Կոտայքի բաժնում քննիչը բռնության գործադրմամբ խոստովանական ցուցմունք է կորզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա:

Այսպես, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Պողոսյանը 17.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի մայիսի սկզբներին` ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի վարչական շենքում, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչն իր նկատմամբ բռնություն է գործադրել` մի քանի անգամ հարվածել է գլխին և հարկադրել խոստովանական ցուցմունք տալ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մի շարք առանձնատներից կատարված գողությունների վերաբերյալ:

Ըստ Կ. Պողոսյանի` քննիչն այդ կերպ իրենից պահանջել է նշել, որ նշված գողությունները կատարել է առանց նույն գյուղի բնակիչ Վ. Սահակյանի մասնակցության` սպառնալով, որ հակառակ դեպքում դատարանի կողմից ավելի խիստ կպատժվի: Արդյունքում` բռնության և սպառնալիքների ներքո, Կ. Պողոսյանը խոստովանական ցուցմունքներ է տվել, թե, իբր, իրեն մեղսագրվող գողությունները միայնակ է կատարել:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ խոստովանական ցուցմունքներ ստանալու` խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս