպասում ենք Ամանորին»,-ասաց նա:

Հարցին, թե օրական 4 ներկայացում խաղալը արդյո՞ք շատ չէ, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Մենք հիմա խաղում ենք օրական 7 ներկայացում եւ խաղում ենք ստիպված, քանի որ թատրոնի ֆինանսավորումը ամեն տարի կրճատվում է, եւ մենք ստիպված ենք բյուջեն համալրել ինքներս: Չնայած, պետք է խոստովանեմ, որ այդ տեմպը բացասաբար է ազդում ներկայացումների որակի վրա»:

Ամանորյա թոհուբոհից հերթական տարին է` դուրս է մնում Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, քանի որ, ինչպես հայտնի է, այն չունի իր սեփական շենքը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով` իրենք երբեք ամանորյա միջոցառում չեն ունեցել խաղացանկում. «Այս օրերին դահլիճները գերծանրաբեռնված են, մեզ ո՞վ պետք է դահլիճ տա: Յուրաքանչյուրն իր համար աշխատում է: Այնուամենայնիվ, մենք միշտ էլ ունեցել ենք ամանորյա ներկայացումներ բեմադրելու գաղափարներ, մտածում ենք, օրինակ, երբ շենք ունենանք, անպայման բեմադրելու ենք «Շելկունչիկը». դա կլինի, այսպես ասած, մնջախաղ-հեքիաթ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան