Հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ. վարչապետը կտրուկ դրեց հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում։

Վերջերս հայտնի դարձավ, որ գյուղացիները միլիոնավոր դրամներ են պարտք մատակարարներին: Արդյունքում նշված ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ մի շարք մարզպետարանների, քանի որ պարարտանյութը մարզային իշխանությունների միջոցով է բաշխվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշել է գյուղացիների այդ պարտքերը զիջել: Խոսքը 807 մլն 303 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պարտքը ներելու խնդրանքով գյուղատնտեսության նախարարությունը դիմել է կառավարությանը:

Այդ իսկ պատճառով կառավարությունը երեկորոշեց ներել նաեւ տուժած մարզերի հողօգտագործողների սերմացուների դիմաց կուտակած պարտքերը: Մարզերում կարկտահարություններից, ցրտահարություններից եւ սելավներից տուժել են մի շարք գյուղեր, ինչի արդյունքում մեծ քանակությամբ հողօգտագործողներ հայտնվել են ծանր կացության մեջ։

Նշենք, որ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011-2016 թվականների աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացուի պարտքը կազմում է 642 մլն 48 հազար դրամ: Իսկ ահա պարարտանյութերինը`165 մլն 255 հազար դրամ:

Ինչպես հայտնի է` ազոտական պարարտանյութ գյուղացիները գնել են «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» եւ «Հրաշք այգի» ընկերություններից: «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»-ի պարտքը կազմում է 163 մլն 143 հազար դրամ, իսկ «Հրաշք այգի»-ինը`2 մլն 112 հազար դրամ:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացիներին նախազգուշացրեց. «Ֆիքսում ենք, որ այսուհետ մաքուր էջից ենք իրենց հետ հարաբերվում: Ֆսյո, բացառվում ա, որ երբեւիցե մենք գանք մի վիճակի, որ զիջում ենք: Էլ կուտակում չի առաջանում, ներում չի ըլնի, բանաձեւը փոխել ենք»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս